Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանանց ծեծելը ազգային ավանդո՞ւյթ է

Մարտ 04,2006 00:00

Համենայնդեպս՝ շատերն այդպես են բացատրում ընտանեկան բռնությունը

Արտերկրում ընտանիքում բռնության ենթարկված կանայք շատ ավելի համարձակ են, քան հայուհիները, քանի որ այնտեղ գոյություն ունեցող օրենքներով պաշտպանվում են կնոջ ոտնահարված իրավունքները: Հայաստանում Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ շատ շուտով Հայաստանն էլ կունենա նման օրենք:

Կենտրոնում գործում է թեժ հեռախոսագիծ, որի միջոցով բռնության ենթարկված կանայք կարող են հոգեբանական եւ իրավական օգնություն ստանալ: Հեռախոսազանգեր ստացվում են բոլոր մարզերից: «Թեժ գիծը» Հայաստանի տարածքում գործում է անվճար: Կենտրոնից օգնություն խնդրողները հիմնականում անապահով խավի կանայք են, քանի որ հարուստները նախընտրում են օգտվել վճարովի հոգեբանական ծառայությունից: Շատ հաճախ բռնության ենթարկված կանայք խուսափում են դիմել որեւէ մեկի աջակցությանը, քանի որ վախենում են հետագայում տղամարդու կողմից ավելի դաժան արարքների արժանանալ: Վերջիններս անգամ հարեւանից կամ բարեկամից, էլ ուր մնաց ինչ-որ կազմակերպությունից օգնություն չեն խնդրում: Կանայք զանգում են այն ժամանակ, երբ իրենց ավելի հարմար է լինում, շատ հաճախ չեն ներկայանում, թաքցնում են իրենց իսկական անունը: «Կրկնակի բռնության վախից բացի, նաեւ հասարակության մեջ կարծիք ձեւավորելու խնդրից են վախենում, երեխաների հետագա վերաբերմունքից, որոնք հետագայում կարող են մեղադրել մորը»,- ասում է Սուսաննա Վարդանյանը:

Կենտրոնի նախագահը ցավով նշեց, որ վերջերս իրեն մեղադրել են ուրիշի ընտանիք «ներխուժելու», այն քայքայելու մեջ. «Պիտի ասեմ, որ մենք աշխատում ենք արդեն քայքայված ընտանիքների հետ: Ակնհայտ է, եթե ընտանիքը նորմալ վիճակում է, դժվար թե մեզ դիմի, իսկ եթե կինը ճարահատյալ դիմում է, մեր հոգեբանները փորձում են ամեն կերպ հոգեկան հավասարակշռության բերել նրան, հանել սթրեսային, գրգռված վիճակից: Բացի այդ, բռնության ենթարկված կինը ինքն է վերջնական որոշումներ կայացնում»: Նա ավելացրեց. «Խոսակցություններ կան, թե հայ ընտանիքն այնքան ամուր է, որ նման հարցերը չեն կարող քննարկվել տան պատերից դուրս: Աստված տա, որ մեր ընտանիքները այդքան ամուր լինեն: Մեկ-մեկ ինձ ասում են, թե մեր ավանդապաշտ ընտանիքների հարցերին պետք չէ խառնվել: Բայց ավանդույթը մի՞թե ծեծել է պահանջում: Կամ ասում են՝ դե, տուն է, ամեն ինչ էլ պատահում է: Այսինքն, ընտանեկան պարտականությունների մե՞ջ է մտնում ծեծելը ու վիրավորելը»: Տիկին Վարդանյանը կտրականորեն հրաժարվում է ընկալել, որ հայ ավանդական ընտանիքի համար բռնությունը պետք է լինի սովորական: «Նախ մեր ադաթների մեջ չկա կին ծեծել, ընդհակառակը՝ հայ կինը որպես մայր միշտ էլ հարգված է եղել եւ նրա վրա ոչ մի անգամ ձեռք չի բարձրացվել: Իսկական ավանդական ընտանիքներում, իհարկե, նման դատողություն չկա»,- փաստեց Ս. Վարդանյանը:

Կենտրոնի հոգեբան Զարուհի Շահինյանը ներկայացրեց մի քանի տխուր պատմություն: «Մեզ զանգահարում են կանայք, որոնք ենթարկվել են հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական բռնության: Եվ այդ բռնությունները ոչ միայն ամուսնու կողմից են լինում, այլ նաեւ բարեկամների: Օրինակ, վերջերս զանգահարել էր մի կին ու պատմում էր, թե ինչպես է տեգրն իրեն բռնաբարել, մեկ ուրիշն էլ պատմում էր, թե նույն ձեւով նրա հետ վարվել են տալի ամուսինն ու սկեսրայրը: Կամ մի երիտասարդ աղջիկ պատմում էր, որ ամուսնանալուց հետո սկեսրոջ մեջ որդու նկատմամբ խանդ է առաջացել եւ վերջինս հարսին ստիպել է անընդհատ ներքին լվացումներ անել՝ մտածելով, որ այդ կերպ հարսը կարող է խուսափել հղիությունից, իսկ հղիանալուց հետո ստիպել է հարսին «ասպիրինի» բազմաթիվ կոճակներ խմել եւ վիժել»:

Փորձեցինք մարդկանց շրջանում հարցում անել եւ պարզել, թե ովքեր են նմանատիպ բռնությունների հիմնական մեղավորները: 85-ամյա Արմեն պապիկի կարծիքով՝ թեեւ տղամարդկանց նման վարքագծին արդարացում չկա, սակայն երբեմն կանանց «երկար լեզուն» եւ ոչ բարոյական վարքն են բռնության մղում տղամարդուն. «Որոշ տղամարդիկ մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո իրենց առյուծ են կարծում եւ որպեսզի համոզվեն դրանում՝ փորձում են ապացույցներ գտնել կնոջը ծեծելու միջոցով: Իհարկե, ալկոհոլի ազդեցությունից հետո հաստատ փոշմանում են, երբ տեսնում են կնոջ մարմնին առաջացած կապտուկները»,- ասում է պապիկը: Մեր զրուցակիցներից Ժենյան պատմեց. «Վերջերս տղամարդկային բռնության մասին մի դեպք լսեցի, որը ուղղակի ցնցեց ինձ: Արտաշատի Ոստան գյուղում ամուսինը դաժանաբար կացնահարել էր երիտասարդ կնոջը, իսկ թե ինչու՝ դեռ չի պարզվել, քանի որ ամուսինը մինչ օրս հերքում է իր մասնակցությունը այս ոճրագործությանը: Մինչդեռ ամուսինը կնոջն օր ու արեւ չի տվել, բայց վերջինս թե՛ վախից, թե՛ անճարությունից ոչ մի քայլ չի ձեռնարկել»,- պատմեց Ժենյան:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել