Այս
հրապարակմամբ ավարտում ենք Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները
ներկայացնելը: Առաջիկայում կփորձենք մեկնաբանություններ ստանալ այս փաստաթղթի վերաբերյալ:
Սփյուռք «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովումն
ունի մեկ յուրահատկություն, որը բնորոշ է եզակի պետությունների: Դա Հայոց սփյուռքի
առկայությունն է»,- զինված ուժերի հրամանատարական կազմին 2005-ի փետրվարին ներկայացնելով
այս փաստաթուղթը՝ ասել էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը: Սփյուռքի առանձնահատուկ դերը Հայաստանի անվտանգության ապահովման
գործում բացատրվել էր այսպես՝ այն յուրօրինակ կամուրջ է Հայաստանի եւ միջազգային
հանրության միջեւ. «Համահայկական կազմակերպությունները, որոնք գործում են տարբեր
հասարակական-քաղաքական բնագավառներում, մեծապես նպաստում են Հայաստանի միջազգային
ինտեգրմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, եւ այդ արժեքները ՀՀ են ներկրվում
նաեւ Սփյուռքի միջոցով»: Նշված է նաեւ, թե հայ ժողովրդի անվտանգության խնդիր
է համահայկական ինտեգրման ռազմավարությունը. «Այն ուղղված է Սփյուռքի ազգամշակութային
ինքնության կորստյան եւ ուծացման կանխմանը՝ մի կողմից, եւ Հայաստանից արտագաղթի չեզոքացմանը՝
մյուս կողմից: Կան այս երկու վտանգներին հակազդեցության տարբեր միջոցներ, ինչպիսին,
ասենք, երկքաղաքացիությունն է»: Պաշտպանական բարեփոխումներ Ըստ ՊՆ
նախարարի՝ «Հայաստանի կայուն զարգացման ապահովման գործում գերակա առաջնահերթություն
է դառնում ռազմական անվտանգության ապահովումը: Ի տարբերություն մյուս առաջնահերթությունների,
որոնք առավելապես բխում են մեր ազգի ինքնության պահպանման ու զարգացման բնական շահերից,
հզոր զինված ուժեր ունենալը պարտադրված առաջնահերթություն է»: Նշված է նաեւ, թե ռազմական
անվտանգության ապահովման, զինված ուժերի մարտունակության ամրապնդման ամենաարդյունավետ
ուղին են ռազմական ինտեգրումն ու նպատակային բարեփոխումները. «Սակայն անմիջական ռազմական
սպառնալիքի պայմաններում այդ մարտավարությունը պահանջում է մեծ զգուշավորություն:
Թե՛ ինտեգրումը, թե՛ բարեփոխումները պետք է ծառայեցվեն ռազմական անվտանգության ռեսուրսների
զարգացման այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը»: Սերժ Սարգսյանը նշել է,
թե հետեւելով փոխլրացման սկզբունքին՝ «ակտիվորեն մասնակցելով Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպության շրջանակներում իրականացվող ռազմաքաղաքական ինտեգրման
գործընթացներին՝ Հայաստանը ռազմավարական համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի
հետ, ինչը բնավ չի խանգարում, որ կառուցողական համագործակցություն զարգացվի նաեւ
ՆԱՏՕ-ի հետ: Այսօր ԱՄՆ-ի հետ իրագործվում են մի շարք ծրագրեր, եւ միաժամանակ անվտանգության
բնագավառում խորհրդակցություններ են անցկացվում Իրանի հետ»: Ռազմավարության
գերակայությունները Սա ազգային անվտանգության հայեցակարգի համար հիմք ընդունված
այս փաստաթղթի ամփոփիչ բաժինն է: Ուրեմն, որո՞նք են այն անելիքներն ու խնդիրները,
որոնք որպես գերակայություններ առկա են ազգային անվտանգության ապահովման օրակարգում:
Արտաքին անվտանգության ապահովման բնագավառում գերակայությունների շարքում
են՝ «բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ բազմերաշխիք ու
հավասարակշռված հարաբերությունների կառուցում», «Հայաստանի ազգային անվտանգության
շահերի առաջադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող բոլոր միջազգային
կազմակերպություններում ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», համագործակցություն
միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման
բնագավառում, «ակտիվ մասնակցություն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ծրագրերին,
Հայաստանի կենսական ու ռազմավարական շահերի դեմ եւ Հայաստանի շուրջ միջազգային բացասական
կարծիքի ձեւավորմանն ուղղված թշնամական պետությունների ապատեղեկատվությանը հակազդման
արդյունավետ համակարգի ստեղծում»: Ներքին անվտանգության ապահովման բնագավառում
գերակայություններից են՝ Հայաստանի բնակչության «ֆիզիկական անվտանգության, տարածքային
ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովում, աղքատության հաղթահարում», մանր
եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ՝ էներգետիկայի եւ գիտատար արդյունաբերության ոլորտներում
ակտիվ ներդրումային քաղաքականության խրախուսում, առաջատար տեխնոլոգիաների զարգացման
ապահովում, երկրում բնապաշտպանական իրավիճակի արմատական բարելավում, տեղեկատվական
անվտանգության մեխանիզմների մշակում եւ իրականացում, «օտարերկրյա լրտեսական գործակալությունների,
հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեության դեմ հետեւողական պայքարի իրականացում»:
Ներքին անվտանգության ոլորտում այս հայեցակարգում վերստին է կարեւորվում ժողովրդավարացման,
կայուն զարգացման ապահովման ասպարեզը՝ «մարդու եւ քաղաքացու անձնական անվտանգության,
նրա սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ապահովում, պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մեխանիզմների եւ օրենսդրության կատարելագործում, հետեւողական
պայքար կոռուպցիայի դեմ»: Գերակայություն է նաեւ «հասարակության սոցիալ-քաղաքական
կայունության ապահովումը, օրենքի առջեւ ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ պաշտոնատար
անձանց, պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների, հասարակական ու կրոնական
կազմակերպությունների հավասարության» ապահովումը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ