Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ «ԲԱՐՈՅԱԼՔՎԱԾ ԵՆ»

Մարտ 04,2006 00:00

ԲԱՔՎՈՒՄ
ՆՈՒՅՆՊԵՍ «ԲԱՐՈՅԱԼՔՎԱԾ ԵՆ» «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին
հայտարարությունն ապակառուցողական բնույթ է կրում եւ հաշտության բանակցությունների
օգտին չի ծառայում»,- «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության
եւ մամուլի վարչության պետ Թաիր Թաղիզադեն՝ մեկնաբանելով նախօրեին հայկական հեռուստաալիքներին
Ռ. Քոչարյանի տված հարցազրույցի այն հատվածը, որում վերջինս խոսում է Հայաստանի կողմից
ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին: «Միանգամայն ակնհայտ է, որ այդ հայտարարությունն
արվել է՝ տուրք տալով ներքին շահերին: Այն մի կողմից, կարծես, հստակորեն որոշում
է հենց հակամարտությունում եւ հաշտության բանակցությունների գործընթացում Հայաստանի
դերը, իսկ մյուս կողմից ՝չի նպաստում այդ բանակցությունների առաջընթացին»,- ասել
է Թաղիզադեն: «Չնայած Հայաստանի կողմից շարունակվող բազմամյա ագրեսիային եւ Ադրբեջանի
տարածքների օկուպացմանը, Բաքուն շարունակում է պահպանել նվիրվածությունը հաշտության
բանակցությունների գործընթացին եւ այդ հայտարարությունը դիտում է որպես հաշտության
բանակցություններում ձեռք բերված զարգացման միանշանակ խոչընդոտ»,- ամփոփել է Թաղիզադեն:
Քոչարյանի հեռուստահարցազրույցը շատ ավելի ազատ են մեկնաբանել ադրբեջանցի
քաղաքագետները, որոնք, ըստ «Էխո» թերթի, հիմնականում քիչ հավանական են համարել առաջիկայում
ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂ հակամարտության գոտում: Քաղաքագետ Զարդուշտ
Ալիզադեի կարծիքով, բոլորը գիտեն, որ արդեն 14 տարի բանակցությունները փակուղում
են: «Ես համոզված եմ, որ ադրբեջանական բանակն ամենեւին պատրաստ չէ պատերազմի: Ներկայիս
կոռումպացված պարտվողական գեներալներով չի կարելի պատերազմ սկսել»,- նշել է քաղաքագետը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման ներուժն ամենեւին
չի օգտագործվել: «Գոյություն ունի հսկայական ռեզերվ՝ հաշտության ներուժի օգտագործման
համար: Այն, որ դա չի արվում, նշանակում է, որ նրանք չեն ցանկանում լուծել խնդիրը,
չեն ցանկանում հասնել թե հայերի, թե ադրբեջանցիների համար պատվաբեր հաշտության: Ալիեւի
եւ Քոչարյանի շահերը համընկնում են այն բանում, որ հարկ է երկարաձգել հակամարտությունը,
իսկ ժողովրդին՝ ժամանակ առ ժամանակ վախեցնել»,- կարծում է Ալիզադեն: Քաղաքագետ Էլդար
Իսմայլովը նույնպես ենթադրում է, որ ռազմական դիմակայություն չի լինի: «Բանակցություններն
իրոք փակուղի են մտել, քանի որ կողմերը ոչ մի շփման կետ չունեն: Վախենում եմ, որ
ընդհանրապես արդեն խոսք չի կարող լինել բանակցությունները շարունակելու մասին: Այսօր
խնդրի նկատմամբ կողմերի դիրքորոշումները ոչնչով չեն տարբերվում 10-15 տարվա վաղեմության
դիրքորոշումներից»,- ասել է Իսմայլովը: ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի առիթով
հայտարարություն է տարածել նաեւ ԵՄ-ն: Դրանում, մասնավորապես, «ափսոսանք» է հայտնվում
այն կապակցությամբ, որ «Ռամբույեի հանդիպմանը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին չի հաջողվել
կայացնել դժվարին որոշումներ, որոնք անհրաժեշտ են մեծ առաջխաղացում ապահովելու համար»:
Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել