Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ

Մարտ 04,2006 00:00

ԲԱՔՎՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ «ԲԱՐՈՅԱԼՔՎԱԾ ԵՆ» «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունն ապակառուցողական բնույթ է կրում եւ հաշտության բանակցությունների օգտին չի ծառայում»,- «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ Թաիր Թաղիզադեն՝ մեկնաբանելով նախօրեին հայկական հեռուստաալիքներին Ռ. Քոչարյանի տված հարցազրույցի այն հատվածը, որում վերջինս խոսում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին: «Միանգամայն ակնհայտ է, որ այդ հայտարարությունն արվել է՝ տուրք տալով ներքին շահերին: Այն մի կողմից, կարծես, հստակորեն որոշում է հենց հակամարտությունում եւ հաշտության բանակցությունների գործընթացում Հայաստանի դերը, իսկ մյուս կողմից ՝չի նպաստում այդ բանակցությունների առաջընթացին»,- ասել է Թաղիզադեն: «Չնայած Հայաստանի կողմից շարունակվող բազմամյա ագրեսիային եւ Ադրբեջանի տարածքների օկուպացմանը, Բաքուն շարունակում է պահպանել նվիրվածությունը հաշտության բանակցությունների գործընթացին եւ այդ հայտարարությունը դիտում է որպես հաշտության բանակցություններում ձեռք բերված զարգացման միանշանակ խոչընդոտ»,- ամփոփել է Թաղիզադեն: Քոչարյանի հեռուստահարցազրույցը շատ ավելի ազատ են մեկնաբանել ադրբեջանցի քաղաքագետները, որոնք, ըստ «Էխո» թերթի, հիմնականում քիչ հավանական են համարել առաջիկայում ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂ հակամարտության գոտում: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի կարծիքով, բոլորը գիտեն, որ արդեն 14 տարի բանակցությունները փակուղում են: «Ես համոզված եմ, որ ադրբեջանական բանակն ամենեւին պատրաստ չէ պատերազմի: Ներկայիս կոռումպացված պարտվողական գեներալներով չի կարելի պատերազմ սկսել»,- նշել է քաղաքագետը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ներուժն ամենեւին չի օգտագործվել: «Գոյություն ունի հսկայական ռեզերվ՝ հաշտության ներուժի օգտագործման համար: Այն, որ դա չի արվում, նշանակում է, որ նրանք չեն ցանկանում լուծել խնդիրը, չեն ցանկանում հասնել թե հայերի, թե ադրբեջանցիների համար պատվաբեր հաշտության: Ալիեւի եւ Քոչարյանի շահերը համընկնում են այն բանում, որ հարկ է երկարաձգել հակամարտությունը, իսկ ժողովրդին՝ ժամանակ առ ժամանակ վախեցնել»,- կարծում է Ալիզադեն: Քաղաքագետ Էլդար Իսմայլովը նույնպես ենթադրում է, որ ռազմական դիմակայություն չի լինի: «Բանակցություններն իրոք փակուղի են մտել, քանի որ կողմերը ոչ մի շփման կետ չունեն: Վախենում եմ, որ ընդհանրապես արդեն խոսք չի կարող լինել բանակցությունները շարունակելու մասին: Այսօր խնդրի նկատմամբ կողմերի դիրքորոշումները ոչնչով չեն տարբերվում 10-15 տարվա վաղեմության դիրքորոշումներից»,- ասել է Իսմայլովը: ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի առիթով հայտարարություն է տարածել նաեւ ԵՄ-ն: Դրանում, մասնավորապես, «ափսոսանք» է հայտնվում այն կապակցությամբ, որ «Ռամբույեի հանդիպմանը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին չի հաջողվել կայացնել դժվարին որոշումներ, որոնք անհրաժեշտ են մեծ առաջխաղացում ապահովելու համար»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել