Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ՌԴ-ՈՒՄ ՄԵԿ ՏԱՐԻ

Մարտ 04,2006 00:00

ՌԴ-ում
Հայաստանի տարվա միջոցառուների մասին հայ հանրությանը չեն իրազեկում 2006-ին
ՌԴ-ում Հայաստանի տարվա մշակութային առաջին միջոցառումը Հայաստանի պետական ակադեմիական
երգչախմբի մենահամերգն էր: Հիշեցնենք, որ Կապելլայի ելույթին նախորդել է հունվարի
22-ին կայացած բացման համերգը, որն արվեստագետների զայրույթն էր հարուցել: Այդ արձագանքներից
հետո միայն ՌԴ-ում Հայաստանի տարվա միջոցառումների անցկացման պատասխանատուները փորձեցին
հավաստիացնել, որ առաջիկայում բացերը կլրացվեն: Մասնավորապես, նախագահի խորհրդական
Վիգեն Սարգսյանն էլ «Առավոտին» ասաց, որ այսուհետեւ կլուծվեն արվեստագետների օրապահիկի,
ընդունելության հետ կապված հարցերը: Նկատենք, որ «վերեւներում» այս անգամ խոստումնապահ
գտնվեցին եւ մաեստրո Հովհաննես Չեքիջյանն ու իր երգչախումբը գոհ վերադարձան Մոսկվայից:
Սակայն մինչեւ հիմա կարծես թե չի լուծվել մի կարեւոր հարց. Ռուսաստանում հայկական
մշակութային անցուդարձը իրազեկող ոչ մի կատալոգ չի հրատարակվել: Հայաստանցիները տեղյակ
չեն, թե ինչ կոլեկտիվներ, անհատներ եւ ինչ ծրագրով են ներկայանալու Ռուսաստանի խստապահանջ
հանդիսատեսին: Մինչդեռ եվրոպական երկրներում անգամ առանձին համերգի բուկլետն է իր
շքեղությամբ նմանվում կատալոգի եւ տվյալ միջոցառման մասին պարունակող մանրամասն տեղեկատվությամբ:
Օրինակ, երբ անցյալ տարի Հայ-իտալական բարեկամության օրեր էին նշվում մեր երկրում,
իտալացիները ոչ միայն 65 էջանոց միջոցառումների ծրագիր էին տպագրել ու բաժանել լրատվամիջոցներին,
այլեւ ամեն միջոցառման համար՝ հրավիրատոմսեր եւ կոնկրետ ծրագիր: Վերջին տարիներին
հայկական հեռուստաընկերությունները հեռարձակում են տարբեր միջոցառումներ այլ երկրներից:
Ինչ խոսք, դա լավ է: Մյուս կողմից, եթե մենք հնարավորություն ունենք դիտելու, այն
էլ մի քանի օր շարունակ, օրինակ, իտալական «Սան Ռեմո» հեղինակավոր փառատոնը, ինչո՞ւ
հեռակա մասնակիցը չդառնալ Ռուսաստանում ողջ տարվա ընթացքում անցկացվելիք մեր հեղինակավոր
կոլեկտիվների ու անհատ կատարողների համերգներին: Վերը շարադրվածի առիթով պարզաբանում
ստանալու ակնկալիքով կապվեցինք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ
կապերի գծով պատասխանատու Գայանե Դուրգարյանի հետ: «Մեր նախարարությունը ՌԴ-ում ՀՀ
տարվա ծրագրերի կազմման գործում համագործակցում է ՌԴ մշակույթի նախարարության հետ:
Ողջ Ռուսաստանով մեկ անցկացվելիք միջոցառումները հնարավոր է, որ անգամ վերջին պահին
ճշտման կարիք ունենան: Եթե կարելի է թերացում անվանել Մոսկվայում Հայաստանի պետական
կապելլայի ելույթի մասին նախօրոք չտեղեկացնելը, ապա այսուհետեւ յուրաքանչյուր մշակութային
միջոցառման մասին լրատվամիջոցները նախօրոք կստանան հաղորդագրություն»,- խոստացավ
տիկ. Դուրգարյանը: Նա նշեց, որ միջոցառումների անցկացման գործում մեծ աջակցություն
է ցույց տալիս ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Հայտնեց նաեւ, որ ֆինանսավորում չլինելու
պատճառով, լուսաբանելու նպատակով այս աշխատանքում չի ընդգրկված ոչ մի հայաստանյան
լրատվամիջոց: Իսկ միջոցառումները ամբողջությամբ նկարահանում է ռուսաստանյան «Կուլտուրա»
հեռուստաալիքը՝ հետագայում ցուցադրելու համար: Նույնպես մեր դեսպանության աջակցությամբ:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել