Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմի կուսակցության ուրվականը

Մարտ 04,2006 00:00

Պատգամավորները քննարկում են Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

«Եթե գա մի պահ, երբ իսկապես Ադրբեջանը միանշանակ ասի՝ ժամանակն աշխատում է մեր օգտին, մենք կուժեղացնենք մեր բանակն ու հետագայում ուժի իրավունքով կլուծենք ԼՂ հարցը, ապա մեր անելիքը կլինի հետեւյալը. նախ՝ ԼՂՀ-ի դե-յուրե ճանաչում ՀՀ կողմից: Երկրորդ, ԼՂՀ ժողովրդի անվտանգության համար ՀՀ պատասխանատվության իրավական ձեւակերպում, մի շարք պայմանագրերի ստորագրում, որը կնշանակի, թե ԼՂ նկատմամբ որեւէ ոտնձգություն նշանակելու է ոտնձգություն ՀՀ-ի նկատմամբ: Երրորդ, ԼՂ շուրջ ձեւավորված անվտանգության գոտու ամրապնդում նոր, ավելի համապարփակ մոտեցումներով: Այստեղ փակագծերն ավելի բացել չեմ ուզում: Եվ, իհարկե, պաշտպանական հարցերում մեր ինտեգրացման ակտիվ գործընթաց»,- իր հարցազրույցում երկու օր առաջ հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս հայտարարությունը երեկ քննարկում էին ԱԺ խումբ-խմբակցությունները:

Ամենից սենսացիոնը, ինչպես միշտ, ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի գնահատականն էր: Պարոն Սահակյանը պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել այդ հայտարարությունը, բառացիորեն ասաց. «Անձնական կարող եմ ասել, դա պատերազմի հայտարարում է»: Ճիշտ է, դրանից հետո պարոն Սահակյանը փորձեց մանրամասնել, իր միտքն այլ հարթությունում մեկնաբանել, բայց ասվածն արդեն հնչել էր, եւ, բնականաբար, հետաքրքիր էր այս ամենի կապակցությամբ լսել նաեւ մյուս խմբակցությունների տեսակետները:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում կար «պատերազմը չբացառելու նոտա, եւ նման նոտաներ հնչեցին ե՛ւ Ադրբեջանի նախագահի, ե՛ւ այդ երկրում ԱՄՆ դեսպանի կողմից: Մենք այս իրավիճակը գնահատում ենք շատ վտանգավոր»: Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ հաստատվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն զգուշացումը, թե իշխանության է եկել պատերազմի կուսակցությունը: Այս հարցին ի պատասխան՝ Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Տվյալ պարագայում ես ոչ թե ասացի, որ այսօր իշխանության ղեկին գտնվում է պատերազմի կուսակցությունը, այլ եթե պատերազմ սկսվեց, որը ես չեմ կարող բացառել, ուրեմն Հայաստանում պատերազմի կուսակցություն է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը բոլորովին այլ կարծիքի է եւ գտնում է, որ «ՀՀ նախագահը այդ հայտարարությամբ պատասխանել է ոչ միայն ադրբեջանական տարբեր պաշտոնյաների վերջին մեկ տարվա ռազմատենչ հայտարարություններին, այլեւ կոնկրետ Ադրբեջանի նախագահի որոշ արտահայտություններին, որոնք բանակցային այս փուլում, իմ համոզմամբ, փորձում են անցնել հոգեբանական ճնշման՝ սպառնալով, այսպես կոչված, ավելացող գումարների շնորհիվ իրենց բանակի վերազինմամբ եւ պատերազմի վերսկսման հեռանկար են մատուցում: Եվ, բնական է, որ ՀՀ նախագահը պետք է համարժեք պատասխան տար, եւ դրա իմաստն իմ կարծիքով այն էր, որ բարի կամքի արտահայտություն է եղել առայսօր, եւ եթե բանակցային գործընթացի փուլը պետք է ավարտված համարվի եւ խոսվի այլ չափորոշիչով, ապա ՀՀ-ն պետք է կատարի այն քայլերը, որոնք միշտ կարող ենք կատարել. չմոռանանք, որ ՀՀ Գերագույն խորհուրդը ժամանակին ընդունել է շատ կարեւոր մի որոշում, որով արգելված է ցանկացած պարագայում ստորագրություն դնել որեւէ փաստաթղթի տակ, որում ԼՂ-ն ճանաչվի Ադրբեջանի մաս»: Ասվեց նաեւ, որ Դաշնակցության տեսակետը միշտ էլ եղել է այն, որ «մեզ ոչ ոք չի կարող վախեցնել պատերազմի հեռանկարով, որովհետեւ մենք պաշտպանել ենք մեր հայրենիքը, նա, ով պիտի սկսի պատերազմ, փորձելու է գրավել ուրիշ ժողովրդի հայրենիքը»:

«Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանն այլ կարծիքի է, ըստ նրա՝ այդ կարգի հայտարարությունները արվում են միայն ներքին գործածման համար. «Քանի որ՝ ինչպես մեր նախագահը, այնպես էլ հարեւան պետության նախագահը այս բանակցային գործընթացներում իրենց ժողովուրդների ակնկալիքները չեն բավարարել եւ հուսախաբ են արել, եւ ստիպված են լինում նա՝ այնտեղ, մեր նախագահն այստեղ վիճակը ավելի բարդ ներկայացնել կամ նոր տիպի հայտարարություններ անել, մասնավորապես՝ սա: Ես կարծում եմ, ԼՂ անկախությունը ճանաչելով՝ այս գործընթացներում որեւէ առաջընթաց չի լինի, եթե դա որեւէ բան տար, ԼՂ անկախությունը կարելի էր դեռ տասնչորս կամ տասներեք տարի առաջ ճանաչել»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել