Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-Ն ԻՐ ԾԱՌԸ ՋՐԵՑ

Մարտ 04,2006 00:00

Հարկադիր
կատարողները գույքը պարտատիրոջը չեն հանձնել, յուրացրել են Արմավիրի մարզի
Չարենցի փողոցի 5 շենքի 34 բնակարանի բնակիչ Հասմիկ Սահակյանին նույն մարզի Բամբակաշատ
գյուղի բնակիչ Խաչիկ Ջրաղացպանյանը 2.600.000 դրամ փոխառության պարտք է եղել: Տեսնելով,
որ վերջինս ի զորու չէ վերադարձնել իր պարտքը, Սահակյանը 2000 թվականին դիմում է
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան, շահում, հարուցվում է թիվ 2-200 կատարողական
վարույթ: Սակայն ըստ Հ. Սահակյանի դատարանում առկա դիմումի, 2000-04թթ. «հնարավոր
չի եղել բռնագանձումը կատարել»: 2004թ. հարկադիր կատարողը վարույթը ավարտում է՝ գույք
չլինելու պատճառաբանությամբ: Սահակյանը կրկին դիմում է մարզի առաջին ատյանի, ապա
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան (2005թ. հուլիսի 6-ին), որոնց վճիռներով
Խ. Ջրաղացպանյանին պատկանող գույքի բաժնեմասն առանձնացվում է եւ «բռնագանձում է տարածվում
այդ բաժնեմասերի եւ տան վրա»: Վերջինս իր հերթին դիմում է Արմավիրի մարզի դատախազություն՝
հայտարարելով, որ «մարզի առաջին ատյանի դատարանի 2-200 կատարողական թերթի հիման վրա
Արմավիրի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները իրենից հօգուտ պարտատեր Հասմիկ Սահակյանի
բռնագանձել են 2.200.000 դրամ արժողության գույք, սակայն նշված գույքը պարտատիրոջը
չեն հանձնել, այլ ԴԱՀԿ աշխատակիցներն անհիմն աճուրդներ կազմակերպելով՝ նշված գույքը
վաճառել են, իսկ վաճառքից առաջացած գումարը յուրացրել»: Չնայած այս հայտարարությունը
մեղադրանք է պարունակում, այդ խնդրով քրեական գործ չի հարուցվում: Ջրաղացպանյանը
տեղեկացնում է, որ իրեն պատկանող 14 անուն գույքը հարկադիր կատարող Գ. Մուշեղյանի
կողմից գնահատվել է էժան: Պահանջվում է ապրանքագիտական փորձաքննություն, ինչի եզրակացությամբ
էլ գույքն այս անգամ գնահատվում է 1.085.000 դրամ: Ի դեպ, փորձաքննություն նշանակելու
եւ դրա արդյունքների մասին դիմումատուին չի հայտնվում, ինչը «ԴԱՀԿ մասին» օրենքի
28 հոդվածի խախտում էր: Այս տարվա փետրվարի 8-ին Արմավիրի մարզի դատախազությունը
հանձնարարում է Խ. Ջրաղացպանյանի դիմումի հիման վրա «լրացուցիչ նյութեր նախապատրաստել»
եւ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնել: Արմավիրի մարզի դատախազի
ավագ օգնական Ա. Սահակյանը պարզել էր, որ հարկադիր կատարող Գ. Մուշեղյանի որոշմամբ,
կատարողական վարույթ է վերսկսվել այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ «արգելանքի
տակ գտնվող գույքի իրացումը կասեցվել է»: Բացի այդ, պարտապանը աճուրդի մասին տեղյակ
չի եղել, իսկ աճուրդում «հաղթած անձը» չի ստորագրել արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Չի պարզվել նաեւ, թե Ջրաղացպանյանի գույքը երբ է տեղափոխվել աճուրդի կենտրոն, մուտքագրվե՞լ
է, թե՞ ոչ: Հետեւաբար, չի տրվել իրավական գնահատական ԴԱՀԿ ստորաբաժանման նախկին պետ
Գ. Հովասափյանի, հարկադիր կատարողներ Գ. Մուշեղյանի եւ Ե. Առաքելյանի գործողություններին:
«Կատարողական վարույթի ուսումնասիրությունից պարզվել է, որ աճուրդներն անցկացնելու
վերաբերյալ փաստաթղթերը կազմելիս կատարվել են կեղծիքներ, որի կապակցությամբ անհրաժեշտ
է նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն»,- ասված է դատախազության պաշտոնական
որոշման մեջ: Հասմիկ Սահակյանը, որն իր գումարը չի ստացել («ընդհակառակը՝
կրել եւ ներկայումս էլ կրում եմ զգալի վնասներ») դիմել էր դատարան «փոխառության պարտքի
գումարից բռնագանձել տոկոսներ՝ 18% մինչեւ պարտքի լրիվ մարումը»: Ջրաղացպանյանն էլ
դիմել էր վերադաս դատարան՝ պատճառաբանելով, որ «դրամական պահանջը բանկային տոկոսներ
գանձելու կապակցությամբ անհիմն է, քանի որ ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձվել է հայցուհուն
հանձնելու համար սեփական գույքը՝ 2,2 մլն դրամի արժողությամբ, ի լրացումն դրա, ես
հայցուհուն կանխիկ վճարել եմ 250 դոլար»: Հետեւաբար, ըստ նրա, «Սահակյանի նկատմամբ
պարտք չունեմ, եւ նա իր պահանջը պետք է հղի ԴԱՀԿ ծառայությանը»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Ըստ դատարանի վճռի նկարագրական մասի, «գույքի
բռնագրավման հանգամանքները պարզելը պատասխանողի եւ ԴԱՀԿ ծառայության խնդիրն է»: Ուշագրավ
է, որ ամեն անգամ դատարանը հօգուտ պետբյուջեի Ջրաղացպանյանից 28.500 դրամ գումարի
բռնագանձման որոշում է կայացրել՝ սպառնալով, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում
այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով: Իսկ եթե ԴԱՀԿ-ն հիմա էլ պետտուրքը յուրացնի՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել