Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ

Մարտ 04,2006 00:00

ՊԵՏԱԿԱՆ ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ Այսպես է «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը գնահատում գազի գնի կրկնակի բարձրացման հայտը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 10-ի նիստում որոշում կկայացվի «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած բնական գազի սակագնի բարձրացման հայտի վերաբերյալ: «ՀայՌուսգազարդ»-ը փետրվարի 28-ին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բնական գազի գործող սակագնի կրկնակի բարձրացման հայտով: Սակագնի բարձրացման անհրաժեշտությունը ընկերությունը հիմնավորել էր Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի կրկնակի թանկացման իրողությամբ: «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացրած հայտի համաձայն՝ 1 խմ գազի դիմաց ներկայիս 59 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 108 դրամ: «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը հաշվարկներով ապացուցեց, որ այս հայտը հիմնավորված չէ. «Բնակչությանը գազի մանրածախ վաճառքի նրանց հայտարարած թիվը՝ 108 դրամ 1 խորանարդ մետրի համար, կամ որ նույնն է՝ 240 դոլար, պետական գրպանահատություն է, ուղղակի անթույլատրելի բան: Եթե մարդն ունի թվաբանական տարրական գիտելիքներ, ապա պետք է հիշի. երբ 1 դոլարի փոխարժեքը տատանվում էր 550-560 դրամի սահմաններում՝ 1 խմ գազի մանրածախ արժեքը սահմանվեց 51 դրամ: Այդ ժամանակ մենք էլի Ռուսաստանից Հայաստանի սահմանի վրա գազի 1000 խմ-ը գնում էինք 56 դոլարով: Իսկ մանրածախ գնի արժեքը 90 դոլար էր (1000 խմ գազի վաճառքի գինը՝ 51000 դրամը համապատասխանում էր 90 դոլարի): Հետեւաբար, ընդամենը 34 դոլար էր կազմում «ՀայՌուսգազարդ»-ի ներհանրապետական բաշխման եւ դրա սպասարկման ծախսը: Ընկերությունը միանշանակ տեղավորվում էր այդ գումարի մեջ՝ ե՛ւ կազմակերպությունը պահելու, ե՛ւ վերանորոգման ու սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար: Երբ դոլարի փոխարժեքն ավելացավ ու դարձավ 590 դրամ՝ միջանկյալ օգտվեցին դրանից ու ավանտյուրայի գնացին՝ սակագինը բարձրացրին ու դարձրին 59 դրամ, որն այդ ժամանակվա փոխարժեքով՝ համարժեք էր 100 դոլարի: Այսինքն, շարունակելով 1000 խմ գազը ստանալ 56 դոլարով՝ բնակչությանը ծախում էին 100 դոլարով, ու «ՀայՌուսգազարդի» մասնաբաժինը կազմեց արդեն 44 դոլար: Մի կարեւոր հանգամանք էլ. այդ ընթացքում «ՀայՌուսգազարդը» փաստորեն թանկացրեց գազի գինը 30 դոլարով: Երբ մեր արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը 590-600 դրամից իջավ 440-450-ի՝ գազը շարունակում էին ներկրել 56 դոլարով, սակայն բնակչությանը շարունակում վաճառել 59 դրամով: Իսկ 1000 խմ-ի համար 59000 դրամն արդեն համարժեք էր դարձել 130 դոլարի: «ՀայՌուսգազարդի» շահույթը 34, հետո 44-ից հասավ արդեն 74 դոլարի: Հիմա այս 3 հանգամանքները հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ գազի մանրածախ գինը Հայաստանում պետք է լինի առաջին դեպքում՝ 65 դրամ, երկրորդ դեպքում՝ ամենաշատը, 82,8 դրամ: Իսկ «ՀայՌուսգազարդը» հիմա առաջարկում է սահմանել 108 դրամ: Այսինքն՝ իրենք ապրիլի 1-ից գազը ստանան 110 դոլարով, իսկ բնակչությանը վաճառեն 240 դոլարո՞վ: Ընդգծում եմ տարբերությունը՝ 130 դոլար: Այս ընկերությունը ցանկանում է, նախորդ տարվա համեմատ, միանգամից ստանալ 100 դոլարի շահույթ: Եվ տարրական տնտեսագիտական հասկացություն կա՝ երբ մեծանում են ծավալները՝ դա վերաբերում է նաեւ սպասարկման ոլորտին: Միավորի սպասարկման արժեքը պիտի պակասի՝ աշխատատարության եւ այլ գործոնների հաշվին: Իսկ մեզանում տեղի է ունենում լրիվ հակառակը: Այսինքն՝ ռուսներն ուզում են գազը թանկացնել 54 դոլարով, իսկ մերոնք այդ արանքում ուզում են «կճմթել» 130 դոլար»: Նշենք, որ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այս առնչությամբ ասել էր լրագրողներին, թե «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտով պահպանվել են այն համամասնությունները, որոնք գործել են մինչ օրս՝ բնակչությունը վճարում է 1000 խմ-ի դիմաց՝ 130 դոլարին համարժեք դրամ, արդյունաբերությունը՝ 79,1 դոլարին համարժեք դրամ։ Հարցին ի պատասխան, թե արդյոք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարո՞ղ է 110 դոլարից ավելի ցածր գին սահմանել՝ էներգետիկայի նախարարն ասել էր. «Հանձնաժողովը չունի իրավունք սահմանել այնպիսի գին, որը տվյալ ընկերությանը կդնի վնասով աշխատողի վիճակի մեջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. «Արդարություն» խմբակցության քարտուղարը երեկ հայտարարել է, թե պահանջում են ԱԺ-ում անցկացնել լսումներ՝ գազի սակագնի բարձրացման հետ կապված կառավարության կոնկրետ ծրագրերի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել