Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզնից հետո ջրհեղեղ կլինի

Մարտ 02,2006 00:00

Իսկ եթե Ադրբեջանն էլ սուզվի՝ ինչպես կանխատեսվում է, Հայաստանը վերջապես ծով կունենա

Հեռուստատեսությամբ հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են չարագուշակ կանխատեսումները՝ կապված գլոբալ տաքացման հետ: Հալչում են Արկտիկայի եւ Անտարկտիդայի սառույցները՝ սպառնալով ջրի տակ առնել հարակից գրեթե ողջ տարածքները: Ծով չունեցող Հայաստանի համար գոնե այս առումով կարո՞ղ է մեր աշխարհագրական դիրքը շահեկան լինել: Այլ կերպ ասած՝ Հայաստանն ապահովագրվա՞ծ է հնարավոր ջրհեղեղից: Համաձայն Հայպետհիդրոմետի հիդրոօդերեւութաբանական եւ էկոլոգիա-գիտակիրառական կենտրոնի տնօրեն Համլետ Մելքոնյանի՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը, ցավոք, չի շահում նաեւ այս պարագայում: Սա նշանակում է, որ գլոբալ տաքացումից գետային հոսանքները կնվազեն 12-15%-ով, բերքի զգալի պակաս կլինի, հացահատիկի բերքատվությունը կնվազի 10%-ով, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների բերքատվությունը կտուժի 9-14%-ով: Գլոբալ տաքացումից, սակայն, բոլորը չէ, որ տուժելու են: Խաղողագործությամբ եւ գինեգործությամբ զբաղվողներին տաքացումը առատ բերք է խոստանում՝ խաղողի բերքատվությունը կաճի 10%-ով:

Քանի որ կլիմայի գլոբալ փոփոխությունը հիմնականում ներգործում է շրջակա միջավայրի էկոհամակարգերի վրա, դրա հետեւանքով, ինչպես պնդում են գիտնականները, մի շարք տարածքներ կանցնեն ջրի տակ, ինչպես, օրինակ՝ Հոլանդիան եւ ցածրադիր շատ շրջաններ: Առավել համարձակ կանխատեսումներով՝ ջրի տակ անցնելու հավանականություն ունեն նաեւ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ անգամ մեր հարեւան Ադրբեջանը: Ըստ հաշվարկների պարզվում է, որ մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանը մինչեւ 2100թ.-ը կաճի 1,4-5,8 աստիճանով: Մեզ մոտ՝ Հայաստանում նույնպես, սկսած 1996-ից մինչեւ 2000թ. կատարվել են ուսումնասիրություններ եւ կազմվել է «Հայաստանի Հանրապետության կլիմայի փոփոխության 1-ին զեկույցը», որտեղ հանգամանորեն ուսումնասիրվել են ջերմաստիճանի փոփոխությունները: Ըստ Հայպետհիդրոմետի տվյալների, Հայաստանում 1935-95թթ. ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է 0,4 աստիճանով, իսկ տեղումները նվազել են 6%-ով: Որոշ գնահատականներով, մեզ մոտ ապագայում ջերմաստիճանը պետք է բարձրանա 1,7 աստիճանով, տեղումներն էլ, ըստ այդմ, կնվազեն 10%-ով:

Բնական է, որ գլոբալ տաքացումը կունենա նաեւ առողջապահական հետեւանքներ՝ այն առավել կզգան հիպերտոնիայով տառապող հիվանդները, ջրային ռեսուրսների պակասը, երաշտի հավանականությունը մեծացնում է մալարիայի եւ նմանատիպ հիվանդությունների տարածման վտանգը: Այն, որ գլոբալ տաքացումը եւ դրա կործանարար հետեւանքներից խուսափելը այնքան էլ հեշտ չէ, եթե չասենք ավելին՝ անհնար, հետեւաբար միակ մխիթարությունը թերեւս այն է, որ մենք եւ մեր երեխաները համաշխարհային 2-րդ ջրհեղեղի ականատեսը չենք լինի:

ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել