Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդրի լուծումը գնալով խճճվում է

Մարտ 04,2006 00:00

Կարծում են միջազգային փորձագետները

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հայտարարությունները հիմնականում հասցեագրված են ներքին լսարանին եւ այնքան վտանգավոր չեն, որքան կարող է թվալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտոտի կովկասյան հարցերով փորձագետ Քրիստոֆեր Լենգտոնը: Ըստ Ք. Լենգտոնի, դա պայմանավորված է վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության հանդեպ միջազգային հանրության ուշադրությամբ եւ երկու երկրների իշխանությունների միջեւ բավական հաճախակի դարձած հանդիպումներով, որոնք «մի կողմից լավատեսություն են ներշնչում, մյուս կողմից ստիպում են երկու երկրների ղեկավարներին ամրապնդել դիրքորոշումները միջազգային հանրության ու սեփական ժողովրդի առջեւ»: «Կարծում եմ, հենց այդ համատեքստում է պետք դիտարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հայտարարությունները: Դրանք հիմնականում հասցեագրված են ներքին լսարանին եւ այնքան վտանգավոր չեն, որքան կարող է թվալ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լենգտոնը: Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականի փորձագետ Աննա Ուոքերը կարծիք է հայտնել, որ երկու կողմերի վրա միջազգային հանրության ճնշումները նվազեցնում են ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը: Մյուս կողմից, նրա խոսքերով, Ադրբեջանը դժվար թե ցանկանա ռիսկի ենթարկել նավթային ոլորտից ակնկալվող գումարներն ու ներդրումները: Այնպես որ, ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը փոքր է:

Ըստ Ուոքերի, Ռամբույեի բանակցություններից հետո փոքր է նաեւ բանակցային գործընթացում հաջողության հասնելու հնարավորությունը: «Ռամբույեն համաձայնության գալու վերջին հնարավորություններից մեկն էր: Հաջորդ տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, 2008 թվականին՝ նախագահական ընտրություններ երկու երկրներում»,- ասում է Աննա Ուոքերը՝ ավելացնելով. «Այնպես որ, հարցի լուծման յուրաքանչյուր ձգձգում է՛լ ավելի է նվազեցնում հաջողության հասնելու առանց այդ էլ փոքր հնարավորությունը: Եվ այն, որ Ադրբեջանը մերժում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելու հնարավորությունը, եւս արգելակում է բանակցային գործընթացը»: Երկու փորձագետների գնահատականով, այժմ թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները բավական բարդ եւ աննախանձելի իրավիճակում են. մի կողմից միջազգային հանրությունն է ճնշումների ենթարկում, մյուս կողմից՝ ներքին լսարանը: Խնդրի լուծումը գնալով ավելի ու ավելի է խճճվում: «Բանակցությունների սեղանին վերադառնալու համար, կարծում եմ, պետք է վերաշարադրել հակամարտության կարգավորման հիմքում ընկած սկզբունքների էությունը: Դրանք, իմ կարծիքով, փոխվել են, ընդ որում՝ ոչ միայն աշխարհում, այլեւ հենց տարածաշրջանում, Հայաստանում ու Ադրբեջանում»,- ասել է Քրիստոֆեր Լենգտոնը:

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել