Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՏԱՊԱԼՈՒՄ ԲԱՐԵՓՈՒՄՆԵՐԸ

Մարտ 04,2006 00:00

2006-ին
կպահպանվի ընդունելության քննությունների հին համակարգը Հայաստանյան իրականության
մեջ ավանդույթ է ձեւավորվել, որ երկրի գլխին կուտակվող բազմամիլիոնանոց վարկային
ծրագրերի իրագործման արդյունավետությունը՝ հատուկ հանձնաժողովներով, սկսում են ուսումնասիրել
միայն այն ժամանակ, երբ շատ բան այլեւս անհույս կորսված է լինում։ Իսկ հընթացս ակնառու
բաների վրա պարզապես աչք են փակվում՝ իհարկե, ոչ հենց այնպես։ Այսօր մեր երկրում
իրականացվող վարկային ամենախոշոր ծրագրերից մեկը կրթության ոլորտի 19 միլիոն դոլար
կազմող ծրագիրն է, որի բարեխիղճ իրագործման դեպքում համակարգը, անշուշտ, կարող է
մեծապես շահել։ Բայց ծրագրի ներկայիս փուլը լավատեսական սպասումներ չի ներշնչում,
եւ դրա շրջանակներում տեղի ունեցող խմորումները հաստատ երկրի ու հանրության շահերից
չեն բխում։ «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրով, սովորողների
գիտելիքների գնահատման նոր համակարգի ստեղծման շրջանակներում նախատեսվում է. «2004-2005
թվականներին կիրականացվեն Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի շենքի հիմնանորոգում,
գույքով եւ կադրերով համալրում, իսկ 2006-ից այն կսկսի իրականացնել իր հիմնական գործունեությունները»։
Արդեն 2006 թվականի մարտն է, եւ ի՞նչ վիճակում է կենտրոնը։ Տակավին վերջերս՝
փետրվարի սկզբին, այստեղ սկսվել են շինարարական աշխատանքներ, սակայն ամբողջական հիմնանորոգման
մասին դեռ խոսք չկա, քանզի այդ նպատակով հատկացված գումարները չեն բավարարում։ Բնականաբար,
այստեղ ծագում է պատասխանի կարոտ հարցերի մի ամբողջ փունջ. ինչո՞ւ է մինչ այժմ կենտրոնը
պահվել նման վիճակում, ինչո՞ւ, ի տարբերություն վարկային ծրագրի մյուս բաղադրիչների՝
այս մասով նախատեսված հատկացումները ժամանակին չեն կատարվել, ինչպե՞ս է ստացվել,
որ երբ ի վերջո որոշել են փողը տալ, պարզվել է, որ այն հիմնանորոգմանը չի բավարարելու՝
չնայած ծրագրով հենց այդպես է նախատեսված։ Ինչպե՞ս է կատարվել նախահաշվարկը կամ հնարավո՞ր
չէր գտնել այնպիսի շինկազմակերպություն, որը նախատեսված գումարի շրջանակներում իրականացներ
ողջ աշխատանքը։ Բայց չպետք է մոռանալ, որ վարկային ծրագրի իրականացնողները
պարտավորություն են ստանձնել հատկացված գումարի եւ նախատեսված ժամկետի սահմաններում
Թեստավորման կենտրոնն ապահովել նաեւ գույքով եւ կադրերով։ Այս խնդիրները դարձյալ
մասնակիորեն լուծված են։ Անհրաժեշտ սարքավորումների մի փոքր խմբաքանակ կենտրոնին
տրամադրվել է նախորդ տարվա ավարտին Շիրակի մարզում իրականացված՝ գիտելիքների գնահատման
նոր համակարգի փորձարկումից հետո, այսինքն, վերջերս։ Այսպես, թե այնպես, 2006
թվականից կենտրոնի հիմնական գործունեությունը սկսելու մասին ծրագրային դրույթը չի
իրականացվել։ Ավելին, մթնոլորտը, որը ստեղծված է Գիտելիքների գնահատման կենտրոնի
շուրջ, ենթադրությունների տեղիք է տալիս, թե ամեն ինչ արվում է գործը տապալելու համար։
Իսկ նման վարկածը կարող է լիովին հիմնավոր լինել՝ հաշվի առնելով ոչ հեռու անցյալի
այն հայտնի իրողությունը, որ ԿԳ նախարար Սերգո Երիցյանին չհաջողվեց տնօրենի ընտրության
ժամանակ անցկացնել իր թեկնածուին։ Ըստ ամենայնի, «սխալը» ուղղելու փորձերը
չեն դադարել. ժամանակին տնօրենի ընտրության գործում ինքնուրույնություն ցուցաբերած
գնահատման եւ Թեստավորման կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի հանդեպ եւս
ճնշումները շարունակվում են։ Պատահական զուգադիպությա՞մբ է, որ վերջերս չեն կայանում
խորհրդի նախատեսված նիստերը։ Փոխարենը, վաղօրոք նշանակված խորհրդի նիստի օրը
քննարկում է հրավիրում Շիրակի մարզում գնահատման նոր համակարգի փորձարկման անցկացման
համար նախարարի գլխավորությամբ կազմավորված հանրապետական հանձնաժողովը, որը կարծես
թե դարձյալ կազմավորվել եւ առաջնորդվում է «սխալը» ուղղելու տրամաբանությամբ։ Մի
հանգամանք. դրա կազում ընդգրկված են առայժմ գործող բուհական ընդունելության համակարգում
լուրջ փորձառություն եւ դերակատարում ունեցող այնպիսի անձինք, ինչպիսին է, օրինակ,
հաշվիչ կենտրոնը գլխավորող Ռուբեն Թոփչյանը։ Ակամայից հիշում ես «Գառանը գելին ի
պահ են տվել» ասույթը։ Ստեղծված այս ողջ կացության մեջ՝ նորմալ գործունեության
հնարավորություններ չտրամադրելու պարագայում եւ առաջին մեծածավալ փորձարկման արդյունքներից
դեռեւս հետեւություններ չարած, նախարարության պատասխանատուները հիմա էլ հայտարարում
են, թե մինչեւ ուսումնական տարվա ավարտը Երեւանում եւս պետք է փորձարկում անցկացվի։
Ու հօգուտ արտահայտված վարկածի՝ ամբողջանում է տպավորությունը, թե ամեն ինչ արվում
է չհիմնավորված գործընթացներով՝ այդ թվում նաեւ փորձարկումներով, համակարգի հիմնումն
ու կայացումն ամեն գնով ձախողելու եւ հետաձգելու համար։ Այսպիսով, ստացվող օգուտը
երկակի կլինի. նախ՝ Թեստավորման կենտրոնի տնօրինությանն անգործունակ ճանաչելու եւ
վերը նշված «սխալը» ուղղելու հիմք կստեղծվի, ապա՝ հին քննությունների համակարգը հնարավոր
կլինի աշխատեցնել թեկուզ եւս մեկ տարի։ Տ. ԱՍԱՏՐՅԱՆ Քանի
որ առաջ քաշած մեղադրանքները բավականին լուրջ են, ակնկալում ենք ԿԳՆ պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել