ԼՐՋԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԸ Քաղաքական շրջանակները մեկնաբանում են Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունները: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը նախ տարակուսեց, որ Ռ. Քոչարյանը նույն հարցազրույցում իրեն հակասել է. մի դեպքում՝ ասելով, թե Կոսովոյի տարբերակն ընդունելի նախադեպ է ԼՂ-ի համար, մյուս դեպքում՝ իր իսկ ասածներով դա հերքել է. «Որովհետեւ հայտնի է, որ Ալբանիայի թե՛ նախորդ, թե՛ ներկա կառավարությունները երբեք չեն ճանաչել 90 տոկոսով ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը: Ավելին, Թուրքիան էլ չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը (դա արել է միայն Ադրբեջանը՝ դրանով ավելի մեծ վնաս հասցնելով Հյուսիսային Կիպրոսին): Այն պարագայում, երբ ԼՂ հակամարտության կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ հատուկ ստեղծված Մինսկի խմբի իրավասությունների շրջանակում, ավելին, երբ հարցը չորս անգամ փաստորեն դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, նման հայտարարություն անել կարելի էր, բայց դրան պետք է նախորդեր այն, ինչ ճիշտ 8 տարի առաջ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հանդես գալով վերլուծական հոդվածով: Մարդն անկեղծություն եւ ազնվություն ունեցավ իր դիրքորոշումների մասին հայտնել ժողովրդին, եւ ակնկալում էր, որ ժողովուրդն ինքը քննարկման արդյունքում որոշում կկայացնի: Դա ազնիվ քայլ էր, այլ բան է, որ դա ընդունելի չեղավ ազգաբնակչության կողմից: Իսկ հիմա կանգնել ու միանգամից բախտորոշ հարցում, որի մեջ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ ամբողջ հայության ներդրումը կա, միանձնյա որոշում կայացնել՝ թերեւս կարող էր միայն այն մարդը, ով լեգիտիմ է, ընտրված է հայ ժողովրդի միահամուռ քվեների արդյունքում ու լիազորված է հայ ժողովրդի անունից նման հայտարարություններ անել: Մինչդեռ մենք գիտենք, թե ինչ խարդավանքների արդյունքում է ընտրվել պարոն Քոչարյանը: Ես ակնկալում եմ, որ նա առաջիկայում շատ լուրջ վերլուծական հոդվածով հանդես կգա եւ կբերի այն հիմնավորումները, որոնք իրեն իրավունք են վերապահել հայտնել իր անձնակա՛ն կարծիքը, ո՛չ ժողովրդի: Չստացվի այնպես, որ մեր ժողովրդին դնում են անհասկացողի տեղ, նրա փոխարեն որոշումներ են կայացնում, հետո այդ որոշումները փաթաթում ժողովրդի վզին՝ թեկուզ ԱԺ-ի միջոցով: Այս հարցում ո՛չ ԱԺ-ն, ո՛չ առավել եւս Քոչարյանը միանձնյա որոշումներ կայացնելու ոչ մի իրավունք չունեն: Սա հայ ժողովրդի լուծելիք խնդիրն է, որովհետեւ մաքառելու է հայ ժողովուրդը, ոչ թե աշխարհի տարբեր երկրներում շենքեր կառուցող այսօրվա իշխանության մտերիմները»: Այնուամենայնիվ, Ռ. Քոչարյանի հայտարարությունը պատասխան էր ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների՞ն, թե՞ պատերազմի նախապատրաստություն էր նշանակում: Այս հարցադրմանն ի պատասխան՝ պարոն Գեղամյանն ասաց. «Ես բացարձակ այլ տեսակետ ունեմ. դա խուճապի մեջ հայտնվող մարդու պատասխան էր»: «Նոր Ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, «բավականաչափ ծանր կացություն է Ղարաբաղի հարցում: Միանշանակ է, որ խնդիրը լուծում է պահանջում, եւ այն լուծումը, որն այսօր պատրաստվում է՝ այնքան էլ հայանպաստ չէ»: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, թե ՀՀ նախագահի հայտարարության մեջ երկու կարեւոր հանգամանք կարող է շատ մտահոգիչ լինել. «Նախ, արդյոք ամբողջությամբ սպառվե՞լ են հարցի կարգավորման դիվանագիտական միջոցները, եթե մենք էլ ենք սկսել խոսել պատերազմի հնարավորության մասին: Ես չեմ կարծում, որ դա այդպես է: Երկրորդ, չեմ կարծում, որ ԼՂՀ ճանաչումը հիմա, երբ իրավիճակը սրված է, կարելի է դարձնել խաղաքարտ: Դա մեր ամենավերջին քայլը կարող էր լինել, եթե մենք վերջնականապես որոշել ենք, որ դիվանագիտական հնարավորությունները սպառվել են: Դժվարությունները գալիս են նրանից, որ ՀՀ իշխանություններն իրենք իրենց բոլոր հարցերում կանգնեցրել են փակուղու առաջ: Երեւի դրսում այնքան խոստում են տվել, իսկ աշխարհի բոլոր պետություններն այնքան են աչք փակել Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումների վրա, որ իշխանություններին հիմա շատ բարդ է լինելու այդ խճճված իրավիճակից դուրս գալ: Չեմ կարծում նաեւ, թե ադրբեջանցիների հոխորտանքներին մենք պետք է պատասխանենք այնպես, ինչպես հիմա ենք անում: Եկել է լրջանալու եւ ծանր կացությունը գնահատելով՝ ելքեր գտնելու պահը: Եթե այդ ելքը ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները պետք է մասամբ կամ լիովին հրաժարվեն իրենց իշխանությունից, ուրեմն պետք է գնան դրան, որովհետեւ չի կարելի սեփական իշխանության պահպանումը դարձնել ֆետիշ»: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պնդեց «նախկինների» հայտնի դիրքորոշումը. «Բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես հիմնական կողմեր, պետք է նստեն ԼՂ-ն ու Ադրբեջանը, իսկ Հայաստանը՝ որպես ԼՂ անվտանգության երաշխավոր եւ նրա շահերի պաշտպան: Բանակցությունների այն ձեւաչափը, որն այսօր կա՝ Հայաստան-Ադրբեջան, բերում է լարվածության: Ե՛վ ադրբեջանական, ե՛ւ հայկական կողմերի, նաեւ Ռ. Քոչարյանի վերջին հայտարարությունները հենց այդ սխալ ձեւաչափի հետեւանքն են: Ընդհանրապես, եթե առանց շատ խորամուխ լինելու փորձենք ընդհանուր գնահատական տալ այս ամենին, ապա իմ համոզմամբ, ամեն մի կողմ պետք է ցանկացած քայլ կամ հայտարարություն անելիս իրեն հարց տա՝ իսկ դա բերո՞ւմ է մեր նպատակների լուծմանը, թե՞ հեռացնում է դրանցից: Ես չեմ կարծում, որ Ռ. Քոչարյանի այս հայտարարությունը բերում է ԼՂ հարցի լուծման: Ես հակառակն եմ կարծում: Մենք ընդունում ենք Ադրբեջանի այն մարտավարությունը, որը տանում է լարվածության՝ դրանով նաեւ օգնելով Ադրբեջանին: Այս հայտարարությունն ինչ-որ ձեւով ապացուցում է Ադրբեջանի կողմից տարածված այն մեկնաբանությունները, ըստ որոնց՝ Հայաստա՛նն է բանակցությունների հիմնական կողմը, եւ նա ագրեսոր ու օկուպանտ է: Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ագրեսիվ հայտարարություն ընդհանրապես անի: Հայաստանի պատասխանը Ադրբեջանից հնչող հայտարարություններին միայն այն պետք է լինի, որ Հայաստանը բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղին, եւ վե՛րջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ