ՃՆՇՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎՐԱ՞ Խորհրդարանականները քննարկում են իրենց գործընկերոջ հանդեպ տեղի ունեցած ոտնձգությունը ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Ավետյանը նախորդ օրը հայտարարել էր, որ ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակիցները ներխուժել են իր տուն: Պատգամավորը նաեւ համոզմունք էր արտահայտել, որ կատարվածը կապ ունի Կենտրոնի բնակիչների սեփականության օտարման սահմանադրականության ճշտման նպատակով ՍԴ ուղարկված դիմումից իր ստորագրությունը ետ չվերցնելու հետ: Երեկ մենք փորձեցինք ճշտել պատգամավորի գործընկերների վերաբերմունքը կատարվածին, մանավանդ՝ նրանցից յուրաքանչյուրը հազար ու մի բիզնես ունի եւ չի կարող ապահովագրված լինել նման ապօրինի ներխուժումներից: ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանը կատարվածի մասին ասաց. «Եթե հարցնում եք՝ պատգամավորի տուն մտնելը ողջունում եմ, թե ոչ, իհարկե՝ ոչ, եթե հարցնում եք պատճառների մասին, ես կարող եմ ենթադրություններ անել, բայց երեւի չարժե հնչեցնել այդ ենթադրությունները: Ինչ վերաբերում է երեւույթին, ես 4-րդ անգամ պատգամավոր եմ, այս ընթացքում մեր տուն մտել են մի քանի անգամ ե՛ւ 96-ին, ե՛ւ ապրիլի 12-ից հետո, գալիս էին առանց թույլտվության, որ իբր զենք գտնեն: Եվ դա անթույլատրելի է»: Մեր հարցին, թե սա կարելի՞ է համարել պատգամավորին վախեցնելու ձեւ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ ինձ դրանով երբեք չեն վախեցրել, կարծում եմ, դա վախեցնելու ձեւ չի»: Ըստ անկախ պատգամավոր Մանուկ Գաս պարյանի՝ կատարվածը մի քանի վարկած կարող է ունենալ: Նա այն կարծիքին է, որ կա՛մ 6-րդ վարչությունը չի իմացել, որ դա պատգամավորի տուն է, եւ եթե ներս են մտել, դա օրենքի խախտում է. «Չեմ կարծում, որ եթե Գագիկ Ավետյանը անմիջապես զանգեր Արթուր Բաղդասարյանին, նա չէր կանխի դա: Ես չգիտեմ՝ զանգել է, թե ոչ: Եթե զանգել է եւ այդքանից հետո էլի կատարվել է խուզարկություն, ինչպես անցած տարի կատարվեց Արթուր Բաղդասարյանի եղբոր հետ, ապա գուցե իշխանությունները ՕԵԿ-ի դեմ սկսել են ակցիաներ, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է նախագահ դառնալ եւ պիտի հիմիկվանից նրան խանգարեն, որ նա չկարողանա խորհրդարանական ընտրություններում մեծ խմբակցություն հավաքել, որ հետագայում, եթե ուզենա էլ նախագահ դառնալ՝ դա դեմ տան եւ ասեն՝ ի՞նչ նախագահի թեկնածու: Այսինքն՝ արդեն սկսել են քաղաքական ճնշումները»: Սա Մանուկ Գասպարյանի երկրորդ վարկածն է: Իսկ ընդհանրապես, եթե օրենքը խախտելով 6-րդ վարչությունը որոշեր մտնել իր՝ Մանուկ Գասպարյանի տուն, ապա նա իր անելիքը գիտի. «Եթե իմ տուն մտած լինեին՝ ես զենք ունեմ, ուղղակի կկրակեի, քանի որ մտել են իմ անձեռնմխելի տարածք, եւ ես ինքս «սամասուդ» կանեի եւ հարցերը կլուծեի»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կատարվածի մեջ չի ուզում քաղաքական ենթատեքստ տեսնել, որովհետեւ, իր ասելով. «Այս տարիների ընթացքում որպես քաղաքական գործիչ նաեւ ինձ են փորձել հարվածների ենթարկել, բայց երբեք չեմ մտածել, որ դա կարող է քաղաքական համարվել»: Գալուստ Սահակյանը վստահ է, որ եթե կատարվածն ապօրինի է, ապա իրենք համապատասխան խոսքը կասեն. «Համենայնդեպս, դեռեւս հասկանալի չէ, թե ի՞նչ հիմքերով է դա կատարվել եւ ինչո՞ւ»: Նաեւ ասաց, որ ԱԺ պատգամավոր դառնալը դեռեւս չի նշանակում դառնալ քաղաքական գործիչ. «Պիտի չթեւածենք մեր պատգամավորական թիկնոցը եւ պիտի չմտածենք, որ հերոսանալու ճանապարհ ենք անցնում ստորագրություն տալով կամ չգիտեմ ինչով, դա անընդունելի է: Չեմ կարծում, որ այս իրողությունը, որ ամբողջ լրատվական դաշտը ծածկել է, հնարավոր չէր քննարկել կոալիցիոն շրջանակներում: Կոնկրետ ինձ որեւէ մեկը չի մոտեցել, որեւէ քննարկման առաջարկ չի արել»: Գալուստ Սահակյանը ասաց նաեւ, որ իրենց խմբակցությունն ամբողջությամբ կսատարի Գագիկ Ավետյանին, եթե իր նկատմամբ ոտնձգություններ են կատարվել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի համար պարզ է, որ պատգամավորի հայտարարությանը կլինի համապատասխան անդրադարձ, «Իսկապես, մենք պետք է կարողանանք մեր հասարակությանն ապացուցել, որ հասարակությունն ինքը օրենքով պաշտպանված է, եւ եթե մենք սա չկարողանանք իրականացնել, ապա մնացյալ բոլոր խոսակցություններն անիմաստ են»: Լեւոն Մկրտչյանը հիշեցրեց քաղաքակրթության բանաձեւերից մեկը՝ «Քաղաքացին պետք է իրավունք ունենա դատի տալու նաեւ օրենքը»: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այն կարծիքին է, որ որեւէ քաղաքացու տուն չի կարելի մտնել առանց համապատասխան սանկցիաների, եւ կատարվածը կրկին առիթ է, որ պատգամավորները մտածեն «իրավապահ մարմինների քաղաքական պատասխանատվության մեխանիզմի մասին, եւ թեպետ սա այս կամ նույնիսկ եկող տարվա խնդիր չէ, բայց որ հարցը պետք է լուծում գտնի՝ միանշանակ է»: Իսկ համաձա՞յն է Մանուկ Գասպարյանի այն վարկածին, որ կատարվածը կարող է վերաբերել ԱԺ նախագահի՝ ՀՀ նախագահ դառնալու մտադրության հետ: Այս վարկածին Մհեր Շահգելդյանը հակված չէր հավատալ, եւ ասաց, որ դեռ մինչեւ նախագահական ընտրություններ 2 տարուց ավելի ժամանակ կա, եւ որ Արթուր Բաղդասարյանը դեռեւս չի հայտարարել նման բանի մասին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ