Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵ՛Մ

Մարտ 04,2006 00:00

«ՉԵ՛Մ ԶԲԱՂՎԵԼ ՈՒ ՉԵ՛Մ ԷԼ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ» Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ պատասխանեց 4 լրատվամիջոցների հարցերի: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին պատասխանները: – Ընդամենը մի քանի օր առաջ էիք «Ազատություն» ռ/կ-ին հայտնել, որ մտադրություն չունեք զբաղվել քաղաքական կամ կուսակցական գործունեությամբ, սակայն այժմ մամուլում հրապարակվել է, թե հաստատել եք, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության եւ «Ժողպատգամավոր» խմբի հենքի վրա կստեղծվի կուսակցություն՝ կա նման կուսակցության հասարակական պահանջ: Ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունը: – Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ ԶԼՄ-ներում աղավաղվում են հարցադրումները, պատասխանները կամ տեսակետները: Արդեն 3-րդ տարին է, ինչ գործում է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, եւ ես մշտապես հայտարարել եմ (այդ մասին խոսեցի հենց հիմնադիր համագումարից հետո), թե ամեն ինչ անելու եմ, որ «Նիգ-Ապարան»-ը զերծ մնա քաղաքական գործընթացներին մասնակցելուց, քաղաքականությամբ զբաղվելուց, առավել եւս՝ դառնա քաղաքական կուսակցություն: Այն ժամանակ հայտարարեցի եւ հիմա նույնպես հաստատապես այն կարծիքին եմ, որ եթե ՀԿ-ն, առավել եւս՝ հայրենակցական միությունը դառնա կուսակցություն, դրանով կգրի իր վերջնագիրը: Այսինքն՝ համարում եմ, որ եթե «Նիգ-Ապարան» դառնա կուսակցություն՝ դրանով իսկ դատապարտված կլինի: Ինքս՝ որպես «Նիգ-Ապարան»-ը հայրենակցական միության պատվավոր նախագահ, մշտապե՛ս, բոլոր համագումարներում ու խորհրդի նիստերի ժամանակ հայտարարել ու այժմ էլ պնդում եմ, որ «Նիգ-Ապարան»-ը մնալու է որպես հայրենակցական միություն ու հասարակական կազմակերպություն: Այս կարգավիճակով «Նիգ-Ապարան»-ն ավելի լայն հնարավորություն ունի իրականացնել իր կանոնադրական նպատակներն ու խնդիրները, քան եթե վերաճի քաղաքական կուսակցության: Վերջին տվյալներով՝ «Նիգ-Ապարան»-ին անդամագրված են 81 հազար մարդ: Հայրենակցական միության անդամ են բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր: Հասարակական կազմակերպության կարգավիճակը հնարավորություն է տալիս մեր ծրագրերն իրականացնելու գործում ներգրավել առավել լայն շերտերի, խավերի, ինչը հնարավոր չէ անել կուսակցության պայմաններում: Ինչ վերաբերում է «Ժողպատգամավոր»-ին՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ խմբում ունեմ բազմաթիվ ընկերներ, այդ թվում նաեւ՝ մանկության, որոնց հետ այժմ էլ գտնվում եմ բարեկամական, լավ հարաբերությունների մեջ: Եվ ո՛չ միայն «Ժողպատգամավոր»-ի՝ նաեւ պատգամավորական բոլոր խմբակցությունների մի շարք անդամներ իմ մտերիմ ընկերներն են եղել տարիներ շարունակ: Իմ մտերիմ ընկերներն են ՀՅԴ պատգամավորներ՝ Վահան Հովհաննիսյանը, Լեւոն Մկրտչյանը, Արմեն Ռուստամյանը: Մտերիմ ենք ՀՀԿ մի շարք անդամների հետ: Իսկ Գալուստ Սահակյանի հետ ոչ միայն մտերիմ ենք, այլ նաեւ նրա ծնողներն ու իմ հայրն են աշխատել միասին: «Օրինաց երկրի» ղեկավար, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երբ ուսանում էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում՝ իմ մոտ է անցել արտադրական պրակտիկան: Եվ դեռ այն ժամանակ, երբ 1991-1995-ին ինքս ԳԽ պատգամավոր էի՝ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել Հրանտ Խաչատրյանի, Արշակ Սադոյանի հետ: Այս հարաբերությունները պատգամավորական բոլոր խմբերի ու կուսակցական գործիչների հետ ինձ, իբրեւ Հայաստանի գլխավոր դատախազ, հնարավորություն են ընձեռում հեռու պահել դատախազական համակարգը քաղաքական բոլոր տեսակի ազդեցություններից: Պիտի ասեմ, որ առայժմ դա ինձ հաջողվում է: Եվ մշտապես գիտակցում եմ, որ ես ոչ թե որոշակի խմբի կամ կուսակցության, այլ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների գլխավոր դատախազն եմ: – Որքան էլ պնդում եք, թե «Նիգ-Ապարան»-ը պիտի զերծ մնա քաղաքական գործընթացներին մասնակցելուց՝ գաղտնիք չէ, որ այդ կազմակերպությունը ամենագործո՛ւն մասնակցությունն ունի քաղաքականությանը, որի մի օրինակն էլ Աջափնյակի, Եղվարդի եւ Ապարանի ընտրություններն են: Ուստի խնդրեմ մեկնաբանեք այն տեղեկությունները, թե «Նիգ-Ապարան»-ը նաեւ դե-յուրե չի վերածվում քաղաքական կուսակցության, քանի որ դրա համար չկա իշխանական «դաբրո»: Եվ բացի այդ՝ Դուք նաեւ աչքի առաջ ունեք Արտաշես Թումանյանի ճակատագիրը, որը «Նոր երկիր»-ը ստեղծելուց հետո ստիպված եղավ հրաժեշտ տալ իր պաշտոնին: – «Նիգ-Ապարան»-ը եւ նրա առանձին անդամներ իրոք մի շարք ընտրատարածքներում հայտարարել եւ աջակցել են այս կամ այն թեկնածուի ընտրական գործընթացին: Դա պայմանավորված է դարձյալ մեր կանոնադրական խնդիրների իրականացմամբ: «Նիգ-Ապարան»-ի կանոնադրությունից ուղղակի բխում է, որ միությունը պարտավոր է տարածաշրջանի բնակչությանը կողմնորոշել թե՛ քաղաքական, թե՛ հասարակական իրադարձությունների շուրջ: – Աջափնյակի համայնքը մաս չի կազմում Ապարանին: – Միության համար ամենեւին միեւնույն չէ, թե ով կլինի Աջափնյակի թաղապետը, քանի որ այդ համայնքում ունենք «Նիգ-Ապարան»-ի տասնյակ հազարավոր անդամներ: Միաժամանակ պիտի ասեմ, թե մենք որեւէ խնդիր չունենք բազում այլ համայնքների ու մարզերի ՏԻՄ ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է կուսակցություն ստեղծելու «դաբրո»-ին՝ նման խնդիր ընդհանրապե՛ս չի դրվել, որ խոսենք «դաբրո»-ի կամ ոչ «դաբրոյի» մասին: Իսկ Արտաշես Թումանյանը չի թաքցրել՝ հայտարարել է, որ ստեղծելու է քաղաքական կուսակցություն: Եվ այդ լուծումը, ենթադրում եմ, որ ուղղակի պայմանավորված էր այն հանգամանքով, որ նորաստեղծ կուսակցության ղեկավարը չօգտագործի նախագահական ապարատում աշխատողի կարգավիճակն ու լծակները: – Քանի որ ենթադրելի է, թե 2007-2008-ի ընտրությունների հետեւանքով կարող է խախտվել իշխանության մեջ հաստատված «ստատուս քվո»-ն՝ կուսակցություն ստեղծողների մի մասը փորձում է ապահովագրել իր քաղաքական ապագան, մյուս մասը՝ ունեցվածքը, երրորդ մասը՝ օգտագործել ունեցած լծակները՝ իշխանության բաժանման ու վերարտադրության գործընթացներին մասնակցելու համար: Դուք չունե՞ք այս խնդիրներից եւ ոչ մեկը: – Բոլորիս համար տեսանելի եւ ակնհայտ է, որ ընտրություններից առաջ մշտապես շիկանում է երկրի քաղաքական մթնոլորտը, սկսվում են տարատեսակ շահարկումներ: Բնականաբար, ի հայտ են գալու նոր կուսակցություններ, քաղաքական ուժերի միավորումներ: Այս գործընթացներն անխուսափելի են հատկապես ընտրություններից առաջ: Դրանք հենց նրա համար են, որ քաղաքական տարբեր ուժեր ունենան իրենց շարժառիթներն ու շահագրգռվածությունը լուծելու այս կամ այն հարցը՝ մի մասն իշխանության գալու առումով, մյուս մասն՝ ապահովելու համար իրենց իշխանական պորտֆելները, դիրքերն օրենսդիր ու գործադիր իշխանության մեջ: Համալսարանն ավարտելուց հետո՝ 1974-ին անմիջապես աշխատանքի եմ անցել դատախազությունում եւ արդեն 32 տարի աշխատում եմ այս համակարգում: Ուրիշ որեւէ տեղ չեմ աշխատել ե՛ւ ոչ մի օր, ոչ մի ժամ: Սիրում եմ իմ մասնագիտությունը: Եվ գլխավոր դատախազի պաշտոնն ինձ լա՜յն հնարավորություն է տալիս, որ սիրելով մասնագիտությունս՝ անեմ այն ամենն, ինչ կցանկանայի անել իմ ազգի, ժողովրդի եւ պետականության համար: Կարծում եմ, որ այս պաշտոնում աշխատելով եւ իմ մասնագիտական փորձը ներդնելով դատախազական համակարգի գործունեության մեջ՝ ես կանեմ ավելին, քան եթե զբաղվեմ քաղաքական գործունեությամբ, որով երբե՛ք չեմ զբաղվել, չեմ զբաղվում եւ չեմ էլ զբաղվելու, քանի որ իմ նախասիրությունների մեջ չկա այն: Պարզ ասեմ՝ չեմ սիրում քաղաքականությամբ զբաղվել: Իսկ հասարակական գործունեությամբ ես զբաղվել եմ դեռ դպրոցական, ուսանողական տարիներից եւ մշտապես եմ զբաղվելու՝ անկախ նրանից՝ կլինե՞մ գլխավոր դատախազ, թե՞ ոչ: – «Ազգային միաբանության» առաջնորդը մի առիթով նկատել էր, թե գլխավոր դատախազը «մշակութային նկարագիր» ունի եւ առավել նախընտրում է շուրջպարեր կազմակերպել, քան զբաղվել իր անմիջական գործառույթներով: – Ուղղակի խոսքեր են՝ ուղղված առավել գլխավոր դատախազի պաշտոնին: Ավելի ճիշտ կլիներ ինձ քննադատել դատախազական համակարգում տեղ գտած թերությունների համար, որոնք չեմ ժխտում՝ կա՛ն, քան ուղղակի ասել, թե ես չպետք է զբաղվեմ հասարակական գործունեությամբ: Մարդիկ աշխատանքից դուրս ժամերին գուցե տարբեր տեսակի քեֆերով ու ճաշկերույթներով են զբաղվում, ես էլ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ: Եվ ոչ ոք չի կարող ինձ արգելել դա: Նույն կերպ էլ ինձ հարցնում էին, թե ե՞րբ ես հասցրել դոկտորական գրել: Ասում եմ՝ այն ժամանակ, երբ դուք կերուխում էիք անում: Հարցերը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել