Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է

Մարտ 02,2006 00:00

Պաշտպանության
նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է այն փաստաթուղթը, որը հիմք է ընդունվել
Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի համար: Սա «Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» անվանյալ զեկույցն է, որը Ազգային
անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2005-ի փետրվարի
16-ին ներկայացրել է զինված ուժերի հրամանատարական կազմին: Շարունակաբար կփոխանցենք
որոշ մանրամասներ խիստ ծավալուն այս փաստաթղթից, որը դասդասված է ըստ մի շարք բաժինների:
ԱԱ հիմնադրույթները Այս բաժնում շարադրված են սահմանումներն այն հիմնադրույթների,
որոնց վրա խարսխված է ԱԱ ապահովման ռազմավարությունը: Ըստ այդմ՝ «Հայաստանի ազգային
անվտանգությունը ՀՀ-ի եւ հայ հասարակության անվտանգ գոյությունն է՝ որպես սոցիալական-իրավական
պետության եւ քաղաքացիական հասարակարգի»: Իբրեւ ազգային անվտանգության երաշխիք նշվում
է «համընդհանուր ժողովրդավարական արժեքների՝ պետության, հասարակության եւ անհատի
ու նրա հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործուն համակարգը»:
Մեր ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներ են նշվում ինչպես ժողովրդի ֆիզիկական
գոյությանը, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախությանն սպառնացող վտանգները,
այնպես էլ «երկրի կայուն զարգացման խաթարումը՝ մեկուսացման հետեւանքով «չկայացած
պետություն» համարվելու հեռանկարով»: ԱԱ-ին ուղղված մարտահրավերները Ըստ
փաստաթղթի՝ պետության կառուցման, ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործընթացում
ի հայտ են գալիս Հայաստանի զարգացմանը խոչընդոտող, մեր ազգային անվտանգությանն սպառնացող
բազմաթիվ մարտահրավերներ եւ վտանգներ: Արտաքին վտանգների շարքում նշվում են «թշնամական
պետությունների կողմից Հայաստանի քաղաքական, տնտեսական ու հաղորդակցային մեկուսացումը
եւ այդ պատճառով նրա միջազգային դերի նվազումը՝ մարգինալացումը, մեր երկրին առնչվող
բարեկամական դաշինքների թուլացումը կամ քայքայումը, ինչպես նաեւ՝ ոչ բարեկամական
ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումն ու կայացումը» եւ Հայաստանի շուրջ միջազգային
բացասական կարծիքի ձեւավորումը: Ներքին վտանգներ են նշվում մասնավորապես՝
«իրավական ու սոցիալական պետության եւ քաղաքացիական հասարակարգի անհրաժեշտ բնութագրերի
ձեւավորման ոչ բավարար որակն ու տեմպերը, պետական համակարգի անկատարությունը կամ
չկայացումը, արդարադատության եւ ներքին անվտանգության մարմինների գործունեության
անբավարար մակարդակը»: Այս վտանգների չեզոքացման ուղղությամբ պիտի մշակվի ազգային
անվտանգության ռազմավարություն: Ներքին անվտանգության ռազմավարություն Մեր
երկրի ներքին անվտանգության ապահովումն առաջին հերթին պայմանավորվում է բոլոր բնագավառներում
«ժողովրդավարական արժեքների ամրագրմամբ»: Վերստին է ընդգծվում, թե «ժողովրդավարական
բարեփոխումները Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության երաշխիքն են»: Եվ
որպես պետական-ազգային շինարարության գերնպատակ նշվում է. «Հայաստանի միջազգային
ինտեգրում ժողովրդավարացման միջոցով»: Սա նաեւ գնահատվում է իբրեւ «մեր կայուն զարգացման
եւ անվտանգ ապագայի կերտման» բանալի, «ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների
չեզոքացման առանցքային» ուղի: Նշված է, թե բարեփոխումների ձախողումը անմիջական եւ
համապարփակ սպառնալիք է ազգային անվտանգության ապահովմանը, քանի որ կարող է իրականություն
դարձնել «չկայացած պետության» վիճակում հայտնվելու վտանգը եւ մեկուսացումը միջազգային
հանրության կողմից: Բարեփոխումներ Իբրեւ տնտեսական բարեփոխումների
նպատակ են նշվում բիզնեսում հավասար մրցակցային դաշտի ապահովումը, էներգետիկայի եւ
հաղորդակցման այլընտրանքային հնարավորությունների ստեղծումը, առաջադեմ շուկայական
տնտեսության աջակցմանը միտված ազգային ֆինանսավարկային քաղաքականության մշակումը
եւ այլն: Նշվում է, թե այս ասպարեզում Հայաստանը կարեւոր տեղ է հատկացնում բարենպաստ
ներդրումային դաշտի ձեւավորմանը, արտահանման ծավալների ավելացմանը եւ այլն: Սոցիալական
բարեփոխումների շարքում նշվում են սոցիալական, ապահովագրական հիմնադրամների ստեղծումը,
բնակչության սոցիալական վիճակի բարելավումը, աշխատատեղերի ստեղծումը, սոցիալական
արդարության հաստատումը: Արտաքին անվտանգության ռազմավարություն Սերժ
Սարգսյանը որպես արտաքին անվտանգության ապահովման ռազմավարություն է նշել միջազգային
ինտեգրումը. «Մենք լավ ենք գիտակցում, որ ինտեգրման արդի գործընթացներով բնորոշվող
աշխարհակարգում առանձին պետությունների ազգային անվտանգության ապահովումը հնարավոր
չէ զուտ ներպետական ազգային նպատակների ու ներուժի իրացմամբ»: Նշված է, թե
արդյունավետ ինտեգրման ռազմավարություն իրականացնելու համար Հայաստանն արտաքին քաղաքականության
մեջ որդեգրել է փոխլրացման սկզբունքը: Սակայն պաշտպանության նախարարը հավելել է.
«Փոխլրացման սկզբունքը չի նշանակում հավասարակշռության պահպանում ամեն գնով»: Եվ
վստահեցրել, թե Հայաստանը փոխլրացման քաղաքականության մեջ հաշվի է առնում «միջազգային
հանրության եւ Հայաստանի ընդհանուր ռազմավարական շահերը»: Իսկ թե որոշակի
երկրների եւ միջազգային կառույցների հետ հարաբերությունների ինչ ձեւաչափ է նախատեսվում
այս փաստաթղթով՝ կարդացեք վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել