Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Մարտ 04,2006 00:00

Այսպես է «Ազգային միաբանություն» խմբակցության
անդամ Աղասի Արշակյանը գնահատում գազի գնի կրկնակի բարձրացման հայտը: Հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 10-ի նիստում որոշում կկայացվի «ՀայՌուսգազարդ»
ընկերության ներկայացրած բնական գազի սակագնի բարձրացման հայտի վերաբերյալ: «ՀայՌուսգազարդ»-ը
փետրվարի 28-ին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բնական
գազի գործող սակագնի կրկնակի բարձրացման հայտով: Սակագնի բարձրացման անհրաժեշտությունը
ընկերությունը հիմնավորել էր Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի կրկնակի
թանկացման իրողությամբ: «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացրած հայտի համաձայն՝ 1 խմ գազի
դիմաց ներկայիս 59 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 108 դրամ: «Ազգային միաբանություն»
խմբակցության անդամ Աղասի Արշակյանը հաշվարկներով ապացուցեց, որ այս հայտը հիմնավորված
չէ. «Բնակչությանը գազի մանրածախ վաճառքի նրանց հայտարարած թիվը՝ 108 դրամ 1 խորանարդ
մետրի համար, կամ որ նույնն է՝ 240 դոլար, պետական գրպանահատություն է, ուղղակի անթույլատրելի
բան: Եթե մարդն ունի թվաբանական տարրական գիտելիքներ, ապա պետք է հիշի. երբ 1 դոլարի
փոխարժեքը տատանվում էր 550-560 դրամի սահմաններում՝ 1 խմ գազի մանրածախ արժեքը սահմանվեց
51 դրամ: Այդ ժամանակ մենք էլի Ռուսաստանից Հայաստանի սահմանի վրա գազի 1000 խմ-ը
գնում էինք 56 դոլարով: Իսկ մանրածախ գնի արժեքը 90 դոլար էր (1000 խմ գազի վաճառքի
գինը՝ 51000 դրամը համապատասխանում էր 90 դոլարի): Հետեւաբար, ընդամենը 34 դոլար
էր կազմում «ՀայՌուսգազարդ»-ի ներհանրապետական բաշխման եւ դրա սպասարկման ծախսը:
Ընկերությունը միանշանակ տեղավորվում էր այդ գումարի մեջ՝ ե՛ւ կազմակերպությունը
պահելու, ե՛ւ վերանորոգման ու սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար: Երբ
դոլարի փոխարժեքն ավելացավ ու դարձավ 590 դրամ՝ միջանկյալ օգտվեցին դրանից ու ավանտյուրայի
գնացին՝ սակագինը բարձրացրին ու դարձրին 59 դրամ, որն այդ ժամանակվա փոխարժեքով՝
համարժեք էր 100 դոլարի: Այսինքն, շարունակելով 1000 խմ գազը ստանալ 56 դոլարով՝
բնակչությանը ծախում էին 100 դոլարով, ու «ՀայՌուսգազարդի» մասնաբաժինը կազմեց արդեն
44 դոլար: Մի կարեւոր հանգամանք էլ. այդ ընթացքում «ՀայՌուսգազարդը» փաստորեն
թանկացրեց գազի գինը 30 դոլարով: Երբ մեր արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը
590-600 դրամից իջավ 440-450-ի՝ գազը շարունակում էին ներկրել 56 դոլարով, սակայն
բնակչությանը շարունակում վաճառել 59 դրամով: Իսկ 1000 խմ-ի համար 59000 դրամն արդեն
համարժեք էր դարձել 130 դոլարի: «ՀայՌուսգազարդի» շահույթը 34, հետո 44-ից հասավ
արդեն 74 դոլարի: Հիմա այս 3 հանգամանքները հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ
գազի մանրածախ գինը Հայաստանում պետք է լինի առաջին դեպքում՝ 65 դրամ, երկրորդ դեպքում՝
ամենաշատը, 82,8 դրամ: Իսկ «ՀայՌուսգազարդը» հիմա առաջարկում է սահմանել 108 դրամ:
Այսինքն՝ իրենք ապրիլի 1-ից գազը ստանան 110 դոլարով, իսկ բնակչությանը վաճառեն 240
դոլարո՞վ: Ընդգծում եմ տարբերությունը՝ 130 դոլար: Այս ընկերությունը ցանկանում է,
նախորդ տարվա համեմատ, միանգամից ստանալ 100 դոլարի շահույթ: Եվ տարրական
տնտեսագիտական հասկացություն կա՝ երբ մեծանում են ծավալները՝ դա վերաբերում է նաեւ
սպասարկման ոլորտին: Միավորի սպասարկման արժեքը պիտի պակասի՝ աշխատատարության եւ
այլ գործոնների հաշվին: Իսկ մեզանում տեղի է ունենում լրիվ հակառակը: Այսինքն՝ ռուսներն
ուզում են գազը թանկացնել 54 դոլարով, իսկ մերոնք այդ արանքում ուզում են «կճմթել»
130 դոլար»: Նշենք, որ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այս առնչությամբ
ասել էր լրագրողներին, թե «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտով պահպանվել են այն
համամասնությունները, որոնք գործել են մինչ օրս՝ բնակչությունը վճարում է 1000 խմ-ի
դիմաց՝ 130 դոլարին համարժեք դրամ, արդյունաբերությունը՝ 79,1 դոլարին համարժեք դրամ։
Հարցին ի պատասխան, թե արդյոք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
կարո՞ղ է 110 դոլարից ավելի ցածր գին սահմանել՝ էներգետիկայի նախարարն ասել էր. «Հանձնաժողովը
չունի իրավունք սահմանել այնպիսի գին, որը տվյալ ընկերությանը կդնի վնասով աշխատողի
վիճակի մեջ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ.
«Արդարություն» խմբակցության քարտուղարը երեկ հայտարարել է, թե պահանջում են ԱԺ-ում
անցկացնել լսումներ՝ գազի սակագնի բարձրացման հետ կապված կառավարության կոնկրետ ծրագրերի
վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել