Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը երեկվա
«ազդանշանային» ասուլիսում հրապարակեց իրենց կարծիքով եթերն աղտոտող հեռուստատեսային
երեք հորինվածքների անունները: «Ապազգային» անվանակարգում հաղթող ճանաչվեց
«Արմենիա» հեռուստաընկերության «Էքսկլյուզիվ» հաղորդաշարը, որի հաղորդավարուհին,
ինչպես նկատել էին ակումբի դիտորդները, եթեր էր դուրս եկել ներքնահագուստատիպ հանդերձանքով
եւ խոսել 1915 թվականի մասին: Երկրորդ՝ «Ապադաստիարակչական» անվանակարգում սահմանված
մրցանակը՝ պատվոգիր եւ ոսկեգույն աղբաման, շնորհվեց «Դար 21» հեռուստաընկերության
«Ժամանց» ծրագրին, որը կիսաթուրքական մուղամների տակ առաջարկում է երիտասարդությանը
զվարճանալ այս կամ այն դիսկոտեկում ու զվարճանքի օբյեկտներում: Երրորդ՝ «Ամենագռեհիկ
գովազդ» անվանակարգում նշվեց «Ջաֆա գոլդ» հյութի գովազդային տեսահոլովակի անունը:
Մրցանակատերերը, բնականաբար, չէին եկել իրենց մրցանակները ստանալու եւ «հաղթողների»
վերաբերյալ փաստաթուղթը հրապարակելուց հետո դրանք Երիտասարդ քաղաքական գործիչների
ակումբի անդամները նետում էին ոսկեգույն աղբամանի մեջ՝ հետագայում պատվոգրի հետ հասցեատերերին
հանձնելու ակնկալիքով: Սիրված դերասան Սոս Սարգսյանը ողջունելով երիտասարդների այս
նախաձեռնությունը, ասաց, որ մտահոգությունը տեղին է, քանի որ ազգապահպանման խնդիրը
օրեցօր դառնում է անհանգստացնող: «Աշխարհում ոչ մի թուրք ու քուրդ չի կարող մեր հախից
գալ, եթե մենք մեր հախից չգանք,- նշեց Ս. Սարգսյանը եւ եթերային ներկայիս իրավիճակը
զուգահեռեց մի օրինակի հետ,- մարդու գոյությունը արդարացվում է ուրիշին պետք լինելով»:
Խորեն Պալյանն էլ երիտասարդների ձեռնարկը համարեց հրաշք, քանի որ, ըստ նրա,
քաղաքական ուժերը սովորաբար երիտասարդությանը դարձնում են խաղալիք: Պրն Պալյանն ասաց,
որ մենք հիմա հետընթաց ենք ապրում, իսկ ազգայինը աղտոտող հեռուստաընկերությունների
շարքում հիշեց նաեւ Հանրայինին: «Հանրային հեռուստաընկերությունը բացարձակ ազգային
ոչինչ չունի, պատահական մարդիկ են եթերը զբաղեցնում, կան նաեւ զավզակներ, որոնք իբր
մթնոլորտ են ստեղծում»,- ջահելների ասելիքը շարունակեց Պալյանը: Երվանդ Մանարյանն
էլ հիշեցրեց, որ ոչ մի հասարակություն առանց աղբի չի լինում: Միաժամանակ նկատեց.
«Եթե ես իմ գրիչը շարժում եմ միայն իմ օգուտի համար՝ վատ է: Եթե այդ գրիչը շարժում
եմ ուրիշին եւս օգուտ տալու համար՝ լավ է»: Նաեւ չմոռացավ ներկաներին մաղթանք հղել.
«Ցանկանում եմ գրիչներդ դառնան ցախավել՝ այդ աղբը մաքրելու համար»: Բռնցքամարտիկ
Իսրայել Հակոբկոխյանն էլ «Առավոտին» ասաց. «Մենք ընդօրինակում ենք այլ ցեղերի բարքերը՝
կորցնելով մեր դեմքը: Ես չեմ ուզում դառնալ եվրոպացի, ես ուզում եմ մնալ հայ: Եվրոպայի
ջատագովները փորձում են եվրոպացիների պահանջները բավարարելով դառնալ եվրոպացի, բայց
ընդամենը իրենց ֆուտլիարն են փոխում»: Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբի
անդամ Նարեկ Մալյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Եթե այս զգուշացումը հաշվի չառնեն,
միտինգների, ցույցերի եւ այլ միջոցների կդիմենք, կփորձենք հանդիպել «Արմենիայի» եւ
«Դար 21»-ի գլխավոր տնօրինությանը՝ Ջ. Գաֆեսճյանին եւ Ա. Աղաբաբյանին, ու պարզել՝
իրենք տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում իրենց հեռուստաընկերություններում»: Նա ասաց,
որ մրցանակաբաշխությունը ամենամյա է լինելու: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ