Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբամաններ՝

Մարտ 02,2006 00:00

Աղբամաններ՝ մրցանակակիրներին Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը երեկվա «ազդանշանային» ասուլիսում հրապարակեց իրենց կարծիքով եթերն աղտոտող հեռուստատեսային երեք հորինվածքների անունները: «Ապազգային» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենիա» հեռուստաընկերության «Էքսկլյուզիվ» հաղորդաշարը, որի հաղորդավարուհին, ինչպես նկատել էին ակումբի դիտորդները, եթեր էր դուրս եկել ներքնահագուստատիպ հանդերձանքով եւ խոսել 1915 թվականի մասին: Երկրորդ՝ «Ապադաստիարակչական» անվանակարգում սահմանված մրցանակը՝ պատվոգիր եւ ոսկեգույն աղբաման, շնորհվեց «Դար 21» հեռուստաընկերության «Ժամանց» ծրագրին, որը կիսաթուրքական մուղամների տակ առաջարկում է երիտասարդությանը զվարճանալ այս կամ այն դիսկոտեկում ու զվարճանքի օբյեկտներում: Երրորդ՝ «Ամենագռեհիկ գովազդ» անվանակարգում նշվեց «Ջաֆա գոլդ» հյութի գովազդային տեսահոլովակի անունը: Մրցանակատերերը, բնականաբար, չէին եկել իրենց մրցանակները ստանալու եւ «հաղթողների» վերաբերյալ փաստաթուղթը հրապարակելուց հետո դրանք Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբի անդամները նետում էին ոսկեգույն աղբամանի մեջ՝ հետագայում պատվոգրի հետ հասցեատերերին հանձնելու ակնկալիքով: Սիրված դերասան Սոս Սարգսյանը ողջունելով երիտասարդների այս նախաձեռնությունը, ասաց, որ մտահոգությունը տեղին է, քանի որ ազգապահպանման խնդիրը օրեցօր դառնում է անհանգստացնող: «Աշխարհում ոչ մի թուրք ու քուրդ չի կարող մեր հախից գալ, եթե մենք մեր հախից չգանք,- նշեց Ս. Սարգսյանը եւ եթերային ներկայիս իրավիճակը զուգահեռեց մի օրինակի հետ,- մարդու գոյությունը արդարացվում է ուրիշին պետք լինելով»: Խորեն Պալյանն էլ երիտասարդների ձեռնարկը համարեց հրաշք, քանի որ, ըստ նրա, քաղաքական ուժերը սովորաբար երիտասարդությանը դարձնում են խաղալիք: Պրն Պալյանն ասաց, որ մենք հիմա հետընթաց ենք ապրում, իսկ ազգայինը աղտոտող հեռուստաընկերությունների շարքում հիշեց նաեւ Հանրայինին: «Հանրային հեռուստաընկերությունը բացարձակ ազգային ոչինչ չունի, պատահական մարդիկ են եթերը զբաղեցնում, կան նաեւ զավզակներ, որոնք իբր մթնոլորտ են ստեղծում»,- ջահելների ասելիքը շարունակեց Պալյանը: Երվանդ Մանարյանն էլ հիշեցրեց, որ ոչ մի հասարակություն առանց աղբի չի լինում: Միաժամանակ նկատեց. «Եթե ես իմ գրիչը շարժում եմ միայն իմ օգուտի համար՝ վատ է: Եթե այդ գրիչը շարժում եմ ուրիշին եւս օգուտ տալու համար՝ լավ է»: Նաեւ չմոռացավ ներկաներին մաղթանք հղել. «Ցանկանում եմ գրիչներդ դառնան ցախավել՝ այդ աղբը մաքրելու համար»: Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն էլ «Առավոտին» ասաց. «Մենք ընդօրինակում ենք այլ ցեղերի բարքերը՝ կորցնելով մեր դեմքը: Ես չեմ ուզում դառնալ եվրոպացի, ես ուզում եմ մնալ հայ: Եվրոպայի ջատագովները փորձում են եվրոպացիների պահանջները բավարարելով դառնալ եվրոպացի, բայց ընդամենը իրենց ֆուտլիարն են փոխում»: Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբի անդամ Նարեկ Մալյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Եթե այս զգուշացումը հաշվի չառնեն, միտինգների, ցույցերի եւ այլ միջոցների կդիմենք, կփորձենք հանդիպել «Արմենիայի» եւ «Դար 21»-ի գլխավոր տնօրինությանը՝ Ջ. Գաֆեսճյանին եւ Ա. Աղաբաբյանին, ու պարզել՝ իրենք տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում իրենց հեռուստաընկերություններում»: Նա ասաց, որ մրցանակաբաշխությունը ամենամյա է լինելու: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել