ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ Պաշտպանության նախարարի կարծիքով՝ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դրեցին սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայկական ջարդերի վերաբերյալ իրողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու առումով կատարված աշխատանքը բավարար չի համարում: «Հանցագործությունն այնպիսին է, որ տարիներն այստեղ կապ չունեն… մենք պարտավոր ենք հարգել այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհ գնացին վայրենի բարքերին: Իսկ պատժել կազմակերպիչներին այսօր, ցավոք, մեր ուժերից վեր է»,- փաստեց Ս. Սարգսյանը: Իսկ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նշեց. «Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր անմեղ զոհերին, նաեւ դատապարտում ենք այն, ինչը տեղի է ունեցել եւ պետականորեն կազմակերպված էր Ադրբեջանի կողմից: Սկսած Հայաստանի Առաջին հանրապետության ժամանակաշրջանից, Ադրբեջանը նման քաղաքականություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բաքվի, Կիրովաբադի, Շուշիի, Սումգայիթի հայկական ջարդերը մեկ անգամ եւս ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում: Նաեւ վերջին իրադարձությունները՝ կապված Նախիջեւանում հայկական պատմական հուշարձանները վերացնելու հետ, վերահաստատում են, որ ԼՂ ժողովուրդը միանգամայն իրավացիորեն ԽՍՀՄ բոլոր օրենքներին համապատասխան ինքնորոշվել է»: «Վերածնված Հայաստան» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը սումգայիթյան դեպքերը որակեց ոճրագործություն ողջ մարդկության դեմ: «Հիշատակի արարողությունները պետք է համաշխարհային հանրությանը հիշեցնեն, որ անթույլատրելի են նման արարքները: Եթե կան ազգամիջյան չլուծված խնդիրներ, ապա անմեղ քաղաքացիները չպետք է դառնան դրանց զոհը: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման խնդրին, ապա այն այնքան կարծարծվի, քանի դեռ միջազգային հանրությունը չի ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մենք պարտավոր ենք հասնել դրան»: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի. «Վերջին 100-150 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մեր միակ վստահության աղբյուրը կարող է լինել հայկական ներուժը, իսկ անվտանգության գլխավոր երաշխիքը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն ու հայկական բանակը: Սրանից հետո է, որ հնարավոր է դառնում ունենալ անվտանգության համապարփակ այլ կոմպոնենտներ: Սումգայիթը մեկ անգամ եւս մեզ հիշեցնում է, որ հայ ժողովուրդը պարտավոր է հույսը նախ եւ առաջ իր վրա դնել, քանի որ ապրում ենք բացարձակ հակահայկական դիրքորոշումներ ունեցող երկու հարեւանների միջավայրում: Հայկական մշակութային հուշարձանների, մասնավորապես Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը ցույց են տալիս, որ մենք գործ ունենք հասարակական մակարդակով հակահայկական քաղաքականության հետ, որը բոլորովին չի համապատասխանում այն չափանիշներին եւ չափորոշիչներին, որոնք այսօր պահանջում է եվրոպական ուղղության քաղաքականությունը, ինչին ադրբեջանական իշխանությունները հավատարմության խոստում են տվել»: Անդրադարձ եղավ նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դուրս գա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, քանի որ հակառակ պարագայում Ադրբեջանը չի համաձայնի բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ: Լ. Մկրտչյանը այս առիթով ասաց. «ԼՂՀ-ն եւ նրա իշխանությունները փորձում են այս իրավիճակում ստանալ բանակցություններին լիարժեք, ուղիղ մասնակցելու իրավունք, որը ողջունելի է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից եւ փոխարենը մտնի Լեռնային Ղարաբաղը»: Ի դեպ, Ա. Ղուկասյանի վերոնշյալ դիտարկմանը վերաբերող լրագրողների հարցերի տարափին այդպես էլ չպատասխանեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ