Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Մարտ 04,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՃԵՊԸՆԹԱՑ – Էլի եմ ասում. առանց քեզ մեր ռեստորան գնալը հեչ իմաստ չունի,- ասաց Շերենցը:- Ուրեմն, էսքան իզուր ե՞նք խնդրում, ա՛յ, Լեւոն: – Իհա՛րկե իզուր եք խնդրում,- ասաց Ներսիսյանը:- Ես ընդհանրապես նազուտուզ անել չեմ սիրում ու նաեւ չեմ սիրում, որ ինձ խնդրում են: Ե՛ս ձեզ պիտի խնդրեմ, որ հետս սեղան նստեք: – Այսինքն՝ համաձա՞յն ես,- ժպտաց Շերենցը: – Ես առավոտյան կզանգահարեմ այդ մարդուն եւ այդ հանդիպումը կհետաձգեմ,- ասաց Ներսիսյանը: – Էդ արդեն էղավ հայերեն,- ժպտաց Շերենցը: – Լեւո՛ն ջան, ուզում ես՝ էդ մարդուն էլ հետդ բեր,- ասաց Ֆրունզիկը: – Այդ մարդը շատ հացուպանիր պիտի ուտի, որ ձեզ հետ սեղան նստելու պատվին արժանանա,- ասաց Ներսիսյանը: – Լեւոնը ճիշտ ա ասում, Ֆրո՛ւնզ,- ասաց Շերենցը:- Էսքանս հերիք ենք. որ սեղանին ավելորդ մարդ ա ըլնում՝ սիրտս մի տեսակ նեղվում ա: – Մենք թույլ չենք տա, որ քո սիրտը նեղվի,- ասաց Ներսիսյանը: – Ուրեմն՝ պայմանավորվեցինք. վաղը յոթին՝ «Արարատի» դռանը,- ասաց Ֆրունզիկը: – Հենց մուտքի մոտ,- ասաց Ներսիսյանը: – Հա,- ասաց Ֆրունզիկը:- Եթե հանկարծ մեկդ ուշանա՝ թող միանգամից իջնի պադվալ: – Չենք ուշանա,- ասաց Ներսիսյանը: – Մերսի, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը: – Ի՞նչ մերսի,- զարմացավ Ներսիսյանը.- Մհերի՛ն պիտի շնորհակալություն ասես. ի՛նքն է հրավիրում: Եվ վերջապես՝ ի՛նքն է թոռնիկիդ հարցով զանգահարել: – Ես է՛ն իմաստով եմ քեզ մերսի ասում, որ էդքան զբաղված մարդ ես, բայց մեր հետ սեղան նստելու ժամանակ ես գտնում,- ասաց Շերենցը: – Ես ե՞մ զբաղված մարդ,- ծիծաղեց Ներսիսյանը: – Ինչի՞ ես ծիծաղում, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը.- ինչքան չըլնի՝ դասախոս մարդ ես, հազար ու մի գիրք ես կարդում. էդ գիրք կարդալն ահագին ժամանակ ա, չէ՞, խլում: – Արդեն չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ գիրք կարդացել,- ասաց Ներսիսյանը: – Բայց ժամանակին շատ ես կարդացել, չէ՞,- ասաց Շերենցը: – Քիչ չեմ կարդացել,- ժպտաց Ներսիսյանը: – Ուզում եմ ասեմ՝ մեր պես պարապ մարդ չես,- ասաց Շերենցը: – Առաջ չգիտեմ, բայց հիմա երեւի ինձանից ավելի պարապ մարդ չկա,- ասաց Ներսիսյանն ու ավելացրեց.- ուրեմն՝ վաղը յոթին ռեստորանի մուտքի մոտ: – Հա, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը: – Մինչ վաղը,- ասաց Ներսիսյանը: – Հաջո՛ղ, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը: – Հաջողություն,- ասացի ես: – Բարի գիշեր, Լեւո՛ն ջան: Վաղը, ուրեմն, կտեսնվենք,- ասաց Շերենցը: – Բարի գիշեր,- ասաց Ներսիսյանն ու գնաց: – Լեւոնին ենք համոզում, բայց հիմա հիշեցի, որ վաղը փորձի եմ,- ասաց Ֆրունզիկը՝ ավտոմեքենան տեղից պոկելով: – Ի՞նչ փորձ, ա՛յ Ֆրունզ,- զարմացավ Շերենցը:- Լեւոնին հազիվ համոզեցինք. հիմի էլ քե՞զ համոզենք: – Ինձ համոզելու կարիք չկա,- ասաց Ֆրունզիկը.- ճիշտը որ ուզում ես իմանաս՝ ինձ առիթ ա պետք, որ փորձի չգնամ: – Առանց քեզ յոլա կգնա՞ն,- հարցրեց Շերենցը: – Էն էլ ո՜նց,- ասաց Ֆրունզիկը.- երանի են տալիս, որ ոտս թատրոն չմտնի: – Մեծերը մեռան՝ էդ թատրոնը լրիվ ձեռից գնաց,- ասաց Շերենցը: – Բնության մեջ ամեն ինչ էլ վերջ ա ունենում,- ասաց Ֆրունզիկը: – Ուզում ես ասես՝ էդ թատրոնի վերջն էկել ա՞,- հարցրեց Շերենցը.- մեռնում ա՞: – Մեռնելը մեռնում ա, բայց վատն էն ա, որ իրա բնական մահով չի մեռնում,- ասաց Ֆրունզիկը.- փաստորեն, սպանում են: – Ասա՝ սպանում ենք,- ասաց Շերենցը.- դու է՛լ ես, չէ՞, էդ թատրոնի անդամ: – Ես ոչ մի կապ չունեմ,- ասաց Ֆրունզիկը: – Ո՞նց կապ չունես. դու էդ թատրոնի դերասան չե՞ս,- ասաց Շերենցը: – Դերասանը դերասան եմ, բայց ես սպանողներից չեմ,- ասաց Ֆրունզիկը.- ես ավելի շուտ սպանվո՛ղն եմ: – Որ քեզ սպպանում եմ՝ չպիտի՞ պաշտպանվես,- հարցրեց Շերենցը: – Իրանց թվում ա, թե ինձ են սպանում, բայց իրականում իրանք իրա՛նց են սպանում. իրանց ձեռով իրանց տունը քանդում են,- ասաց Ֆրունզիկը: – Բա նոր ասում էիր՝ քե՛զ են սպանում,- ասաց Շերենցը: – Իրանց թվում ա, թե ինձ են սպանում, բայց իրականում իրանք իրանց են սպանում, որովհետեւ էսօրվա դրությամբ էդ թատրոնն իրա՛նք են: – Բա դու թատրոն չե՞ս,- հարցրեց Շերենցը: – Թատրոնը մեծամասնությունն ա,- ասաց Ֆրունզիկը: – Բա Աճեմյա՞նն ինչ ա ասում,- հարցրեց Շերենցը: – Ի՞նչ պիտի ասի. ինքն է՛լ ա դրանց ձեռը շիվարել,- ասաց Ֆրունզիկը:- Ինքը Հրաչյա Ներսիսյան ու Փափազ ա ղեկավարել, բայց էս միջակությունների վրա ուժը չպատեց: Հետաքրքիր ա, չէ՞: – Ես էլ գիտեի՝ ինքը ուժեղ մարդ ա,- ասաց Շերենցը: – Էդ միջակություններից մեկնումեկի մազոլը որ տրորի՝ իրան հում-հում կուտեն,- ասաց Ֆրունզիկը: – Ես էլ գիտեի՝ ինքը հզոր մարդ ա,- ասաց Շերենցը: – Էնքանով ա հզոր, որ իմ էս ասածներն ինքն է՛լ ա լավ հասկանում. հասկանում ա, որ էդ միջակությունները շատ լուրջ ուժ են: – Այսինքն, ինքն էլ ա՞ քո դեմ,- հարցրեց Շերենցը: – Ինքը որ իմ դեմ ըլներ, ես հիմի էդ թատրոնում չէի ըլնի,- ասաց Ֆրունզիկը: – Այսինքն, ինքը քեզ գնահատում ա, չէ՞,- հարցրեց Շերենցը: – Գնահատելը հաստատ գնահատում ա, բայց շատ չի գնահատում, որ էդ կազյոլները շատ չկատաղեն,- ասաց Ֆրունզիկը:- Ինքը փշի-փշի անելով՝ դրանց համոզում ա, որ ես է՛լ եմ որոշ չափով դերասան ու էդ թատրոնին մի քիչ պետք եմ: Համ էլ՝ ինքը դրանց հավեսն արդեն չունի: Տարիքն առել ա. մի օր առողջ ա, մի քանի օր՝ հիվանդ: – Երեւի դրանց էրեսից էլ հիվանդանում ա,- ասաց Շերենցը: – Չգիտեմ՝ ում էրեսից ա հիվանդանում,- ասաց Ֆրունզիկը:- Մենք էս տարիքում որ օրումեջ հիվանդանում ենք, ինքը չի հիվանդանա՞: – Դու դրանց հետ դժվար թե երկար քաշես,- ասաց Շերենցը:- Քեզ գիտեմ. ուշ թե շուտ էդ թատրոնից դուրս կգաս: – Կինոն որ չըլներ՝ ոտով-գլխով կորած էի,- աաց Ֆրունզիկը.- կինոն որ կա՝ ուշ-ուշ եմ թատրոն ոտ դնում: – Այսինքն, ձեռներդ լվացել ես,- ասաց Շերենցը.- թատրոնը լրիվ թողել ես էդ կազյոլներին: – Քեզ քանի՞ անգամ բացատրեմ, որ թատրոնն իրանցն ա,- ասաց Ֆրունզիկը.- ավելի ճիշտ՝ թատրոնն իրա՛նք են: – Այսինքն՝ թողելու եք, որ թատրոնն սպանե՞ն,- հարցրեց Շերենցը: – Իրանք իրանց են սպանում,- ասաց Ֆրունզիկը.- փաստորեն, ինքնասպանություն են գործում: – Դուք էլ կողքից նայում եք,- ասաց Շերենցը: – Մարդը որ ուզում ա ինքնասպանություն գործի՝ չպիտի՛ խանգարես,- ասաց Ֆրունզիկը.- որ էդ պահին հանկարծ ձեռը բռնես՝ իրա դուշմանն ես դառնում: – Բա վերջն ի՞նչ ա ըլնելու,- հարցրեց Շերենցը: – Չգիտեմ,- ասաց Ֆրունզիկը:- Որ էդքան շատ ես դարդ անում, արի ընդունվի Սունդուկյան՝ էդ թատրոնը փրկի: – Էս տարիքիս նոր-նոր Սունդուկյան ընդունվե՞մ,- ասաց Շերենցը: – Էնտեղ մեծ մասը քեզանից տարիքով են,- ասաց Ֆրունզիկը.- բայց Փափազի ու Հրաչի մեռնելուց հետո շատ են ջահելացել ու աշխուժացել: – Ճիշտ ես ասում,- ասաց Շերենցը.- էնտեղ ինձանից տարիքով ահագին մարդիկ կան: – Հիմի ի՞նչ ես ասում՝ Աճեմյանի հետ խոսա՞մ,- շրջվեց ու ժպտաց Ֆրունզիկը.- Սունդուկյան կգա՞ս: – Ձեռ ե՞ս առնում, ա՛յ Ֆրունզ,- ասաց Շերենցը.- հազիվ եմ թատրոնից պրծել: – Թատրոնից պրծում չկա,- ասաց Ֆրունզիկը՝ անսպասելի արգելակելով մեքենան: Արգելակումն այնքան հանկարծակի ու կտրուկ էր, որ ես ու Շերենցն ահավոր ցնցվեցինք: Բարեբախտաբար, Ֆրունզիկը ճիշտ ժամանակին սեղմեց ավտոմեքենայի արգելակը, այլապես դիմացի «Ժիգուլուց» բան չէր մնա: Մենք արդեն Գրողների տան մոտերքում էինք, եւ «Ժիգուլու» վարորդն աջ քաշեց ու կանգնեց, եւ դա նշան էր, որ մենք էլ պիտի նույնն անեինք, եւ երբ Ֆրունզիկն այդ արեց, «Ժիգուլուց» դուրս եկած երկու հաղթանդամ տղամարդիկ վճռական մոտեցան մեզ: – Կներեք, տղե՛րք ջան,- մեքենայից գլուխը հանելով՝ ասաց Ֆրունզիկը.- սխալս ընդունում եմ: Տղամարդկանցից առավել աժդահան Ֆրունզիկին անմիջապես ճանաչելով՝ միանգամից թեւաթափ եղավ: – Ղուրբանդ էղնինք, Ֆըռոնզ ջան,- ասաց առավել հաղթանդամը:- Դու ի՞նչըղ կրնաս սխալ էղնիս: – Պիտի դիստանցիան պահեի,- իր մեղքը խոստովանեց Ֆրունզիկը: – Տո ի՞նչ դիստանցիա, Ֆըռո՛նզ ջան,- ասաց պակաս հաղթանդամը:- Երանի չէր՝ զարգած էղնեիր. Լեննական գլուխներս կգովայինք, կըսեինք՝ Ֆըռո՛նզն ա մեր ավտոյին զարգե: Երբ ես ու Շերենցը մեքենայից դուրս եկանք, առավել հաղթանդամը Շերենցին տեսնելով՝ ասաց. – Օթելլո՛ն, Սերո՛ժ: – Հալե՛պը,- ասաց Սերոժը: – Բարեւ, տղե՛րք ջան,- ասաց Շերենցը: – Ղուրբանդ էղնինք,- Շերենցին ասաց առավել հաղթանդամը, հետո նայեց ինձ ու ավելացրեց.- ղուրբաննե՛րդ էղնինք: – Օնո՛,- ասաց Սերոժը,- Լեննական օր պատմենք՝ չեն հավատա: – Էրթանք իրար հետ թասըմ բան խմենք, Ֆըռոնզ ջան,- ասաց Օնոն: – Առանց էդ էլ խմած ենք, տղե՛րք ջան,- ասաց Ֆրունզիկը.- մի քիչ խմած եմ, դրա համար էս բանը պատահեց: – Օր ըդպես է, հենց ըստեղ՝ ոտի վրա թասըմ բան կխմենք ու կերթանք,- ասաց Օնոն ու ավելացրեց.- Վալո՛դ, էն արաղն ուրա՞ն է: – Հիմի բերեմ գը,- ասաց Վալոդը: – Բաժակները կարմանչիկի մե՛ջն են,- գոռաց Օնոն: – Էն հացն ու կալբասն էլ բերեմ, չէ՞,- հարցրեց Վալոդը: – Վիչինա՛ն բեր,- ասաց Օնոն: – Շտապում ենք, տղե՛րք ջան,- ասաց Ֆրունզիկը.- տե՛ղ ունենք գնալու: – Մենք ավելի վռազն ենք, Ֆըռո՛նզ ջան,- ասաց Օնոն.- մենք գիշերով հըլը Լեննական պիտի հասնինք: – Ուրեմն՝ հե՛չ չարժի, որ խմեք, տղե՛րք ջան,- ասաց Շերենցը: – Ես ու դու իրար հետ թասըմ պիտի խմենք, հորոխպե՛ր,- Շերենցին ասաց Օնոն: – Ես խմող չեմ, տղա՛ ջան,- ասաց Շերենցը: – Հենց էն նստարանին էլ կնստինք,- ասաց Օնոն՝ ցույց տալով ծառի տակի նստարանը: Էդ պահին Գրողների տան դուռը բացվեց եւ դուրս եկավ շենքի տարեց պահակը: – Էստեղ չի՛ կարելի հավաքվել,- ասաց պահակը: – Մի բաժակ բան ենք խմելու,- ասաց Ֆրունզիկը.- երկար չենք մնալու: – Էստեղ հարմար չի, ընկե՛ր Մկրտչյան,- ասաց պահակը.- ներս էկեք՝ իմ սենյակում նստեք: – Ներս էրթանք,- Օնոյին ասաց Ֆրունզիկը: – Մեռնի՛մ ակցենտիդ,- ասաց Օնոն: – Իմ սենյակը նեղվածք ա,- ինձ ու Շերենցին տեսնելով՝ ասաց պահակը.- ավելի ճիշտ կըլնի՝ մեծ սենյակի դուռը բացեմ՝ էնտեղ ազատ նստեք: Համ էլ՝ էնտեղ սեղան ու լիքը աթոռներ կան: – Երկար չենք մնալու,- ասաց Շերենցը: – Կապ չունի, ընկե՛ր Շերենց,- ասաց պահակը:- Ուզում եք երկար նստեք, ուզում եք՝ կարճ: – Չե՛նք նստելու,- ասաց Ֆրունզիկը.- ոտի վրա մի բաժակ բան ենք խմելու ու գնալու ենք: – Ի՞նչըղ ոտի վրա,- գոռաց Օնիկը.- ուզես գը Ասծո ղրգած էս հանդիպումը գլխառադ էնե՞ս: – Վռազինք գը,- իր գյումրեցի լինելը շեշտեց Ֆրունզիկը: – Մեռնի՜մ լեզվիդ,- ժպտաց Օնոն: Պահակը Գրողների տան փոքր դահլիճի դուռը բաց արեց, ու Վալոդն այնտեղ անմիջապես մի իսկական քեֆի սեղան գցեց, եւ մենք այնտեղ կես ժամի չափ նստեցինք, ու հիմնականում Ֆրունզիկն ու Օնոն էին խմում, իսկ ես ու Շերենցը շարունակում էինք գլուխ պահել, ու ես բաժակս չխկացնում ու ձեւական կպցնում էի բերանիս, որովհետեւ էդ տարի գլխացավերս վերսկսվել էին, ու ես հատկապես օղուց էի զգուշանում, ու Վալոդն էլ չէր խմում, որովհետեւ մինչեւ Լենինական ի՛նքն էր մեքենան վարելու, եւ Շերենցն էլ ժամանակ առ ժամանակ Գրողների տան պահակին բզում էր, որ պահակն էլ խմի ու էդպիսով Ֆրունզիկի բաժինը պակասեցնի, որովհետեւ օղու շիշը շատ դանդաղ էր դատարկվում, քանի որ յոթ հարյուր հիսուն գրամանոց էր: Բարեբախտաբար, պահակը շատ շուտ հասկացավ, որ Շերենցն իրեն ամենեւին էլ ձեւական չի բզում, ու Շերենցի հորդորներից ոգեւորվելով՝ խմելու իր ողջ ընդունակությունը հանդես բերեց, եւ շուտով երեքով շատ արագ դատարկեցին շիշը, եւ երբ Օնոն առաջարկեց եւս մի շիշ բերել, Ֆրունզիկն ու հատկապես պահակն առանձնապես դեմ չէին, եւ եթե Շերենցն աղմուկ-աղաղակ չբարձրացներ, մենք երեւի մինչեւ լույս Գրողների տանը կմնայինք: Ինչեւէ. Շերենցը ճղճղոցը գցեց, ու ես էդ օրը հասկացա, որ Շերենցը Ֆրունզիկի հանապազօրյա փրկիչն է, ու նաեւ հասկացա, որ Ֆրունզիկը խմիչքի առումով հլու-հնազանդ ենթարկվում է Շերենցի կարգադրություններին, ու հիմա նաեւ հասկանում եմ, որ երեւի Շերենցի էդ փրկիչ առաքելության ավարտն էր պատճառը, որ Շերենցի մահից հետո Ֆրունզիկն ընդամենը մի քանի օր կարողացավ ձգել իր երկրային ժամանակը, իսկ մինչ այդ՝ յոթանասունվեցի օգոստոսի վեցի էդ գիշեր, երբ Գրողների տան փոքր դահլիճում Շերենցը ճչաց՝ «դե՛ բավակա՛ն է, հարբեցո՞ղ եք, ինչ ա», Ֆրունզիկն անխոս ու հնազանդ գլուխը կախեց, եւ շփոթված Օնոն էլ անմիջապես հետ կանգնեց երկրորդ շշի գաղափարից, որովհետեւ Շերենցի էդ ծղրտոցն էնքան անսպասելի ու սարսափազդու էր, որ ներկաներիս ուղղակի ցնցեց, ու Շերենցի՝ գզգզված մազերով էդ տեսարանն իսկական թատերական ու շեքսպիրյան մի տեսարան էր, եւ էդ պահին անմենասարսափածը Վալոդի հայացքն էր, եւ ամենաթախծոտը պահակի հայացքն էր, եւ երբ Վալոդը պահակին հարցրեց՝ «էս սեղանը հավաքե՞մ, հորոխպեր», պահակը թախծոտ ասաց՝ «չէ՛, պետք չի», իսկ սեղանին ահագին ապխտած միս էր մնացել, ու զգացվում էր, որ Շերենցն իր էդ վայրի ու թռչնային կռինչով երկրորդ շշի հեռանկարը խափանելով՝ ամենից ուժեղ հենց պահակի՛ ոգեւորությանն ու տրամադրությանն էր խփել, ու առ էսօր աչքիս առաջ է տառապյալ հայացքն էդ պահակի, որի անունը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ դրանից մի թե երկու տարի անց Վարդգես Համազասպովիչն էդ պահակին խմելու պատճառո՛վ գործից ազատեց, իսկ մինչ այդ՝ յոթանասունվեցի օգոստոսի վեցի էդ գիշերային կռինչից հետո էդ անանուն ու անբախտ պահակն իր դժգոհ ու թախծոտ հայացքով վերջին անգամ անհույս նայեց մեզ ու առանց որեւէ բառ ասելու՝ Գրողների տան դուռն իր հուսահատ դեմքի վրա փակեց, եւ մեր ու Օնոյենց հրաժեշտն էլ առանձնապես տպավորիչ չստացվեց, որովհետեւ բոլորս էլ Շերենցի սահմռկեցուցիչ աղաղակից էինք տպավորված ու անակնկալի եկած, եւ իրենք իրե՛նց ճանապարհով անտրամադիր գնացին, ու մենք մե՛ր ճանապարհով պիտի գնայինք, բայց Ֆրունզիկը երերալով մի կերպ հասավ իր մեքենային ու ահագին ժամանակ գրպանի բանալիների խրձի մեջ իր մեքենայի բանալին էր փնտրում եւ երբ գտավ, ահագին ժամանակ էլ բանալու անցքն էր փնտրում, եւ երբ բանալու անցքն էլ գտավ, եւ երբ արդեն շարժվում էինք, մի կերպ բառերն արտաբերելով՝ Շերենցին ասաց. – Էդ ղժղժո՞ցդ խի դրիր, ա՛յ բիձա: – Ղժղժոցս որ չդնեի, էլի հիվանդանոց էիր ընկնելու,- փնթփնթաց Շերենցը:- Դու որ սկսում ես՝ վերջ չկա: Նույնիսկ մոռանում ես, որ ռույլի վրա ես: – Ես խմած ավելի՛ լավ եմ քշում,- ասաց Ֆրունզիկը:- Հիմի քեզ ու Արմենին ձեր տների մոտ կիջացնեմ, հետո հանգիստ կքշեմ մեր տուն: – Սկզբում Արմոյի՛ն իջացրու,- ասաց Շերենցը:- Ես մինչեւ իմ ձեռով քեզ քո տուն չմտցնեմ, մեր տուն չե՛մ գնա: – Էլի սկսեցի՞ր օյիններդ,- դժգոհեց Ֆրունզիկը: – Ի՞նչ օյիններ,- գոռաց Շերենցը:- Ուրիշ վախտ դո՛ւ ես ասում… – Ի՞նչ եմ ասում,- հարցրեց Ֆրունզիկը: – Ասում ես՝ որ չափս անցնեմ, ձեռս կբռնես՝ չթողե՛ս խմեմ,- ասաց Շերենցը: – Ուզում ես ասես՝ չափս անցել ե՞մ,- հարցրեց Ֆրունզիկը: – Ես բան չեմ ասում,- ասաց Շերենցը.- թող Արմո՛ն ասի: – Արմե՞ն,- շրջվեց ու ժպտաց Ֆրունզիկը.- էս բիձեն ի՞նչ ա ասում: – Եսիմ,- ասացի ես: – Քեզ ո՞ւր ենք իջացնում, Արմեն ջան,- հարցրեց Ֆրունզիկը: – Հենց էստեղ էլ կիջնեմ,- ասացի ես, երբ արդեն Ռադիոյի տան մոտերքում էինք.- համարյա հասել եմ: – Համարյա չկա,- ասաց Ֆրունզիկը.- ո՞ւր քշեմ: – Գնունիով հին ստադիոնի մոտ,- ասացի ես: – Հա, հիշեցի՛. հին ստադիոնի մոտ,- ասաց Ֆրունզիկը:- Հակոբը մի անգամ ինձ ու Խորիկին ձեր տուն խաշի էր կանչել, բայց չկարեցանք գանք: – Հիշում եմ,- ասացի ես.- էդ օրը ձեզ շատ սպասեցինք: – Էդ ո՞նց ա, որ էդ առիթը բաց ես թողել,- ասաց Շերենցը: – Ի՞նչ ես փնթփնթում, ա՛յ բիձա,- ասաց Ֆրունզիկը: – Հեչ,- ասաց Շերենցը: Ֆրունզիկը մեր շենքի տեղն էլ ճշտեց, եւ, չնայած արդեն գիշերվա մեկի մոտերն էր, տղերքը բեսեդկայում նարդի էին խաղում, ու բոլորը տեսան, որ հենց Ֆրունզիկի՛ մեքենայից իջա, որովհետեւ Ֆրունզիկը մեքենայի ներսի լույսը վառել էր, ու նախքան իջնելս հաջորդ օրվա մեր ժամադրությունն էինք երկար-բարակ ճշտում: Իմ ընկեր Կարոն, որ նարդի խաղացողներից մեկն էր, ո՛չ միայն Ֆրունզիկին էր նկատել ու ճանաչել, այլեւ՝ Շերենցին, ու էդ օրվանից սկսած՝ Կարոն էստեղ-էնտեղ հոգուս հետ խաղում էր՝ սրան-նրան ասելով. «Արմենը հիմի շատ ուժեղ գործի ա»: «Ի՞նչ գործի ա»,- հարցնում էին Կարոյին: «Չգիտեմ ինչ գործի ա, բայց գիտեմ, որ Ֆրունզիկն իրա պադավատի շոֆերն ա»,- ասում էր Կարոն: Եթե հիշում եք, ես էս վեպիս երկրորդ գիրքը սկսեցի Արշակյանից ու Ամարյան Վազգենից, այնուհետեւ հանկարծակի թռա ու հասա մեր օրերը՝ անդրադառնալով իմ համադասարանցի Հրուշի ու իր աղջկա փարիզյան անակնկալ երջանկությանը, ու դրանից հետո վերադառնալով ու կիսատ տեղից շարունակելով՝ երկարատեւ կանգառ կատարեցի յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնվեցի տարածքում, ուր տղերքով նախ «Սկվազնյակում» գրազով բառախաղ խաղացինք, հետո գնացինք «Ավանգարդի» տակի խինկալիանոց, իսկ նույն օրվա երեկոյան արդեն Ֆիլյանների հյուրընկալ օջախում թենիսի դաս տվի Ռուբոյին եւ, եթե հիշում եք, դրանից հետո էլ մի տասը օրով հետ եկա ու երկարատեւ լռվեցի Լեւոն Ներսիսյանի ու մեր նշանավոր դերասանների շրջապատում ու հիմա արդեն իրենց էլ հրաժեշտ տալով՝ իմ ընկեր Կարոյի ու նարդի խաղացող մյուսների ճանկն ընկա: Ես Ֆրունզիկին ու Շերենցին արդժեն հրաժեշտ տվել ու անհամոզիչ բացատրություններ էի տալիս Ֆրունզիկին ու Շերենցին տեսած ու ճանաչած Կարոյին ու նարդի խաղացող մյուսներին, ու հիմա էլ՝ հենց էս պահին պարզապես անկարող եմ չթռչել ու չհասնել անկախության մեր էս օրերը, որովհետեւ ուղիղ երկու հազար թվականին, երբ Շիլաչու տունս ծախել ու Կայարանի էս տունս էի առել, տնափոխության պատճառով պրկված նյարդերս թուլացնելու նպատակով ամառվա իրիկուններն էլի սկսեցի գնալ «Պապլավոկ», ավելի ճիշտ՝ «Պապլավոկի» դիմացի «Դիմակ» սրճարան, ուր Օրթախ Աբոն, Հայկունը, Սերոբը, Ջոնը, Սադոյան Արշակն ու էլի ուրիշներ ամեն իրիկուն հավաքվում ու ամեն ինչից խոսում էին ու մինչեւ հիմա էլ խոսում են, բայց երկու հազար թվականի էդ ամառ հատկապե՛ս էինք խոսում, որովհետեւ էդ ամառ առանձնապե՛ս էր շոգ, ու գիշերները նույնիսկ քնել չէր լինում, ու էդ ամառվա շոգ գիշերները մենք հնարավորինս կրճատում էինք «Դիմակ» սրճարանում, եւ գիշերվա երկուսի ու երեքի արանքում ավտոմեքենայով ամեն օր ինձ տուն հասցնողը Սադոյան Արշակն էր, որովհետեւ համեմատաբար ի՛ր ճամփի վրա էի, ու էդ ամառ Արշակի «Զրո ութի» առջեւի աջ դուռը փչացել ու ներսից ոչ մի կերպ չէր բացվում, ու էդ ամռան ամեն Աստծո գիշեր Արշակն ինձ Կայարանի էս մեր նոր շենք հասցնելով` մեքենայից իջնում էր, դրսից բացում էր իմ կողմի դուռը, ու ես իջնում էի մեքենայից, ու քանի որ շատ շոգ գիշերներ էին, շենքի ջահելությունը դեռեւս արթուն էր լինում ու կուտակված էր լինում հատկապես մեր մուտքի մոտ, իսկ շենքի տղամարդկանցից որոշներն էլ էդ ժամին իրենց պատշգամբներում անքնությունից ծխում ու նայում էին ներքեւ, ուր «Լիմուզին» խանութի պայծառ լույսերի ներքո Արշակն ամեն Աստծո գիշեր իր «Զրո ութից» իջնում էր, դրսից իմ առջեւ բաց էր անում իր ավտոմեքենայի իմ կողմի դուռը, ու ես պատվավոր իջնում եւ մուտքի առաջ կուտակված ջահելների ու պատշգամբներում ծխող մեծերի ապշահար հայացքների ուղեկցությամբ մտնում էի շենք, ու հենց էդ ամառվանից սկսած՝ մեր էս նոր շենքի հարեւանությունն սկսեց առանձնակի հարգանքով բարեւել ինձ, իսկ հետո՝ երբ մի քանի անգամ հեռուստացույցով ինձ տեսան ու թերթերում էլ կարդացին էս ու այլ գրություններս, դրանից հարգանքս, կարելի է ասել, չավելացավ, եւ կարելի է ասել՝ նույնիսկ պակասե՛ց էլ, ու երեւի հենց էդպես էլ պիտի լիներ, որովհետեւ առավել աներեւակայելի տեսարան, քան Արշակի՝ իմ առջեւ ամեն Աստծո գիշեր իր «Զրո ութի» դուռը բացելն էր, մեր էս նոր հարեւանության երեւակայությունն ուղղակի չէր կարող պատկերացնել, եւ էս տեսարանն առավել անպատկերացնելի էր, քան յոթանասունվեց թվականի օգոստոսի վեցի, լույս յոթի գիշերվա՝ Կարոյի ու նարդի խաղացող մյուսների տեսածը, բայց յոթանասունվեցի էն գիշերվա իմ վիճակն անհամեմա՛տ էր բարդ, որովհետեւ, եթե Արշակի դեպքում իմ էս նոր հարեւանությունն ինձանից որեւէ բացատրություն չէր պահանջում, ապա յոթանասունվեցի օգոստոսի լույս յոթի էն գիշեր իմ ընկեր Կարոն ու նարդի խաղացող մյուսներն ինձանից, փաստորեն, բացատրություն ու արդարացում էին պահանջում։ Գլուխ քսաներեքերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել