Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ

Մարտ 01,2006 00:00

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԵ 2 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Հղի կինը բողոքում է, որ «վերաբերմունք» ցույց չտալու համար բժշկուհին իրեն ստորացրել է Այն ժամանակ, երբ առողջապահության նախարարությունը հաստատեց անվճար բուժօգնությունից օգտվելու հնարավորություն ունեցող սոցիալական խմբերի ցանկը, որի մեջ մտնում են նաեւ հղիները, «Առավոտի» խմբագրությունը պարբերաբար բողոքներ էր ստանում, որ այդ բուժօգնությունն այնքան էլ անվճար չէ, եւ որ բժիշկները շարունակում են հիվանդներից փող վերցնել: Այս առնչությամբ նախարարությունից արդարանում էին, որ, որպես կանոն, բողոքավորները խուսափում են իրենց անունով հանդես գալ եւ իրենք ոչ մի փաստ չեն ունենում տվյալ բժշկին պատժելու: Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Աննա Հովհաննիսյանը մեկն է այն հղի կանանցից, ով այդպես էլ չի կարողացել օգտվել իրեն հասանելիք անվճար բուժծառայությունից: Ավելին՝ բժշկին ինչպես հարկն է «շնորհակալություն» չհայտնելու համար նրան ստորացնելով հիվանդանոցից դուրս են վռնդել: Ա. Հովհաննիսյանը գինեկոլոգի խորհրդատվություն ստանալու համար հաշվառվել է Աբովյան քաղաքի ծննդատանը՝ բժիշկ Գայանե Քոչարյանի մոտ: Սահմանված կարգի համաձայն, նախքան խորհրդատվությունը, հղիները պետք է հարցաթերթիկ լրացնեն, որպեսզի բժիշկը հիվանդի մասին որոշակի տեղեկատվություն ունենա: Աննան հարցաթերթիկում լրացրել է, որ նախորդ հղիության ընթացքում երեք տարի առաջ հաշվառված է եղել Երեւանի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» (Մարգարյան ծննդատուն) եւ այնտեղ էլ ծննդաբերել է: Սա մասնավոր հիվանդանոց է եւ Ա. Հովհաննիսյանը ծառայությունների դիմաց վճարել է 60 հազար դրամ: Այս մասին հարցաթերթիկից տեղեկանալով՝ գինեկոլոգ Գայանե Քոչարյանը մեծ հույսեր է կապել այցելուի հետ՝ չնայած Աբովյանի ծննդատանը հղիների թե կոնսուլտացիան, թե լաբորատոր հետազոտություններն անվճար են: Այս մասին հիշեցվում է նաեւ հարցաթերթիկի վերջում, որի տակ հղի կինն իր ստորագրությունն է դնում: Սակայն սա զուտ ձեւական բնույթ է կրում, քանի որ, Ա. Հովհաննիսյանի ներկայացմամբ, հենց լաբորատորիայում անվճար ախտորոշման թերթիկներ տրամադրելու համար պահանջել են վճարել 1500 դրամ: Արյան հետազոտություն կատարող բուժքրոջ ձեռքից ավելի էժան է պրծել՝ տալով մեկ ներարկիչ եւ 300 դրամ: Նրան տեղեկացրել են, որ նույն վճարումները պետք է կատարի նաեւ հղիության երկրորդ փուլի ախտորոշումների ժամանակ: «Չնայած բժշկուհի Քոչարյանը ոչինչ չէր արել բառիս բուն իմաստով, բերանացի շնորհակալություն հայտնեցի: Տիկին Գայանեն բուժքրոջը նախատեց, թե ինչու ինձ չի զգուշացրել, որ հաշվառման կանգնելու համար ամենաքիչը 2000 դրամանոց շնորհակալություն պիտի հայտնել: Անհարմար զգացի, որ այդ պահին չեմ կարող թանկարժեք շնորհակալությունը հայտնել եւ քանի որ դրամապանակիս պարունակությունն արդեն դատարկվել էր անվճար սպասարկման մյուս սենյակներում, խոստացա պարտքս մարել հաջորդ այցին՝ երեք օրից: Հիվանդանոցից բավական հեռացել էի, ձայն տվին՝ պահակն էր, ասաց, որ բժշկուհին հետ է կանչում: Առողջությունս վտանգելով՝ հիվանդանոցի սառցապատ ճանապարհով կրկին վերադարձա: Անտեսելով բարոյական բոլոր նորմերը՝ բժշկուհի Գայանեն սկսեց գոռգոռալ, թե այլ հիվանդանոցում վճարում ես 60 հազար, ինձ երկու հազարն էլ ես ափսոսո՞ւմ: Բժշկուհին չբավարարվելով սենյակում ասած անպատիվ խոսքերով, հետեւիցս դուրս եկավ միջանցք եւ ավելացրեց՝ ում փող ես տվել՝ նրա մոտ էլ կգնաս»,- պատմեց Աննան: Բժշկուհու անմարդկային վերաբերմունքից ազդված՝ հղի կինը, իր խոսքերով, հենց հիվանդանոցի բակում ուշագնաց է եղել: Աննայի հետ կապված միջադեպը բացառիկ չէ եւ օրական հազարավոր հղիներ նույնպիսի իրավիճակներում են հայտնվում, բայց քանի որ բժշկից կախված են լինում, ստիպված այդ մասին չեն բարձրաձայնում: «Առավոտի» հետ զրույցում բժշկուհի Քոչարյանը բնականաբար հերքեց գումար պահանջելու մասին Աննայի պնդումները՝ ասելով, որ ինքը «մանիա» ունի բողոքելու. «Մեզ մոտ էլ Մարգարյան հիվանդանոցից էր բողոքում՝ ասելով, որ իրեն անտեղի սիստեմաներ են միացրել»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել