Լրահոս
Օրվա լրահոսը

Գնալով թափանցիկ են դառնում

Մարտ 02,2006 00:00

Երեկ ՀՀ դատախազությունը ներկայացրեց իր պաշտոնական ինտերնետային էջը եւ պատմեց թրաֆիքինգի մասին

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարեւորելով ճշգրիտ տեղեկությունների տրամադրումը, ասաց, որ ակնկալում է հաղորդակցության ինտերնետ կայքի (www.genproc.com) միջոցով նպաստել դատախազության աշխատանքների թափանցիկությանը: «32 տարի աշխատում եմ դատախազության համակարգում, բայց ամենամեծ ձեռքբերումը կհամարեի, եթե հասնեինք մեր ժողովրդի վստահությունը»,- ասաց նա: Մեր գործընկեր Սոնա Տռուզյանը (որը եւս մասնակցել է ինտերնետային էջի ձեւավորմանը) ներկայացրեց այն: ՀՀ դատախազության գործառությունները, պարտականությունները, կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթերի հետ տեղ են գտել նաեւ միջազգային համաձայնագրերը, դատախազի հրամանները, իսկ «Թեժ գիծ» եւ «Նորություններ» բաժնում կտեղադրվեն հանցավորության դեմ պայքարում դատախազական մարմինների աշխատանքները:

Շնորհանդեսին հաջորդեց մամուլի ասուլիսը՝ կապված մարդկանց առեւտրի (թրաֆիքինգ) եւ գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի անելիքների հետ: Վերջինս գլխավորում է դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ Միհրան Մինասյանը: Նա ասաց, որ 2005թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է նման բնույթի հանցագործությունների 30 դեպք, որից 15-ը՝ մարզերում, 15-ը՝ համայնքներում:

Լրատվամիջոցներին հետաքրքրում էր դատախազության աշխատակիցների «համագործակցությունը կավատների եւ մարմնավաճառների հետ», անգամ հնչեց հարց, թե ինչպե՞ս է գնահատվում այն փաստը, որ Դուբայի օդանավակայանում գլխավոր դատախազության ներկայացուցչին դիմավորել է կավատը: Ակնարկն ուղղված էր Արիս Երեմյանին: «Առավոտում» եղել էր հրապարակում՝ կապված հանգուցյալ կավատ Անահիտ Մալխասյանի՝ «Դըբռ Անոյի» գործով Արիս Երեմյանի գործունեությանը: Մասնավորապես խոսք էր գնացել այն մասին, թե Երեմյանը 5000 դոլար է ստացել Մալխասյանից: Մ. Մինասյանը տեղեկացրեց, որ 2004-ի սեպտեմբերին Երեմյանը մեկ այլ քննիչի՝ Կարեն Բադիկյանի հետ գործուղվել է ԱՄԷ՝ Դուբայ: Նրանք ակնկալում էին տեղի իրավապահների աջակցությունը եւ չստանալով այն, իրենց նախաձեռնությամբ փորձել են ծանոթանալ «այդ կանանց» հետ: Մալխասյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, իսկ մարմնավաճառներն էլ հակասական ցուցմունքներ էին տվել: Ա. Երեմյանի նկատմամբ, ըստ Մինասյանի, որեւէ տվյալ ձեռք չի բերվել վերոնշյալ մեղադրանքի կապակցությամբ: Ի դեպ, Ա. Մալխասյանի՝ ավտովթարի հետ կապված, կար վարկած, թե նա չի զոհվել, ինչի առթիվ Մ. Մինասյանը տեղեկացրեց, որ դիակը ճանաչման է ներկայացվել, ապա թույլատրվել է հուղարկավորությունը:

Այս պահին ընթացքի մեջ են Նարինե Խաչատրյանի, Ավետիք Խաչատրյանի, Աշոտ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը: Ըստ գլխավոր դատախազության, 2005-ի ընթացքում վարույթում եղած քրեական գործերով սեռական շահագործման է ենթարկվել 182 կին, որից ՀՀ-ում՝ 36, արտերկրում՝ 146 (ԱՄԷ-ում՝ 136, Թուրքիայում՝ 10): «Շահագործվածներից» ՀՀ քաղաքացի էր 172-ը: Բժշկական ստուգման ենթարկված 206 մարմնավաճառից էլ 3-ը մինչեւ 18 տարեկան էր, 68-ը՝ 18-25, 101-ը՝ 25-30, 34-ը՝ 35-ից բարձր: 55-ի մոտ հայտնաբերվել են վեներական հիվանդություններ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել