Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻՋՆՈՐԴ

Մարտ 04,2006 00:00

«ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆՎՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ» Ասում է Հայաստանի բանկերի միությանն առընթեր մշտապես գործող միջնորդ դատարանի նախագահի տեղակալ Կարապետ Սահակյանը: – Պարոն Սահակյան, ի՞նչ գործառույթներ ունի միջնորդ դատարանը եւ ինչպե՞ս է ձեւավորվում այն: – Մշտապես գործող միջնորդ դատարանը ստեղծված է առեւտրաարդյունաբերական պալատներին, բորսաներին, հրապարակային սակարկություններ իրականացնող կազմակերպություններին, բանկերի միությանը եւ այլ կազմակերպություններին առընթեր: Դատարանը լսում է գույքային վեճերը, բացառությամբ ալիմենտային իրավահարաբերություններից ծագող, հարկային, վարչաիրավական վեճերի, սնանկության գործերի: Այստեղ դիմելու համար պարտադիր է կողմերի միջնորդ համաձայնությունը: – Կողմերը ինչպե՞ս են ընտրում դատավորներին: – Ըստ մեր կանոնադրության, եթե կողմերի միջնորդ համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ միջնորդ դատավոր: Այդ երկու դատավորներն էլ ընտրում են երրորդին՝ նախագահողին: Եթե ստացվի այնպես, որ 30 օրվա ընթացքում՝ դիմումը ստանալուց հետո, կողմը չի «գտել» իր դատավորին, ապա, օրինակ, բանկերի միության նախագահը ինքն է նշանակում դատավորին: Այս պահին մենք ունենք 21 դատավոր: – Իսկ նրանք պարտադիր իրավաբանական կրթություն ունե՞ն: – Ըստ օրենքի, միջնորդ դատարանի դատավոր կարող է նշանակվել «անհրաժեշտ գիտելիքներ կամ իրավահարաբերությունների համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ ունեցող անձը»: – Եղե՞լ է, որ մինչեւ ձեզ դիմելը քաղաքացին «դրսից» դատավոր առաջարկի: – Իմ աշխատանքի տարիներին նման բան չի եղել: Միջնորդ դատարանը ինչ-որ տեղ ստեղծված է վստահության վրա: Նրանք վստահում են, որ այս դատարանում քննությունը կլինի օբյեկտիվ եւ երբեք անհրաժեշտություն չկա «դրսից» դատավոր բերելու: – Ձեր նիստերը ձայնագրվո՞ւմ են: – Մեր նիստերը դռնփակ են: – Ինչո՞ւ: – Բարեփոխումները մեզ դեռ չեն հասել: – Իսկ ո՞րն է նիստերի դռնփակ լինելու իմաստը: – Վիճող կողմերի գործարար հարաբերությունների պահպանումը եւ հետագա ամրապնդումը, ինչը կարգավորված է մեր կանոնադրությամբ: – Անցյալ տարի որքա՞ն գործ է լսվել ձեզ մոտ: – Երկու տասնյակից ավելի: – Իսկ ինչպե՞ս է կատարվում վճիռների իրականացումը կամ եթե կողմը վճիռը չի կատարում՝ ի՞նչ է տեղի ունենում: – Վճիռները կատարվում են կամավոր, 20 օրվա ընթացքում: Չկատարելու դեպքում կողմերն իրավունք ունեն դիմել միջնորդ դատարանի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ տնտեսականին՝ վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու պահանջով: – Պարոն Սահակյան, իսկ հնարավո՞ր է, որ առաջին ատյանը, իմանալով, որ միջնորդ դատարանի վեճ է, քննությունը ինքը կատարի: – Չեմ բացառում: – Ընդհանրապես, ընդհանուր իրավասության դատարաններում լինում են դեպքեր, երբ դատավորը ամիսներով «դուրս չի գալիս խորհրդակցական սենյակից»: Ձեզ մո՞տ ինչպես է: – Միջնորդ դատարանում նույն օրը պիտի կայացվի վճիռը: – Պրն Սահակյան, իսկ կցանկանայի՞ք լինել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: – Ես 30 տարեկան եմ, կարծում եմ՝ դեռ պատրաստ չեմ: Չի կարելի ուսանողական սեղանից վեր կենալ ու դատավոր դառնալ: Գիտելիք ունենալը քիչ է, կյանքի փորձն է կարեւոր: Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել