Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՆՎՈՒՄ Է ՄԵՐ «ՍՈՒՊԵՐՍԹԱՐԸ»

Մարտ 02,2006 00:00

Կոմպոզիտոր
Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով՝ արտերկրյա այս նախագիծը «մշակութավրեպ է» Եթե
չունենք նորը կամ չենք կարողանում ստեղծել, ապա, բնական է, պետք է ներմուծենք: Նման
«քաղաքականություն» արդեն տարիներ շարունակ վարում են հայաստանյան TV-ները: Ինչպես
գիտենք, «Շանթ» հեռուստաընկերությունը սկսել է Հայաստանում իրականացնել «Հայ սուպերսթար»
նախագիծը, որի իրավունքը ստացել է համաշխարհային հեռուստաշուկայում հայտնի բրիտանական
IDOLS ընկերությունից: Արդեն կայացել են երիտասարդ երգիչների լսումներ Գյումրիում
եւ Վանաձորում, իսկ մարտի 3-ին եւ 4-ին կշարունակվեն Երեւանում՝ տեղաբնակների ու
հարակից շրջանների համար: Արցախյան լսումների ժամկետները դեռ ճշտվում են: Չցանկանալով
ստվեր գցել նախագիծը իրականացնողների վրա, այնուամենայնիվ, մինչ վերջինիս մեկնարկը
մասնագետների շրջանում շրջանառվում են խոսակցություններ, թե մեր երկրի նման փոքր
տարածքում, որտեղ կոնկրետ TV-ներով անցկացվում են ժամանակակից երգի մրցույթներ («Կռունկ»,
«Կանաչ գոտի», «Ոսկե քնար» եւ այլն), ի՞նչ կարիք կար գնել այդ նախագիծը: Հնարավոր
չէ՞ր այդ գումարը տրամադրել այսօր այդ ասպարեզում գործող «սթարներից» մեկին, ինչի
կարիքը Հայաստանում ունի անգամ համբավավոր կատարողը: Վաղօրոք իմանալով պատասխանը
եւ, իհարկե, մեր մենթալիտետը, այնուամենայնիվ կապվեցինք «Շանթ» հեռուստաընկերության
նախագահ Արթուր Եզեկյանի հետ՝ իմանալու կոմերցիոն գաղտնիք համարվող նախագծի գումարի
չափը: Բնականաբար, վերջինս չհայտնեց նախագծի արժեքը: Ընդ որում, պարզվում է, նույնկերպ
են վարվում նաեւ ռուսաստանյան PTP հեռուստաընկերության բրիտանական հայտնի ծրագրի՝
«Նարոդնի արտիստի» տեղական պատասխանատուները: Ի տարբերություն իրենց գործընկերների,
OPT հեռուստաընկերության պաշտոնյաներից մեկը, որը խնդրեց չհրապարակել անունը, մեզ
հայտնեց դարձյալ ներմուծված «Ֆաբրիկա զվյոզդ» նախագծի արժեքը: Այն կազմում է կես
մլն ԱՄՆ դոլար: Վերջին «ֆաբրիկայում», որտեղ դասեր էր անցկացնում ռուսական
էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, ըստ նախնական պայմանավորվածության, վերջինս
առձեռն ստացել է 1,5 մլն դոլար: Մոսկովյան շոու-բիզնեսին մոտ կանգնած մեր աղբյուրը
հայտնեց, որ տեղի TV-ների նման ծրագրերում, բացի նախագծեր գնելուց, ֆինանսական մեծ
ներդրումներ են կատարում նաեւ ռուս մեծահարուստները: Նշեց նաեւ, որ «ֆաբրիկայի» մասով
ORT հեռուստաընկերության ղեկավար Կոնստանտին Էռնստը ոչինչ գաղտնի չի պահում: Վերադառնալով
մեր՝ հայկական «Սուպերսթարին», տեղեկացնենք, որ մասնագետների շրջանում արդեն հիասթափություն
է առաջացրել մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի էստրադային-ջազային
ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանի հրաժարականը: Վերջինիս կապակցությամբ մրցույթի
մենեջեր Էրիկ Անթառանյանն ասաց, որ պարոն Երզնկյանը հրաժարվել է՝ տեխնիկական պատճառներից
ելնելով: Կոմպոզիտորից պարզեցինք, որ «տեխնիկականը» համարժեք է գերծանրաբեռնվածություն
բառին: Է. Անթառանյանի փոխանցմամբ էլ, այսօր ժյուրին, որի կազմում են «Ջեզլ» վոկալ
անսամբլի ղեկավար Նաիրա Գյուրջինյանը, երգիչ Միքայել Պողոսյանը եւ DJ Եգոր Գլումովը,
աշխատում են առանց նախագահի: Մրցույթի անցկացման մասին կարծիքներ լսեցինք
այս ոլորտում հանրապետության ճանաչված մասնագետներից: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը
կարծում է, որ հանրահայտ այս նախագիծը Հայաստանում անցկացնելը ե՛ւ ժամանակավրեպ է,
ե՛ւ մշակութավրեպ: «TV-ներից արդեն երեւում է, թե ինչ են երգում եւ ինչ ճաշակ ունեն:
Մեզ մոտ՝ փոքրիկ Հայաստանում սթարների այս մրցույթը ռեալ չէ: Տարիներ շարունակ երգը
մեզանում դարձել է միջոց՝ ընդամենը դրամ շահելու կամ որոշ քաղաքական ամբիցիաներ բավարարելու»,-
ասաց պրն Ամիրխանյանը: Կոմպոզիտոր Արամ Սաթյանն էլ նկատեց, որ նման աշխատանքներում
անտեսում են իրենց՝ պրոֆեսիոնալներին. «Աշխարհում պրոֆեսիոնալների դեմ խոնարհվում
են, իսկ մեզ մոտ այս ոլորտը տնօրինում են ինքնուսները»: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի
կարծիքը կարճ էր ու լավատեսական. «Եթե ամեն ինչ նորմալ ընթանա ու վերջանա՝ լավ կլինի»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով,
ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը օրերս գրավոր նախազգուշացրել է «Շանթ» հեռուստաընկերության
ղեկավարությանը՝ հեռու մնալ իր «ադամանդներից» ու «սուպերադամանդներից», քանի որ
վերջիններիս հետ 3 տարով կնքած պայմանագիր ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել