Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրան-Մոսկվա. փոխզիջո՞ւմ, թե՞ փուչիկ

Մարտ 02,2006 00:00

Թեհրան-Մոսկվա.
փոխզիջո՞ւմ, թե՞ փուչիկ Թեհրանը, ընդհանուր առմամբ, ընդունել
է Ռուսաստանի հետ ուրանի հարստացման նպատակով համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը,
սակայն նախագծի մանրամասներն առայժմ քննարկվում են: Այս մասին, ըստ AP գործակալության,
Տոկիոյում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա խոսքերով,
Իրանն ակնկալում է, որ մինչեւ մարտի 6-ը կհստակեցվեն Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկություն
ստեղծելուն առնչվող բոլոր հանգամանքները: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ռուսաստանն
ու Իրանը սկզբունքային համաձայնության են հանգել Ռուսաստանում ուրանի հարստացման
համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ: Այդուհանդերձ, Վաշինգթոնում հակված
են մտածել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների պատրանք ստեղծելով՝ Թեհրանն ընդամենը
ժամանակ է շահում, եւ իրանցիք տակավին չեն հրաժարվել ինքնուրույնաբար ուրան մշակելու
մտադրությունից: Իրանի համար առանձնապես մխիթարական չէ նաեւ Ատոմային էներգիայի միջազգային
գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Մուհամմեդ էլ Բարադեյի գաղտնի զեկույցը: Ըստ ԱՄՆ Պետդեպի
պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելիի, այդ փաստաթղթից պարզ է դառնում, որ Իրանը
չի համագործակցում միջազգային հանրության հետ: «Իրանը շարունակում է ուրանի հարստացման
ծրագրի իրագործումը»,- նշել է Էրելին, հավելելով, որ միջազգային հանրության շրջանում
մնում են Իրանի միջուկային ծրագրի եւ ռազմական գործունեության հնարավոր կապին առնչվող
լուրջ եւ կարեւոր մտահոգություններ, որոնց դեռ պետք է պատասխան տրվի: Պետդեպի ներկայացուցչի
խոսքերով, Իրանը հաշվի չի առել ԱԷՄԳ փետրվարի 4-ի բանաձեւի պահանջները: Հիշեցնենք,
որ փետրվարի 27-ին հայտնի էին դարձել Իրանի խնդրի վերաբերյալ ԱԷՄԳ գաղտնի զեկույցի
որոշ մանրամասներ. զեկույցում նշվում են մի քանի նոր փաստեր, որոնք կարող են հիմնավորել
կասկածները, թե Թեհրանը «խաղաղ միջուկի» ծրագրի անվան տակ զբաղվում է միջուկային
զենքի մշակմամբ: Միեւնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է, որ ԱԷՄԳ ավելի քան եռամյա
տեսչական այցերի ընթացքում այդպես էլ չի հաջողվել գտնել այնպիսի ապացույցներ, որոնք
կհավաստեին, որ Իրանը միջուկային նյութերն օգտագործում է զենք ստանալու նպատակով:
Մյուս կողմից զեկույցում ընդգծվում է, թե՝ քանի որ Թեհրանն իր միջուկային ծրագրերի
իրագործման հարցում բավարար մակարդակով չի համագործակցում միջազգային հանրության
հետ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը առաջվա նման չի կարող պնդել,
որ Իրանը չի զբաղվել «չհայտարարագրված գործունեությամբ»: Նշենք, որ ԻԻՀ ԱԱ
բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի գլխավորությամբ երեկ Մոսկվա է ժամանել
իրանական պատվիրակությունը՝ «միջուկային» բանակցությունների երրորդ փուլի անցկացման
նպատակով: Իրանական պատվիրակությունը փետրվարի 20-21-ը արդեն այցելել էր ՌԴ, իսկ
փետրվարի 24-27-ը Իրան էր մեկնել Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի գլխավորած բանակցային
խումբը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել