Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում

Մարտ 01,2006 00:00

Հայաստանում երջանիկ արվեստագետ չկա Երեկ «Հայելի» ակումբում այդ կարծիքն արտահայտեցին ճանաչված երգչուհիներ Աննա Մայիլյանն ու Շուշան Պետրոսյանը: Մեր օրաթերթը քանիցս անդրադարձել է վերջին տարիներին երգարվեստում տիրող բարձիթողի վիճակին: Առայսօր հայաստանյան TV-ներն ու, ինչու չէ, համերգային դահլիճները մեծամասամբ կարծես պարտադրում են լսել անճաշակ, ազգությունն անհայտ երգեր, այն էլ ոչ թե երգիչների, այլ երգողների կատարմամբ: Ամենակարեւորը՝ այս «քաղաքականությունը» թվում է թե վերջ չունի, այլ կերպ ասած՝ գնալով փթթում է: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը երգչուհիներին: Ի վերջո, ե՞րբ պետք է խոսքից գործի անցնել հարցին՝ Ա. Մայիլյանի եւ Շուշան Պետրոսյանի պատասխանները նույնն էին: Ըստ երգչուհիների, մշակույթի նախարարությունն էլ, ինչպես ցույց են տվել վերջին տարիները, չգիտի, թե ինչ ունի (նկատի ունեն հայկական պրոֆեսիոնալ երգարվեստն ու կատարողներին): «Մշակույթի նախարարությունը թող վերջապես զբաղվի մշակույթով. սա է ելքը»,- կոչ արեցին բանախոսները: Հաջորդ՝ դուք ձեզ մեղավոր չե՞ք ճանաչում երգարվեստում տիրող նման վիճակի համար, բանախոսների պատասխանը հետեւյալն էր. «Մշակույթի նախարարությունը պարտավոր է համագործակցել արվեստագետների հետ, ինչի հետեւանքով, համոզված ենք, կունենանք ու կհրամցնենք այն մշակույթը, ինչը դարեր շարունակ ունեցել ենք»: Չհերքելով մեր այն դիտարկումը, թե հանձին իրենց, հայաստանցի յուրաքանչյուր արվեստագետ իր գլխի տերն է ու իր ծառն է ջրում, ինչը իրենց դեպքում լավ էլ ստացվում է (հյուրախաղեր, մենահամերգներ եւ այլն), երգչուհիները ավելացրին, որ Հայաստանում երջանիկ արվեստագետ չկա, կան նյութապես ապահովվածներ: Նրանք չմեղադրեցին իրենց այն կոլեգաներին, ովքեր «երկու կոպեկ» աշխատելու համար ստիպված են հանդես գալ ակումբներում: Հայաստանյան մրցույթներին ու մրցանակաբաշխություններին, հաճախ ստացվում է այնպես, որ նախապես իմանում ենք հաղթողների անունը: Այս դիտարկմանը եւս բանախոսները համակարծիք էին: Շուշան Պետրոսյանն էլ հավելեց հետեւյալը. «Երազում եմ մասնակիցը լինել մի մրցույթի, որ նախապես չիմանայի ով է հաղթելու: Այսօր, օրինակ, երգչուհիներից մեկի ընկերուհին է դարձել իբր երգչուհի, նույնիսկ մրցանակ է շահում: Ինչի՞ կամ ո՞ւմ համար են նման խաբեությունները»: Հետաքրքրվեցինք՝ լինելով տարբեր ժանրում ստեղծագործող, ճանաչված ու սիրված երգչուհիներ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, երբեւէ ստացե՞լ եք առաջարկություն՝ ապրել ու ստեղծագործել այլ երկրում: Պարզվեց երկուսն էլ 90-ականների սկզբին Ֆրանսիայից ստացել են հրավեր, իսկ Շ. Պետրոսյանին նույնիսկ առաջարկվել է փոխել ազգանունը: Վերջինս տեղեկացրեց, որ ինքը Աննա Մայիլյան երգչուհու մասին տեղեկացել է 1997-ին՝ Փարիզում: Դասական երգարվեստում հանդես եկող Աննա Մայիլյանի երգացանկի ընտրության հարցը պարզ է՝ կոմպոզիտորների ու հոգեւոր երգեր: Այլ է Շուշան Պետրոսյանի պարագայում: Ժամանակակից կամ էստրադային երգի ժանրում վերջին տարիներին կոմպոզիտորները լռում են, որոնց փոխարեն հաճախ իրենք՝ կատարողներն են երգեր գրում ու «վստահում» իրենց կոլեգաներին: Այս առնչությամբ երգչուհին մտահոգություն չունի. «Օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանի բարձրարվեստ երգերը չեմ կարող համարել փոփ արվեստ: Եվրոպայում եւ աշխարհում, ինչպես եւ մեզանում, այդ ոլորտը նորմալ զարգացում է ապրում: Խնդիրն այն է, թե ինչ են ներկայացնում մեր TV-ներն ու ռադիոկայանները: Ինչ խոսք, ամեն երգ չէ, որ իրավունք ունի երգ կոչվելու»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել