Կամ, թե ինչ եղավ, երբ ստացականից մեկ թիվ պակասեց
Երեւանի բնակիչ Հմայակ Բաբայանի հետ կատարվածին անդրադառնում ենք՝ որպես նախազգուշացում այն քաղաքացիներին, որոնք տան առուվաճառքով զբաղվելիս կարող է թյուրիմացաբար վստահեն գնորդի կամ վաճառողի խոսքին՝ արդյունքում հայտնվելով դատական քաշքշուկի մեջ:
2003-ի մայիսին Հ. Բաբայանը պատահական գնորդ Նիկիտա Բաղդասարյանին է վաճառել Ն. Շենգավիթի 11 փողոց 2-րդ նրբանցք 56 հասցեի իր տան կեսը կամ՝ 97 քմ-ն: Վաճառողը գնորդին տալիս է ստացական այն մասին, որ նրանից ստացել է 2000 դոլար կանխավճար, բայց ստացականի մեջ չի նշում վաճառված տան ամբողջական գինը՝ 12000 դոլար: Հենց այս հանգամանքն էլ դառնում է գնորդ Բաղդասարյանի համար շահարկման առարկա: «Մեր թաղամասում գրեթե ոչ մեկը իր տան համար սեփականության վկայական չի ստացել, պապական եկած տներ են, չենք էլ մտածել այդ մասին: Մենք էլ գրանցված էինք, բայց վկայական չունեինք: Վաճառքի ժամանակ գնորդի հետ պայմանավորվեցինք՝ տան լրիվ գումարը տա, որ ես կարողանամ վկայականի ծախսերը հոգամ ու նոտարով ձեւակերպեմ իրենց բաժինը: Համաձայնեց, ես էլ թույլ տվեցի՝ մինչ այդ գա-տեղավորվի իր բաժին բնակարանում: Բայց կանխավճարից բացի է՛լ գումար չտեսանք: Նախ ձգձգում էր, թե՝ սեփականաշնորհելուց հետո կտա, իսկ երբ վկայականը ստացա՝ հայտարարեց, թե տունն այդքան չարժի ու մենք էլ 5000 դոլարով ենք պայմանավորվել, ոչ թե՝ 12 հազարով: Ստիպված էի դիմել դատարան, որ նրան իմ սեփականությունից վտարեն՝ իր տված կանխավճարով հանդերձ»,- հակիրճ ներկայացրեց խմբագրություն դիմած Հ. Բաբայանը:
Դատական գործընթացն սկսվել է 2005 է թվականի հունիսին: Շենգավիթի 1-ին ատյանի դատարանը հայցը բավարարել է, գտնելով, որ գործում բացակայում է առուվաճառքի գրավոր պայմանագիր եւ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: Ի տարբերություն 1-ին ատյանի իր գործընկերոջ, վերաքննիչի դատավոր Լ. Գրիգորյանը գտել է, որ թերի տվյալներով ստացականը կարող է դիտարկվել որպես ներքին առուվաճառքի պայմանագիր եւ փորձաքննությամբ գնահատելով վիճահարույց տարածքը՝ վճռել է, որ Ն. Բաղդասարյանը պետք է վճարի եւս 1976000 դրամ կամ՝ մոտ 4,5 հազար դոլար եւ դրանից հետո կարող է ստանալ նաեւ տան սեփականության իրավունքի վկայական: «Փորձագետները վաճառված տարածքի 24 քմ-ն չեն հաշվել, մենք սկզբում ուշադրություն չդարձրինք դրան, որովհետեւ վտարման պահանջն էինք վիճարկում, ոչ թե՝ մակերեսի: Բացի այդ՝ եղածի արժեքն էլ հաշվել են 2003-ի գներով, իսկ իմ գույքն այժմ կրկնակի թանկացել է, օրենքով պետք է վճարեն այսօրվա արժեքով: Դատարանը փաստաբանիս այս միջնորդությունը ընդունեց: Զարմանալի է, բայց վճռի մեջ դա չերեւաց»,- դատավորի խաղերից գլուխ չէր հանում մեր այցելուն:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ