Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՆՇԵ՛Ք

Մարտ 03,2006 00:00

ՃՆՇԵ՛Ք ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» փաստաթղթում մեկ առ մեկ ներկայացված է, թե հարեւան պետությունների հետ ինչ հարաբերություններ պիտի ունենա մեր երկիրը: Վրաստան Այս երկրին վերաբերող բաժնում ուշագրավ է վիրահայությանը եւ Ջավախքին վերաբերող հատվածը, թե Հայաստանի համար մտահոգության առիթ է Վրաստանում ներքաղաքական իրավիճակի պարբերական ապակայունացումը՝ կապված ազգամիջյան անհանդուրժողականության հետ: Իրական սպառնալիք է դիտվում քաղաքաբնակ վիրահայության՝ Վրաստանում ունեցած հասարակական դերակատարության նվազման միտումը: Ու նաեւ նշվում է, թե գնահատման կարիք ունի վիրահայ սփյուռքի ուծացման ռւ նրա՝ որպես քաղաքական գործոնի դերի անկման վտանգը: «Վրաստանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը վտանգում է Հայաստանի տնտեսատրանսպորտային կապը արտաքին աշխարհի հետ, իսկ ազգամիջյան անհանդուրժողականությունը կարող է նաեւ ստեղծել հակահայկական տրամադրություններ՝ դառնալով Ջավախքի հայության արտագաղթի պատճառ: Ուստի Հայաստանը մեծապես շահագրգռված է Վրաստանի ներքաղաքական կայունության, հաստատուն եւ անվտանգ զարգացման մեջ եւ իր հարաբերություններում առաջնորդվում է հենց այդ սկզբունքով»,- նշված է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» փաստաթղթում: Սակայն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2005-ի փետրվարի 16-ին զինված ուժերի հրամանատարական կազմին ներկայացնելով ազգային անվտանգության հայեցակարգի հիմք ընդունելիք այս զեկույցը՝ նաեւ նշել էր, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Վրաստանի համատեղ տնտեսական, տրանսպորտային, ռազմական ծրագրերը «նպատակաուղղված են մեր տարածաշրջանում հավասարակշռության խախտմանը եւ Հայաստանի մեկուսացմանը»: Եվ այս առումով առավել մեծ վտանգ է ներկայացնում Կարս8211Ախալքալաք երկաթուղու շինարարության նախագիծը: Ի դեպ, նշված է, թե ռազմական բնագավառում Հայաստանի ու Վրաստանի միջեւ գրեթե չի իրականացվում գործնական համագործակցություն: Իրան «Հայ-իրանական համագործակցությունը նպատակաուղղված է թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական քաղաքականության չեզոքացմանը»,- նշված է հայեցակարգում: Ընդգծված է, թե Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վարում է հավասարակշռված քաղաքականություն: Ու նաեւ, որ «Իրանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը Հայաստանի քաղաքականության այն կարեւորագույն մասն է, որը նպատակաուղղված է իսլամական աշխարհում մեր երկրի նկատմամբ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը»: Թուրքիա «Հայ-թուրքական հարաբերությունների լարված բնույթը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար ստեղծում է մի շարք սպառնալիքներ՝ խոչընդոտելով Հայաստանի կայուն զարգացման գործընթացին»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Եվ իբրեւ Հայաստանի ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող խնդիր ներկայացրել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Թուրքիայի ձգտումը ԼՂ հակամարտությունը կարգավորել հօգուտ Ադրբեջանի: «Տվյալ սպառնալիքների չեզոքացումը հնարավոր է Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ոչ թշնամական վերաբերմունքի ձեւավորման դեպքում: Այս առումով մեծ դեր կարող է խաղալ միջազգային հանրության, հատկապես եվրոպական կառույցների՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի միջնորդական դերը»: Փաստաթղթում նշված է, թե Հայաստանի արտաքին անվտանգության ռազմավարությունը նպատակաուղղված է այդ ջանքերի եւ Թուրքիայի վրա գործադրվող ճնշումների ակտիվացմանը: Ադրբեջան. ԼՂ խնդիր Ղարաբաղի խնդրի սառեցված բնույթն, ըստ այս զեկույցի, Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար առաջացնում է նախ անմիջական ռազմական սպառնալիք. «Հնարավոր վտանգ են ներկայացնում նաեւ Ադրբեջանի փորձերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից տեղափոխելու այլ հարթություն, մասնավորապես՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ կամ ՆԱՏՕ», այսինքն՝ խնդրի էությանն անծանոթ միջազգային կազմակերպություններ: Մինչդեռ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է միայն Մինսկի խմբի շրջանակներում: Հայեցակարգում շեշտված է հետեւյալ թեզը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ ԼՂՀ անկախության ձեռքբերումը կատարվել է ԽՍՀՄ այդ ժամանակ գործող բոլոր օրենսդրական պահանջներին համապատասխան: ՊՆ նախարարը նշել է, թե Հայաստանի տարածաշրջանային տնտեսական մեկուսացումը կանխելու համար «անհրաժեշտ է ակտիվացնել դրան նպատակաուղղված ջանքերը, մեծացնել միջազգային հանրության միջոցով Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել