Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր հեռուստաստուդիա՝ Գյումրիում

Մարտ 04,2006 00:00

Նոր հեռուստաստուդիա՝ Գյումրիում ԶԼՄ-ի հայտնվելը գործընկերների կողմից ընդունվել է խանդով Վերջերս «Շիրակ» հանրային հեռուստատեսությամբ սկսեց հաղորդումներ եթեր հեռարձակել եւս մեկ անկախ հեռուստաստուդիա՝ «Վանը», որի հիմնադիրները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նախկին պետ Ռուբեն Խաչատրյանն ու մասնագիտությամբ օպերատոր Վահան Ղազարյանն են: Ո՞րն է փոքրիկ Գյումրիում եւս մեկ հեռուստաստուդիա հիմնադրելու իմաստը, ի՞նչ նորություն է բերելու այն քաղաքի խղճուկ, իրադարձություններից զուրկ ինֆորմացիոն դաշտում եւ մի՞թե 4 գործող հեռուստաստուդիաները բավարար չեն լսարանի պահանջները կատարելու, առավել եւս, երբ վերջիններս արդեն իսկ «նվաճել» են մարզի քիչ թե շատ ունեւոր գովազդատուներին: Նորաբաց հեռուստաստուդիայի գործադիր տնօրեն Նաիրա Թադեւոսյանի ասելով, մարզի հեռուստաշուկայում զգալի պահանջ կա մանկական հաղորդումների, այս առումով շուկան բացարձակապես դատարկ է: «Երեխաներին պետք է փրկել ուղեղները թմրեցնող, անբովանդակ սերիալներից ու սանձարձակ ֆիլմերից»,- կարծում է գործադիր տնօրենը: Այդ իսկ պատճառով նա աշխատանքի մեջ ներգրավել է հենց մանկահասակներին, որոնք, Նաիրա Թադեւոսյանի համոզմամբ, թարմություն են բերում ժուռնալիստիկա, «առաջադրած հարցերի յուրօրինակ լուծումներով» երբեք չեն զիջում մարզի հասուն մասնագետներին: Այժմ «Վան» հեռուստաստուդիան պատրաստում է տարբեր տեսակի մանկապատանեկան հաղորդումներ՝ թե կրթական, թե լրատվական, որոնց լսարանը, սակայն, չի սահմանափակվում միայն փոքրիկներով: Օրինակ, ըստ գործադիր տնօրենի, ցանկացած գյումրեցու հետաքրքիր է իր քաղաքի հեղինակավոր մարդկանց մանկությունը կամ էլ քաղաքի պատմությունը. ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերը, փողոցները: Չնայած գյումրեցի երեխաների ամենօրյա վազվզոցին՝ գործադիր տնօրենի դժգոհելով, մյուս հեռուստաստուդիաները սկզբում «թերահավատորեն», հետո էլ «չկամորեն» են վերաբերվել իրենց գործունեությանը՝ եթերաժամ չտրամադրելով: Վերջինս դժգոհ է նաեւ մարզի բարերարներից: «Չգիտեն փողը որտեղ ծախսեն, եթե անգամ իրենց երեխաներն ընդգրկված չեն մեր ծրագրերում, չեն գիտակցում, որ դարձյալ իրենց երեխաների համար է»,- սրտնեղեց նորաբաց հեռուստաստուդիայի գործադիր տնօրենը: Ի դեպ, հիմնադիրները մտադրված են «Վան» հեռուստաստուդիային կից ստեղծել նաեւ պատանիների ժուռնալիստական դպրոց, որտեղ դասերը կանցկացվեն Երեւանի հեռուստաակադեմիայի ծրագրերով ու մասնագետների օգնությամբ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել