Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՂԱՄԱՐԴ

Մարտ 02,2006 00:00

«ՏՂԱՄԱՐԴ ԷԻՆ՝ ԹՈՂ ՊԱՅՔԱՐԵԻՆ» Թեկնածությունները հանած ռեկտորի պաշտոնի նախկին հավակնորդների մասին ասաց միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Զոյա Թադեւոսյանինն է: Երեկ, առանց «դեմ» ձայնի, Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց միակ թեկնածու, բուհի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը: Բուհի ռեկտորի պաշտոնի հավակնորդների թիվը մեկ շաբաթ առաջ հասնում էր 6-ի: Փետրվարի 23-ից սկսած՝ նրանք սկսել են դիմումներ ներկայացնել բուհի խորհրդի նախագահին՝ իրենց թեկնածությունը հանելու խնդրանքով: Վերջին դիմումը ներկայացվել է հենց երեկ՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Հովսեփ Աղաջանյանը: Յուրի Սուվարյանի գլխավոր հակառակորդը քարոզարշավի ընթացքում համարվում էր պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Ըստ որոշ լուրերի, կառավարության կողմից, մեղմ ասած, առաջարկել են համաձայնության գալ եւ ներկայանալ մեկ ուժեղ թեկնածուով: Միհրդատ Հարությունյանը, ինչպես եւ Յուրի Սուվարյանը, մեզ հետ զրույցում բացառեցին հնարավոր ճնշումների մասին լուրերը: Միհրդատ Հարությունյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե արդյոք հաջորդ ընտրություններում իր հաղթելու պայմանո՞վ է համաձայնության եկել Յու. Սուվարյանի հետ: Նա իր ինքնաբացարկը հիմնավորեց այսպես. «Երբ տեսա, որ մնացել են բուհի ներսի թեկնածուները, այլընտրանք գոյություն չուներ, պիտի պայքարը գնար իմ եւ Սուվարյանի միջեւ, իսկ ես գտնում եմ, որ Սուվարյանն ավելի հարմար է, ավելի փորձառու է: Բացի այդ, ես նաեւ առողջական փոքր խնդիր ունեմ»: Հիշեցնենք, որ «դրսի» թեկնածուների շարքում էին առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը, նախկին սեփականաշնորհման փոխնախարար Միքայել Մելքումյանը, ով իր թեկնածությունը հանել էր հօգուտ Յու. Սուվարյանի, եւ Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Մինչ փակ դռների հետեւում ընթանում էր նիստը, իրենց թեկնածությունը հանած անձանց մասին այսպես էր արտահայտվում բուհի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Զոյա Թադեւոսյանը. «Տղամարդ էին, թող չհանեին իրենց թեկնածությունը, թող գային պայքարեին, եթե իրենց վրա վստահ էին»: Տիկին Թադեւոսյանն ակնհայտորեն հավակնություններ ունի հաջորդ ընտրություններում ռեկտոր դառնալու եւ ասաց, որ երբ դոկտոր դառնա, կառաջադրի իր թեկնածությունը (թեեւ բուհի նոր կանոնադրությամբ դոկտոր լինելը պարտադիր պայման չէ, բայց Զ. Թադեւոսյանն այդ կետի հետ համաձայն չէ, կարծում է, որ ռեկտորը պետք է անպայման դոկտոր լինի): Մ. Հարությունյանին հայտնեցինք իր աշխատակցուհու կարծիքը՝ ինքնաբացարկ հայտնած թեկնածուների մասին. «Ես իմ հանելու մեջ այլ իմաստ եմ դրել, եւ ոչ թե այն ասեկոսեները, որ դուք ինձ հրամցնում եք»: Իսկ Յու. Սուվարյանը տղամարդ լինել-չլինելու մասին իր աշխատակցուհու արած հայտարարությունը, չգիտես ինչու, վերագրեց լրագրողներին. «Ես այդ կատեգորիաներով չեմ կարող մտածել, դա ի՞նչ հարցադրում է, ինձ կոռեկտ հարցեր տվեք»: Բուհի խորհրդի անդամ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը թեկնածուների «հրաժարականը» բացատրեց այսպես. «Երեւի Սուվարյանի հեղինակությունն է պատճառ եղել, որ դուրս են եկել պայքարից»: «Թե՞ ղարաբաղցի լինելը»՝ հնչեց լրագրողներից մեկի հարցը: «Ղարաբաղցի է՞»,- զարմացավ պրն Աբրահամյանը: Այստեղ պրն Սուվարյանը միջամտեց՝ պատմելով կենսագրությունը, թե ինքը քանի տարեկանից է Երեւանում ապրում ու աշխատում: Ի դեպ, պրն Սուվարյանը 62 տարեկան է, եւ, փաստորեն, 3 տարի հետո բուհում ռեկտորի նոր ընտրություններ պետք է տեղի ունենան: Մինչ այդ, նա վստահեցնում է, որ կհասցնի ունենալ առաջին նվաճումները՝ բուհի կյանքում: Նոր ռեկտորը չի զարմանում, որ 5 թեկնածուները հրաժարվել են պայքարից. «Չեմ զարմանում, որովհետեւ նրանց մեծ մասը իմ նախկին սաներն են, ըստ երեւույթին ծանոթացել են իմ հայեցակարգին, իմ փորձն են հաշվի առել, հետո էլ ես իմ էստաֆետը կհանձնեմ իրենց»: ԱԺ փոխնախագահ, խորհրդի անդամ Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ «Իրենց թեկնածությունը հանած անձանց արժանիքների մասին է խոսում այն, որ մտածել են, թե կա մարդ, որ կունենա բացարձակ աջակցություն եւ որի գլխավորությամբ բուհն առավել մեծ հաջողությունների կհասնի»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել