Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ՝ ԿԱՅԱՆԱՆՔ»

Մարտ 04,2006 00:00

Երեկ
իր մրցակից «ԱրմենՏելին» գրեթե խնդրում էր «Ղ-Տելեկոմի» ներկայացուցիչը Դեկտեմբերի
վերջին օրերին «ԱրմենՏելն» իր բջջային «SIM» կապի 1 տարվա բաժանորդներին բոնուսային
նվեր արեց՝ 2005-ին յուրաքանչյուրի խոսացածի միջին չափով րոպեներ, ընդ որում 1 րոպեի
դիմաց բաժանորդը պետք է վճարի 2 դրամ՝ 40-ի փոխարեն: Նվեր տված րոպեները բաժանորդները
պետք է սպառեն հունվարից մինչեւ ապրիլ ժամանակահատվածում՝ դեպի «ԱրմենՏելի» բջջային
եւ ֆիքսված կապով հեռախոսահամարներին զանգեր կատարելիս: Այս ակցիան առիթ էր դարձել
բջջային մյուս օպերատոր «Ղ-Տելեկոմի» տնօրինությանը՝ բողոքի դիմումներ ուղարկելու
միանգամից երկու կարգավորող հանձնաժողովների՝ Բնական մենաշնորհների կարգավորման եւ
Տնտեսական մրցակցության պաշտպանության: Երեկ բողոքը քննվեց Բնական մենաշնորհների
կարգավորման հանձնաժողովում: «Ղ-Տելեկոմի» փոխնախագահ Վահան Հարությունյանի
ասելով, մրցակիցը՝ թիվ 60 լիցենզիան խախտելով, սակագնային այլ գներ է կիրառել, 38
դրամով նվազեցված գինը սահմանել է՝ այն սուբսիդավորելով միայն «ԱրմենՏելի» մենաշնորհ
հեռախոսակապի այլ ծառայություններից ստացված եկամուտով. միջազգային ելք, «թելով»
կամ ֆիքսված հեռախոս, ինչը նույնպես պայմանագրային խախտում է: Քանի որ «Ղ-Տելեկոմը»
զրկված է այդ բացառիկ հնարավորություններից եւ չի կարող իր բաժանորդներին նման նվերներ
անել՝ մրցակցային դաշտում ստեղծվել են անհավասար պայմաններ: Հետեւաբար հանձնաժողովին
ներկայացված պահանջն այն էր, որ վերջինս խախտում կատարած «ԱրմենՏելի» «ականջները
քաշի» եւ պարտադրի՝ այլեւս թույլ չտալ նման «անօրինական» նվերներ անել: «Ինչպե՞ս
բացատրել գովազդային տեքստի այն տողը, թե «այդ զանգերի զգալի մասն արդեն վճարված
է», ո՞ւմ հաշվին է վճարված»,- Վ. Հարությունյանի այս հարցին «ԱրմենՏելի» կոմերցիոն
գծով տնօրեն Արմեն Սիմոնյանը կարճ պատասխանեց. «Դա նշանակում է, որ 40 դրամից 38-ն
արդեն վճարված է եւ՝ ընկերության հաշվին»: «Ղ-Տելեկոմը» պնդում էր, որ «հուլիսին,
երբ «ԱրմենՏելի» բաժանորդների մի մասն ինչ-ինչ պատճառներով դարձավ մեր բաժանորդը՝
տեղյակ չէր այդ 2 դրամանոց րոպեներից» ու քանի որ «մենք չենք կարող գների նման իջեցում
անել՝ կարող ենք նրանց կորցնել»: Ա. Սիմոնյանը հակադարձեց, թե «բոլոր բաժանորդները
բոնուս համակարգից տեղյակ էին, կարող էին ընդամենը հաշվել», նաեւ՝ «մենք ամեն ինչ
անում ենք մեր բաժանորդներին պահելու, իսկ դուք խոսում եք՝ նրանց մեր ձեռքից տանելու
մասին»: Նկատելի էր, որ վեճի մեջ «ԱրմենՏելն» իր փաստարկներով բացառիկ առավելություն
ուներ, սակայն գլխավոր հաղթաթուղթն ընկերությունը պահել էր ավարտական ելույթի համար՝
այն չէր ներկայացվել նաեւ հանձնաժողովին: Խոսքը վերաբերում է մենաշնորհային ծառայություններից
«բջջային ակցիան» սուբսիդավորելու հարցին. երկար-բարակ բանավեճից հետո, որի արդյունքում
չհստակվեց՝ «ԱրմենՏելն» իրավունք ունե՞ր ոչ բջջային աղբյուրներից ստացված եկամուտներով
սուբսիդավորել բջջային ակցիան, ընկերության ներկայացուցիչ Ա. Սիմոնյանը հանկարծ հայտարարեց,
թե «սուբսիդավորում այլ ծառայություններից չի եղել ընդհանրապես, դա եղել է նույն՝
բջջային ծառայության մեջ ժամանակի կտրվածքով սուբսիդավորում եւ այլ աղբյուրից օգտվելը
չեք կարող ապացուցել»: Նա պատահական թվեր կիրառելով՝ նույնիսկ բացատրեց իրենց «բոնուսային»
մեթոդը, որը «մեր մրցակցի մտքով չի էլ անցել. ասենք՝ 7 զանգից մեկը անվճար դարձնելով
նույն նվերը կարող էր անել նաեւ «Ղ-Տելեկոմը»: Էլ ավելի հետաքրքիր բացահայտում
արեց «ԱրմենՏելի» իրավաբանական գծով տնօրեն Արտակ Խաչատրյանը. «Մեր ակցիան մրցակցային
նպատակ չի հետապնդել, մենք դրանով ցանկացել ենք ինչ-որ կերպ փոխհատուցել հուլիս-օգոստոս
ամիսներին մեր բաժանորդներին պատճառած անհարմարությունը, երբ ամեն 10 զանգից մեկն
էլ տեղ չէր հասնում: Հենց այդ ժամանակ մտածեցինք բոնուսի այս գաղափարը, որով հաջողվեց
պահել մեր բաժանորդներին, ինչպես նաեւ՝ խուսափել դատական գործընթացից»: Ի
դեպ, Ա. Խաչատրյանի այս հայտարարությանը համաձայն չէին ընկերության մյուս ներկայացուցիչները՝
նիստից հետո քննարկելով ասվածը, նրանք հայտնեցին, որ «փոխհատուցում արդեն արել ենք՝
բաժանորդային վճարի զեղչով»: Հանձնաժողովը որոշեց, որ ակցիան ներառում է հակամրցակցային
գործելակերպի հատկանիշներ՝ դրա վերջնական բնորոշումը թողնելով, թերեւս՝ Տնտեսական
մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, իսկ մեկ րոպեի դիմաց 2 դրամ սակագնի կիրառումը
համարելով թիվ 60 լիցենզիայի 6.Դ. 2 կետի խախտում՝ ընդունեց դա ի գիտություն, եւ
ընդամենը, ինչի առնչությամբ «Ղ-Տելեկոմի» ներկայացուցիչ Վ. Հարությունյանը դժգոհեց.
«Բա հետեւա՞նքը»: Հետեւանք չկար: Ներկայացուցիչն «Առավոտին» չմանրամասնեց՝ սպասո՞ւմ
էր նման ելքի, թե՞ ոչ. «Հետո կասենք մեր կարծիքը»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել