Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶԱՆՈՒՄ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 07,2006 00:00

Այդպես
է Անահիտ Բախշյանը մեկնաբանում 21-ի մեղադրանքները Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ Թիվ
27 դպրոցի տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն
անհանգստացած է վերջերս Հ1-ով տարածված այն լուրերից, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝
Արմինե Հովհաննիսյանն իր «Պատանեկան նվաճումներ» հ/կ-ի գումարները ծախսում է ամուսնու
քաղաքական կարիերայի վրա: «Ես նույնպես ուզում եմ պաշտպանել «Պատանեկան նվաճումներին»
Հ1-ից եւ նրա հետեւում կանգնած ուժերից»,- ասում է տիկին Բախշյանը՝ անդրադառնալով
մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդրին: «Քաղաքացիական հասարակությանը
հասնելու այլ ճանապարհ, քան կրթությունը՝ չկա: Ժողովրդավարացման գործընթացը պետք
է սկսվի ժողովրդավարական արժեքները, օրինակ ազնվությունը, օրինապահությունը, կարգապահությունը
քարոզելուց, արժեւորելուց: Սակայն, ըստ էության, այսօր մեր երկրում շատ քիչ պաշտոնյա
է դրանց կրողը, հետեւաբար չկա քարոզողը: Փոխարենը մեզանում արժեւորվում են ստորաքարշությունը,
շողոքորթությունը, ավելի ուժեղին, վերեւներում կանգնածներին ծառայելու անհագուրդ
ցանկությունը: Իսկ ինչո՞ւ են արժեւորվում այդ հատկանիշները, որովհետեւ մարդկանց աշխատանքի
են ընդունում, դիրք են ապահովում հիմնականում այն դեպքում, եթե այդ հատկանիշներով
են օժտված: Իսկ այդպիսի բնութագիր ունեցող մարդիկ չեն կարող ստեղծել քաղաքացիական
հասարակությունը»: Ուրեմն ինչպե՞ս պետք է իրականացվի արժեքների վերագնահատումը: Ուսումնական
պլանում 8-10-րդ դասարանցիներն այսօր ունեն պարտադիր առարկայաշար՝ «Քաղաքացիական
կրթություն», «Մարդու իրավունք» եւ «Պետություն եւ իրավունք», որը, ըստ տիկին Բախշյանի,
հենց հասարակության մեջ վերաարժեւորում մտցնելու բանալին է: Այդ առարկայաշարի շնորհիվ
մեր աշակերտները պիտի դառնան վաղվա ճիշտ, օրինապահ եւ արժանապատվություն ունեցող
քաղաքացիները: Իսկ այսօր քչերը թերեւս գիտեն, որ «Քաղաքացիական կրթությունը» դպրոց
բերելու գաղափարը, սկզբում հանրապետության 500 դպրոցներում փորձարկելը, այդ դպրոցներին
դասագրքերով ապահովելը հենց «Պատանեկան նվաճումներինն» է, որի նախագահն ի սկզբանե
Արմինե Հովհաննիսյանն է: Այդ կրթությունն իրականացնող 3600 ուսուցիչներին վերապատրաստել
է նույնպես այդ կազմակերպությունը, որոնք ի պաշտոնե պետք է դառնան մեր երկրում քաղաքացիական
հասարակության կայացման պատասխանատուները եւ նրանցից շատերն իսկապես ծառայում են
իրենց կոչմանը: «Այդ գաղափարը Հայաստան բերողներին-տարածողներին ուրանալու ու ապերախտ
վերաբերմունքով պատասխանելու վարքագիծը իմ եւ իմ շատ գործընկերների մեջ ընդվզում
է առաջացրել»,- ասում է Ա. Բախշյանը: Նա հիշեցնում է Հ1-ի տարածած այն տեղեկատվությունը,
թե իբր «Պատանեկան նվաճումների» հայաստանյան գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահ
Ջեկ Բերբերյանը վրդովվել է, որ իր հայթայթած գումարները Արմինե Հովհաննիսյանը ծառայեցնում
է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական նպատակների համար: Այդ լրատվությունը «Նա (Ջեկ Բերբերյանը-
Հ. Բ.) «Ազգ» թերթում հերքեց՝ նշելով, որ այդ կազմակերպությունը ֆինանսավորում է
ԱՄՆ կառավարությունը եւ 4 տարբեր կազմակերպություններ վերահսկում են ֆինանսները,
բայց Հ1-ը հերքումը չտվեց, ավելին Հանրայինի տնօրեն Ալեքսան Հարությունյանն էլ իր
վերջին ասուլիսում ասաց, որ թող Րաֆֆի Հովհաննիսյանը դատի տա մեզ: Ի՞նչ կապ ունի
Րաֆֆի Հովհաննիսյանն այդ կազմակերպության հետ: Այնքանով, որքանով Արմինե Հովհաննիսյանի
ամուսի՞նն է եւ Ա. Հարությունյանն առանց ամոթ զգալու պնդեց, թե որեւէ քաղաքական ենթատեքստ
չի տեսնում այս ամենի մեջ»: Իսկ ինչո՞ւ կազմակերպությո՛ւնը դատի չի տալիս Հ1-ին:
Ա. Բախշյանը գտնում է, որ այս երկրում անիմաստ է խոսել դատարանների արդար վճռի մասին:
«Իսկ ինչո՞ւ նույն մարդիկ չեն տեսնում, որ այսօր տնօրենների մի ստվար զանգված
«Օրինաց երկրի» անդամ է: Եվ որ այդ տնօրեններն իրենց ուսուցիչներին հավաքագրում են
այդ կուսակցություն: Ես էլ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ եմ, բայց
իմ կոլեկտիվից ընդամենը մի հոգի է այդ կուսակցության անդամ, չնայած ունենք շատ համախոհներ.
կամավորության սկզբունքը պետք է լինի գերակա: Ինչո՞ւ սա որեւէ խոսակցության առարկա
չի դառնում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել