Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փախուստ իրականությունից

Մարտ 04,2006 00:00

Վերջերս հաճախակի են մամուլում արծարծվում Հայոց
զինանշանի եւ օրհներգի փոփոխման անհրաժեշտության եւ այն առավել ոգեղեն դարձնելու
հարցերը: Այս խնդրով մեծ շահագրգռություն է դրսեւորում հատկապես երիտասարդ
քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը:
Առաջին հայացքից հաճելի կարող է թվալ, երբ երիտասարդ քաղաքական գործիչներն իրենց
վրա պատասխանատվություն են վերցնում հանդես գալ նման լուրջ նախաձեռնություններով:
Սակայն հարցն այն է, թե որքանով է արդիական, որքան է այսօր այն հուզում հասարակությանը
եւ բխում նրա կենսական պահանջմունքներից: Եվ, վերջապես, յուրաքանչյուր քաղաքական
նախաձեռնության հիմքում ընկած է որոշակի քաղաքական նպատակ: Իսկ ո՞րն է այս պարագայում
շահագրգիռ անձանց նպատակը: Ազգային պետական սիմվոլների փոփոխման անհրաժեշտության
հետ կապված երիտասարդ խորհրդարանական գործչի այն պատճառաբանությունները, թե դրանք
անհրաժեշտ չափով իրենց մեջ չեն պարունակում էներգետիկ ներուժ, որ ներկայիս զինանշանը
Հայաստանի առաջին հանրապետության զինանշանի փոփոխված տարբերակն է միայն (հեղինակներ՝
Հ. Կոջոյան, Մ. Սարյան), իսկ օրհներգի առնչությամբ ժողովրդի մեջ դեռեւս կենդանի է
մնացել Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» հայտնի բանաստեղծության «թշվառ», «անտեր»
բառերը (որոնք ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ փոխարինվեցին «ազատ» եւ «անկախ» բառերով),
միանգամայն անհասկանալի են: Երբ ֆրանսիացիներն են հպարտանում իրենց փառահեղ անցյալով,
միանգամայն հասկանալի է, որովհետեւ ունեցել են հսկայածավալ կայսրություն, մարդկությանն
են տվել համամարդկային արժեքներ, ունեցել են օրհներգ, որը խորհրդանշում է Ֆրանսիական
մեծ հեղափոխության դարաշրջանը, իսկ երբ ներկայիս Հայաստանում են գտնվում մարդիկ,
որ ցանկանում են ժառանգել Հայաստանի առաջին հանրապետության (որը ձեւավորվեց եւ կործանվեց
ընդամենը 10.000 քառ. կմ-ի վրա) սիմվոլները, իսկապես անհասկանալի է: Իսկ ինչ վերաբերում
է օրհներգին, ապա մի պահ թվում է, թե Մ. Նալբանդյանը նույնպես եղել է մեր օրերի ականավոր
մտածող, քանի որ այլ կերպ, քան «Մեր հայրենիք, թշվառ, անտեր…» բառերն են, ամբողջական
ձեւով չէին կարող պատկերել այն իրական վիճակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում:
Երկրի սոցիալական սուր պրոբլեմները, արտաքին հարաբերություններում տիրող անորոշությունը,
բազմաթիվ չլուծված խնդիրները եւ վերջապես իշխանական էլիտայի անընդունակությունը՝
լրջորեն մոտենալու կառավարման գործընթացներին, ՀՀ-ն իսկապես կանգնեցրել են թշվառ
եւ անտեր վիճակի առաջ: Եվ ես խոր ցավով եմ արձանագրում, որ Հայաստանում ընթացող քաղաքական
զարգացումները հանգեցրել են նրան, որ ժողովրդի մեջ տարերային պահանջ է «առաջացել»
ազատ եւ անկախ բառերը փոխարինել բանաստեղծության իրական բառերով: Վերջին հաշվով,
յուրաքանչյուր ազգային օրհներգ պետք է իր մեջ համակողմանի ամփոփի այն ամբողջ նվաճումները,
որոնք ունեցել է տվյալ պետությունը, պետք է ներկայացնի այն իրական վիճակը, որում
ապրում է տվյալ ժողովուրդը: Իսկ այս պարագայում թողնել ազգաբնակչությանը թշվառ ու
անտեր եւ փորձել առավել ոգեղեն օրհներգ որոնել, նշանակում է՝ դրանով շահագրգիռ անձինք
փորձում են ցույց տալ աշխարհին, որ իբր ՀՀ-ում վիճակն այնքան է բարելավվել, «համակողմանի
զարգացումները» այնքան են անդրադարձել ժողովրդի կենսամակարդակի աճի վրա, որ նրա մեջ
ինքնաբուխ պահանջ է առաջացել փոխելու ազգային օրհներգը, նաեւ ուզում են շեղել հասարակության
ուշադրությունը առավել հուզիչ հիմնախնդիրներից, ինչը միանշանակ պատիվ չի բերում Ա.
Աշոտյանի նման մեծ ներուժ ունեցող երիտասարդ գործիչներին: Իսկ եթե Ա. Աշոտյանն իսկապես
շահագրգիռ է էներգետիկ լիցք հաղորդել հայոց ազգային ոգուն, ապա, որպես իշխանության
մաս կազմող կուսակցության անդամ, նախ պետք է կարողանա նպաստել հասարակության առջեւ
ծառացած սոցիալական պայմանների հաղթահարմանը եւ հասարակական կենսապայմանների բարելավմանը,
իրավական դաշտի անկախության իրական ապահովմանը, որը կհանդիսանա հասարակության յուրաքանչյուր
անդամի անվտանգ ապրելակերպի եւ գործելակերպի հիմնական երաշխիքը, վարչական ապարատին
սերտաճած կրիմինալ-օլիգարխիկ տարրերի կամայականությունների վերացմանը եւ այլն: Այս
հիմնախնդիրներին համարժեք լուծում տալուց հետո առավել քան վստահ եմ, որ հասարակությունն
ինքը կդիմի իշխանություններին՝ պահանջելու առավել ոգեղեն օրհներգ: Կա այսպիսի ամերիկյան
ասացվածք. «Սոված մարդուն Աստված ներկայանում է հացի տեսքով»: Եվ իսկապես, սոցիալապես
անմխիթար եւ իրավական տեսանկյունից անպաշտպան մարդուն երբեւէ չեն հետաքրքրի ոչ օրհներգի,
ոչ մյուս ազգային պետական սիմվոլների կողմից ներարկվող էներգիան, իսկ պնդել հակառակը՝
կնշանակի պարզապես փախչել իրականությունից… ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել