Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՐՈՆՎՈՒՄ

Մարտ 02,2006 00:00

ՈՐՈՆՎՈՒՄ Է ՄԵՐ «ՍՈՒՊԵՐՍԹԱՐԸ» Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով՝ արտերկրյա այս նախագիծը «մշակութավրեպ է» Եթե չունենք նորը կամ չենք կարողանում ստեղծել, ապա, բնական է, պետք է ներմուծենք: Նման «քաղաքականություն» արդեն տարիներ շարունակ վարում են հայաստանյան TV-ները: Ինչպես գիտենք, «Շանթ» հեռուստաընկերությունը սկսել է Հայաստանում իրականացնել «Հայ սուպերսթար» նախագիծը, որի իրավունքը ստացել է համաշխարհային հեռուստաշուկայում հայտնի բրիտանական IDOLS ընկերությունից: Արդեն կայացել են երիտասարդ երգիչների լսումներ Գյումրիում եւ Վանաձորում, իսկ մարտի 3-ին եւ 4-ին կշարունակվեն Երեւանում՝ տեղաբնակների ու հարակից շրջանների համար: Արցախյան լսումների ժամկետները դեռ ճշտվում են: Չցանկանալով ստվեր գցել նախագիծը իրականացնողների վրա, այնուամենայնիվ, մինչ վերջինիս մեկնարկը մասնագետների շրջանում շրջանառվում են խոսակցություններ, թե մեր երկրի նման փոքր տարածքում, որտեղ կոնկրետ TV-ներով անցկացվում են ժամանակակից երգի մրցույթներ («Կռունկ», «Կանաչ գոտի», «Ոսկե քնար» եւ այլն), ի՞նչ կարիք կար գնել այդ նախագիծը: Հնարավոր չէ՞ր այդ գումարը տրամադրել այսօր այդ ասպարեզում գործող «սթարներից» մեկին, ինչի կարիքը Հայաստանում ունի անգամ համբավավոր կատարողը: Վաղօրոք իմանալով պատասխանը եւ, իհարկե, մեր մենթալիտետը, այնուամենայնիվ կապվեցինք «Շանթ» հեռուստաընկերության նախագահ Արթուր Եզեկյանի հետ՝ իմանալու կոմերցիոն գաղտնիք համարվող նախագծի գումարի չափը: Բնականաբար, վերջինս չհայտնեց նախագծի արժեքը: Ընդ որում, պարզվում է, նույնկերպ են վարվում նաեւ ռուսաստանյան PTP հեռուստաընկերության բրիտանական հայտնի ծրագրի՝ «Նարոդնի արտիստի» տեղական պատասխանատուները: Ի տարբերություն իրենց գործընկերների, OPT հեռուստաընկերության պաշտոնյաներից մեկը, որը խնդրեց չհրապարակել անունը, մեզ հայտնեց դարձյալ ներմուծված «Ֆաբրիկա զվյոզդ» նախագծի արժեքը: Այն կազմում է կես մլն ԱՄՆ դոլար: Վերջին «ֆաբրիկայում», որտեղ դասեր էր անցկացնում ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, ըստ նախնական պայմանավորվածության, վերջինս առձեռն ստացել է 1,5 մլն դոլար: Մոսկովյան շոու-բիզնեսին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ տեղի TV-ների նման ծրագրերում, բացի նախագծեր գնելուց, ֆինանսական մեծ ներդրումներ են կատարում նաեւ ռուս մեծահարուստները: Նշեց նաեւ, որ «ֆաբրիկայի» մասով ORT հեռուստաընկերության ղեկավար Կոնստանտին Էռնստը ոչինչ գաղտնի չի պահում: Վերադառնալով մեր՝ հայկական «Սուպերսթարին», տեղեկացնենք, որ մասնագետների շրջանում արդեն հիասթափություն է առաջացրել մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանի հրաժարականը: Վերջինիս կապակցությամբ մրցույթի մենեջեր Էրիկ Անթառանյանն ասաց, որ պարոն Երզնկյանը հրաժարվել է՝ տեխնիկական պատճառներից ելնելով: Կոմպոզիտորից պարզեցինք, որ «տեխնիկականը» համարժեք է գերծանրաբեռնվածություն բառին: Է. Անթառանյանի փոխանցմամբ էլ, այսօր ժյուրին, որի կազմում են «Ջեզլ» վոկալ անսամբլի ղեկավար Նաիրա Գյուրջինյանը, երգիչ Միքայել Պողոսյանը եւ DJ Եգոր Գլումովը, աշխատում են առանց նախագահի: Մրցույթի անցկացման մասին կարծիքներ լսեցինք այս ոլորտում հանրապետության ճանաչված մասնագետներից: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը կարծում է, որ հանրահայտ այս նախագիծը Հայաստանում անցկացնելը ե՛ւ ժամանակավրեպ է, ե՛ւ մշակութավրեպ: «TV-ներից արդեն երեւում է, թե ինչ են երգում եւ ինչ ճաշակ ունեն: Մեզ մոտ՝ փոքրիկ Հայաստանում սթարների այս մրցույթը ռեալ չէ: Տարիներ շարունակ երգը մեզանում դարձել է միջոց՝ ընդամենը դրամ շահելու կամ որոշ քաղաքական ամբիցիաներ բավարարելու»,- ասաց պրն Ամիրխանյանը: Կոմպոզիտոր Արամ Սաթյանն էլ նկատեց, որ նման աշխատանքներում անտեսում են իրենց՝ պրոֆեսիոնալներին. «Աշխարհում պրոֆեսիոնալների դեմ խոնարհվում են, իսկ մեզ մոտ այս ոլորտը տնօրինում են ինքնուսները»: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի կարծիքը կարճ էր ու լավատեսական. «Եթե ամեն ինչ նորմալ ընթանա ու վերջանա՝ լավ կլինի»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը օրերս գրավոր նախազգուշացրել է «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը՝ հեռու մնալ իր «ադամանդներից» ու «սուպերադամանդներից», քանի որ վերջիններիս հետ 3 տարով կնքած պայմանագիր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել