Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետապնդում են դատարան դիմելու համա՞ր

Մարտ 04,2006 00:00

ՌԴ
կայազորային զինվորական դատարան դիմելը կարող է թանկ նստել Մելիքսեթ Գաբոյանի վրա
Մելիքսեթ Գաբոյանին, որը ծառայում էր ՌԴ դաշնային անվտանգության ծառայության
(ԴԱԾ) ՀՀ Գյումրիի զորամասում որպես ավագ ենթասպա, 2004-ին ազատել էին աշխատանքից՝
պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Ազատման համար եղել էր երկու
հրաման՝ զորամասի հրամանատար Յու. Ուսովի, որով վերջինս Մ. Գաբոյանին օգոստոսի 13-ին
հանել էր զորամասի անձնակազմի ցուցակից, եւ ԴԱԾ սահմանային վարչության (ՍՎ) պետ Ս.
Բոնդարեւի: Վերջինիս հուլիսի 15-ի հրամանը Մ. Գաբոյանը ստացել է վերջերս: Նա էլ դիմել
է Հայաստանում տեղակայված ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարան եւ վիճարկել Յու.
Ուսովի, իր կարծիքով՝ անօրինական հրամանը: Հայցվորը խնդրել էր դատարանին (դատավոր՝
Բ. Սուպրուն) վերականգնել իրեն աշխատանքում, վճարել ազատման հետեւանքով չվճարված
աշխատավարձը՝ սկսած 2004-ի օգոստոսի 1-ից, փոխհատուցել բարոյական վնասը եւ պարտավորեցնել
զորամասի հրամանատարին՝ միջնորդել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանին՝ տրամադրելու ՌԴ
քաղաքացիություն: 2005-ի ապրիլի 13-ի նիստում Մ. Գաբոյանն ասել է, որ համաձայն
չէ ազատման հիմնավորումների հետ եւ գտնում է, որ ինքը չի խախտել զինծառայության մասին
պայմանագիրը, իր ծառայողական պարտականությունները կատարել է բարեխղճորեն: Հայտնել
է նաեւ, որ զորամասի հրամանատարությունը իր նկատմամբ ունեցել է կանխակալ վերաբերմունք,
տվել է ակնհայտորեն անիրագործելի առաջադրանքներ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իրեն:
Ըստ հայցվորի եւ նրա շահերի նախկին ներկայացուցիչ Մ. Սահակյանի, հրամանատարությունը
հայցվորի մասին սխալ տեղեկություններ է հաղորդել սահմանային վարչություն, ինչն էլ
ազատման պատճառ է դարձել: Պատասխանողը՝ Յու. Ուսովն ու նրա ներկայացուցիչ Ս. Հովհաննիսյանը
չեն ընդունել հայցվորի պահանջները եւ խնդրել են դատարանին՝ մերժել դրանք: Որպես մերժման
հիմնավորում Ս. Հովհաննիսյանը նշել է օրենքով սահմանված հայցը ներկայացնելու եռամսյա
ժամկետը անհարգելի բաց թողնելու հանգամանքը: Ըստ նրա, Մ. Գաբոյանի հայցադիմումը դատարան
է մտել 2004-ի դեկտեմբերի 3-ին: Հայցվորի ներկայացուցիչը պարզաբանել է, որ
ժամկետի խախտում չի եղել, քանի որ հրամանից՝ Մ. Գաբոյանին զորամասի ցուցակից հանելու
վերաբերյալ քաղվածքը երկար ժամանակ չի տրամադրվել, չնայած Գաբոյանը այն ստանալու
խնդրանքով բազմիցս դիմել է հրամանատարությանը: Ցուցակից հայցվորին հանել են 2004-ի
օգոստոսի 13-ին, իսկ դատարան դիմել է հոկտեմբերի 13-ին՝ դիմումին կցելով նաեւ պետտուրքի
վճարման անդորրագիրը: Այս քաղգործին մասնակից է դարձել նաեւ ՀՀ-ում ՌԴ զինդատախազի
ավագ օգնական Ի. Կազարինը եւ կարծիք հայտնել, որ անհրաժեշտ է մերժել հայցը: Դատարանն
էլ, հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը, գտել է, որ խախտվել է դատարան դիմելու ժամկետը,
եւ մերժել հայցը: Հետագայում դատարանը նոր երեւան եկած հանգամանքի հիմքով
(այն է՝ հայցվորը դատարան է դիմել 2004թ. հոկտեմբերի 13-ին) 2005-ի ապրիլին գործը
վերանայելու որոշում է ընդունել, սակայն Մելիքսեթ Գաբոյանը 13.07.05թ. բացարկ է ներկայացրել
ՌԴ դատախազի օգնականի եւ դատավոր Բ. Սուպրունի դեմ: Իմիջիայլոց, նշյալ բացարկը քննարկվել
է միայն 2006-ի փետրվարի 20-ի նիստում, որին ներկա գտնվելու՝ լրագրողների ջանքերը
ապարդյուն են անցել, թեեւ դատապրոցեսը դռնբաց էր: Լրագրողներին ներս չթողնելու մասին
«Առավոտում» զետեղված լուրը, ըստ Մ. Գաբոյանի, շատ զայրացրել էր զինվորական դատարանի
նախագահի օգնական մի մայորի (անունը չհաջողվեց ճշտել), եւ նրա խոսակցական կոպիտ տոնը
ստիպել էր Մ. Գաբոյանին մտածել իր անվտանգության մասին: Հայցվորն ասաց, որ ինքը մտադիր
է այդ խնդրանքով դիմել ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, սակայն երկու ժամ անց Մ. Գաբոյանը
տեղեկացրեց, որ Գյումրիում գտնվող իրենց տուն են այցելել մարդիկ, ներկայացել ՀՀ ԱԱԾ
եւ Շիրակի ոստիկանության աշխատակիցներ եւ հետաքրքրվել իր անձով: «Հնարավոր է, որ
հաջորդող նիստերին չկարողանամ մասնակցել»,- չբացառելով իր նկատմամբ որեւէ ոտնձգություն՝
հեռախոսազրույցը եզրափակեց Մ. Գաբոյանը: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հ. Գ. Երկու օր անց Մ. Գաբոյանը հայտնեց, որ ոստիկանության
բաժնում զորամասի հրամանատարը բողոք է ներկայացրել, որի կապակցությամբ ինքը բացատրություն
է տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել