Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՏՈՄԱՅԻՆ

Մարտ 04,2006 00:00

ԱՏՈՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ կառավարության ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրինագծի շուրջ ծագած աղմուկը եւ ՕԵԿ-ի կողմից բուռն արձագանքը այդ օրինագծին պայմանավորված է ոչ թե օրենքի անկատարությամբ կամ վատ լինելով, այլ հերթական առիթն էր, որն իրենց գործընկերները օգտագործեցին ժողովրդահաճո ելույթների եւ ինքնացուցադրման համար. «Ես կարծում եմ, որ ոչ թե օրենքն է մեղավոր, այլ խոսափողը, որովհետեւ այդ օրենքը ամիսներ շարունակ Ազգային ժողովում է եղել, երկու անգամ քննարկվել է համապատասխան հանձնաժողովում եւ որեւէ խնդիր չի ծագել, առավել եւս՝ օրենքը թիրախ դարձվեց եւ հայտարարվեց, որ իբր թե Ատոմակայանը մասնավորեցվում է, ծիծաղելի է այդպես մտածելը»: Իսկ թե ինչո՞ւ է այս օրենքի ընդունումը այդքան սկզբունքային եւ կարեւոր դարձել «Հանրապետականի» համար, Գալուստ Սահակյանը բացատրեց այսպես. «Մեզ համար սկզբունքայնությունն այն է, որ մենք պետք է կարողանանք, անկախ նրանից, իշխանության կմնանք, թե չենք մնա, ստեղծել այնպիսի բազա, որ 2016 թվականից հետո էներգետիկ ճգնաժամերով երկիր չունենանք, այ, սա է կարեւորը»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենց գործընկերների պահվածքում ինքը տեսնում է «խոսափողը եւ 2007 թվականին ընդառաջը»: Հասկանալի պատճառներով ասվածին համամիտ չէին ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավորները, եւ ի պատասխան վերը նշվածի, Մհեր Շահգելդյանը նկատեց. «Մեր դիրքորոշումը ելնում է Հայաստանի Հանրապետության ապագայի եւ ատոմային էներգետիկայի նկատմամբ մեր պետության եւ մեր հասարակության վերահսկողության շահագրգռություններից, ելնում է մեր ազգային շահի մասին պատկերացումներից եւ տվյալ կարեւորագույն ոլորտում պետական լծակները պահպանելու շահագրգռությունից»: Իսկ Գագիկ Մխեյանը ավելացրեց, որ Ատոմակայանը «իսկապես ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, իսկապես ազգային անվտանգության խնդիր է, եւ տարբեր տեսակետներ հնչեցնելը նորմալ աշխատանքային պրոցես է եւ պետք չէ քաղաքականացնել»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել