Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՁՈՐԱԿԱՊՑԻՆԵՐԻՆ

Մարտ 02,2006 00:00

ՁՈՐԱԿԱՊՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԺՈ՞ՒՄ ԵՆ ՀՀ կառավարությունը որոշել է Ձորակապի հողերի մի մասը փոխանցել Մարալիկին ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստում, որը վարում էր Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլ հարցերի քննարկվել ու որոշում էր կայացվել ՀՀ մի քանի, այդ թվում՝ Շիրակի մարզի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու եւ այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ: ՀՀ կառավարության այս որոշման համաձայն, համապատասխան հանձնաժողովը, որի աշխատանքները համակարգում են տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ու Անշարժ գույքի պետական կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, նախատեսում է Շիրակի մարզի Ձորակապ գյուղից, որն ունի 1.4 կմ մակերես ու 1190 բնակիչ, մոտ 54 հեկտար տարածք մտցնել Մարալիկ քաղաքի վարչական տարածքի կազմ: Ձորակապցիներն ընդվզում են այս որոշման դեմ: Բանն այն է, որ ժամանակին, երբ Մարալիկը դարձել էր քաղաքատիպ ավան, մոտակա գյուղերից մեկը՝ Բաբրլուն, ըստ էության դադարել էր գյուղ լինելուց. գյուղացիների համար 1-2 շենք էին կառուցել ու գյուղացիներին վերաբնակեցրել, իսկ գյուղի հողերը մնացել էին Մարալիկին: Ձորակապցիների ասելով, դեռ այն ժամանակ նման ծրագիր կար նաեւ Ձորակապ գյուղի մասով, բայց գյուղի կոլխոզի նախագահն ու գյուղացիները կարողացել էին դիմադրել, ու արդյունքում, արդեն Հայաստանի անկախացումից հետո, Ձորակապ գյուղը դարձել էր առանձին միավոր՝ իրավաբանական անձ՝ գյուղի տարածքի մեջ մտնող հողատարածքներով հանդերձ, թեեւ գյուղի վարչական սահմաններն այդպես էլ չէին ամրագրվել: Ձորակապում այսօր, ճիշտ է՝ ոչ լրիվ հզորությամբ, աշխատում է ժամանակին սեփականաշնորհված բամբակամանվածքային ֆաբրիկան, որը, լավ թե վատ, բայց որոշակի գումար է փոխանցում համայնքային բյուջե: Ձորակապի տարածքում կա չգործող ուսումնարան ու Գյումրի-Պեմզաշեն-Մարալիկ երկաթգծի կայարան, որը, գյուղացիների ասելով, արդեն ավելի քան 5 տարի չի գործում: Բայց սոցիալական վիճակը չի խանգարել մարդկանց գյուղի տարածքում նոր տներ կառուցել ու, ինչպես ասում են՝ «տնավորվել»: Գյուղացիները պահանջում են ամրագրել Ձորակապի փաստացի սահմաններն ու վերջ՝ չեն պատրաստվում քաղաքացի դառնալ: Բացի այդ, Ձորակապի ու Մարալիկի միջեւ, ասում են, հնուց եկած կոնֆլիկտ կա՝ իրար չեն սիրում: Ժամանակներ են եղել, երբ դրա պատճառով մարալիկցիները Ձորակապ չեն մտել, իսկ ձորակապցիները՝ Մարալիկ: Այդ հակամարտությունը, սակայն, տարիների ընթացքում հարթվել էր, իսկ հիմա ՀՀ կառավարության որոշումից հետո նոր լարվածության միտումներ են նկատվում: Գյուղում կարծիք կա նաեւ, թե կառավարությունն ու վարչապետը, ընդհանրապես՝ իշխանությունները դա անում են Մարալիկի «հանրապետական» քաղաքապետի տնօրինած տարածքը մեծացնելու համար: Բայց դա, ըստ նրանց, դեռ ամենը չէ: Գյուղացիներն ասում են նաեւ, թե կառավարությունը ծրագիր ունի ընդհանրապես լուծարել գյուղը, եւ այն՝ ինչ հիմա է արվում, այդ ծրագրի իրագործման միայն սկիզբն է, ու դրանում դավադրություն են տեսնում: Բանն այն է, որ Ձորակապը մեր հանրապետության այն եզակի գյուղն է, որտեղ անցած որեւէ ընտրություն՝ 2003թ. նախագահական ու խորհրդարանական, սահմանադրական հանրաքվե, իշխանությունների ուզածով չի անցել: Իշխանությունները երբեք չեն կարողացել համոզել կամ ստիպել գյուղացիներին քվեարկել, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի կամ կոալիցիոն ուժերի օգտին: 2003-ի նախագահական ընտրությունների երկու փուլերում էլ Ռ. Քոչարյանն այս գյուղում ոչ մի ձայն չէր ստացել, ընտրվել էր Ստեփան Դեմիրճյանը, իսկ հանրաքվեն ձորակապցիներն ընդհանրապես բոյկոտել էին: Հիմա գյուղացիները համարում են, որ իշխանություններն իրենցից վրեժխնդիր լինելու ձեւը որոշել են ՀՀ կառավարության սույն որոշման տեսքով: Ձորակապցիները պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիաներ կազմակերպել ու, ասենք՝ փակել Գյումրի տանող մայրուղին, եւ այլն: Թե ինչպիսին կլինի ՀՀ կառավարության արձագանքը՝ հայտնի չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Երեկ հայտնի դարձավ, որ ձորակապցիները մարտի 3-ին, ժամը 14.00-ին բողոքի ակցիա են կազմակերպում ու կոչ են անում գյուղից դուրս ապրող իրենց համագյուղացիներին այդ օրը գնալ գյուղ ու մասնակցել բողոքի ցույցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել