Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նեսթլեին»

Մարտ 04,2006 00:00

«Նեսթլեին» վարկաբեկում են մրցակիցները Այսպես է կարծում ընկերության ներկայացուցիչը Երեկ շվեյցարական «Նեսթլե» ընկերությունը հայ մանկաբույժների համար կազմակերպել էր համաժողով, որի նպատակն էր ներկայացնել ընկերության մանկական կերի առավելությունները: Լրագրողների համար դրանք չբարձրաձայնվեցին, քանի որ, ըստ կազմակերպիչների, միջազգային օրենքներով արգելվում է մանկական սնունդ գովազդել, ասացին, որ «Նեսթլեն» էլ՝ չնայած արհեստական սնունդ արտադրող ընկերություն է, բայց ողջունում է մայրական կաթով սնուցումը: «Նեսթլեի» կազմակերպած միջոցառումը լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էր՝ հատկապես ընկերության «թունավոր» արտադրանքի հետ կապված լուրերից հետո: Եվրոպական մի շարք երկրներում աղմուկ բարձրացավ, որ ընկերության մանկական կաթը անվնաս չէ, քանի որ դրա մեջ հայտնաբերվել էին տպագրական ներկի խառնուրդներ, որոնք թափանցել էին փաթեթավորման ստվարաթղթից: Հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ կիրառվող ներկի մի բաղադրամաս թունավոր է: Երեկ ընկերության ներկայացուցիչ Պիեռ Գուերսն այս առնչությամբ ասաց, որ սննդի մեջ հայտնված ներկը «միանգամայն անվնաս է»: Բացի այդ, ըստ նրա, հնարավոր է, որ «Նեսթլեի» տուփի մեջ նման խառնուրդների առկայությունը ընկերության մրցակիցների ձեռքի գործը լինի. «Մեզ վարկաբեկելու համար այս կամ այն մթերքի մեջ կարող են թանաք ներարկել եւ լրագրողներին հավաքել ու ցույց տալ»: Չնայած մանկական սննդի հետ կապված աղմկահարույց լուրերին, հայկական շուկայում «Նեսթլեի» արտադրանքի «խաթրին» չեն կպչում: Փոխարենը ուշադրության կենտրոնում են պահում թուրքական ապրանքատեսակները, որոնց մի մասի նկատմամբ նույնպես մանուկներն անտարբեր չեն՝ վերջերս որակի տեսչությունը ուսումնասիրություն է իրականացրել թուրքական ապրանքների շուկայում եւ արդյունքում մի շարք ապրանքների վաճառքն արգելվել է: Փորձարկման արդյունքներից պարզվել է, որ երեխաների համար սիրելի «Սաֆարի», «Դերբի», «Նուսս», «Շոկ», «Էլվան-Շոկ» եւ այլ անվանումներով շոկոլադե սալիկները, «Գոլֆրեշ», «Պենսիլ-Գում», «Օլա-Բոլա», «Բուբլ-Գում» մաստակները, «Լոոկ», «Գոլդ», «Տվին» թխվածքաբլիթները, հացի բարելավիչ «Յովան» եւ «Վիտամաքսը», լվացքի փոշի «Բինգոն», «Թարա» օճառը, «Տադիմ» արեւածաղիկի սերմը եւ պահածոյացված «Ֆրեշ-պեաս» ոլոռը չեն համապատասխանում տուփի վրա առկա տեղեկատվությանը: Ըստ վերը նշված շոկոլադե սալիկների պիտակների վրա կատարված մակնշումների, դրանք պատրաստվել են բուսական յուղով եւ շոկոլադ համարվել չեն կարող: Համաձայն պետստանդարտի պահանջների, շոկոլադի պատրաստման ժամանակ չի թույլատրվում օգտագործել կակաոյի յուղի փոխարինիչներ, իսկ «Աերո-Շոկ» շոկոլադե սալիկի մեջ հայտնաբերվել է ալյուր, որը նույնպես նշված ստանդարտից «դուրս» է: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել