Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի՞ մասնավոր ատոմակայան

Մարտ 01,2006 00:00

Կլինի՞ մասնավոր ատոմակայան ԱԺ-ն քննարկում է «Էներգետիկայի մասին» օրենքը փոփոխելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքի այն դրույթը, թե միջուկային էներգետիկան պետական մենաշնորհ է: Կառավարության այս նախաձեռնությունն արժանացավ ընդդիմադիր եւ ՕԵԿ անդամ պատգամավորների բուռն քննադատությանը: Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն արդեն իսկ բացատրել էր, թե այս փոփոխությունը պայմանավորված է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում 2004-ին կատարված փոփոխությամբ, ըստ որի՝ միջուկային նյութերը եւ կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո: «Չարժե մերժել զարգացած երկրների փորձը, որտեղ մասնավոր ընկերություններին թույլատրվում է գործել միջուկային էներգետիկայի բնագավառում»,- ասաց Արեգ Գալստյանը: Ըստ նրա՝ կառավարությունն, իր ձեռքում պահելով կարգավորման մեխանիզմները, մասնավոր ընկերություններին կարող է թույլ տալ ներդրումներ կատարել այս ոլորտում: Մինչդեռ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված օրենքի փոփոխության անհրաժեշտությունը, երբ ներկայումս չկան նոր ատոմակայան կառուցելու ծրագրեր: Էներգետիկայի փոխնախարարն ի պատասխան՝ հայտնեց, թե այդպես է վարվել, ասենք՝ Սլովակիան, որն իր ԱԷԿ-ի բաժնետոմսերի 66%-ը վաճառելով իտալական մի ընկերության՝ նրան առաջարկել է կառուցել ատոմակայանի 3-րդ եւ 4-րդ բլոկերը: Սակայն Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով Մեծամորի ատոմակայանի տնտեսական նշանակությունը՝ նշեց, թե անիմաստ է ատոմային էներգիայի սեփականության իրավունքը տալ մասնավորին: ԱԺ նախագահը գտնում է, թե կառավարությունը պետք է հետաձգի օրենքի նախագծի քննարկումները: Արեգ Գալստյանը հայտնեց, որ Եվրամիությունը «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում խիստ պահանջներ է դնում Հայաստանի առջեւ եւ օրախնդիր է ատոմակայանի նոր բլոկի կառուցումը: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական եզրակացություն ներկայացրեց նախաձեռնության վերաբերյալ: Ըստ նրա՝ սպառվում են Մեծամորի ատոմակայանի ռեսուրսները, իսկ պետական միջոցներով ատոմակայան կառուցելու փորձերը պսակվել են անհաջողությամբ: Դեռ հայտնի չէ, թե ինչ հզորության կլինի կառուցվելիք էներգաբլոկը, բայց պարզ է, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն 1 միլիարդ 500 միլիոն դոլար: Արթուր Բաղդասարյանի նկատառմանը՝ եթե Ատոմակայանը պետք է փակվի 2016-ին, ինչու է պետք հիմա օրենք ընդունել մասնավորին այս ոլորտում բաժնեմաս ունենալու հնարավորություն տալու մասին՝ Գագիկ Մինասյանն արձագանքեց այսպես. «Կան բաներ, որ կառուցում են 5 տարում, կան բաներ՝ 10 տարում: Իսկ նոր ատոմակայան կառուցելու համար անհրաժեշտ է 8 տարի»: Եվ եզրափակեց հետեւյալ հայտարարությամբ. «Դեմ գնալ այս օրինագծին՝ նշանակում է մեզ դատապարտել էներգետիկ սովի»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն, այսուհանդերձ, վտանգավոր համարեց օրինագծի ընդունումը, քանի որ ատոմակայանի բաժնետեր կարող է դառնալ որեւէ «թշնամական պետություն»: «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը խմբակցության անունից հայտարարեց. «Հարցի քննարկումը ճակատագրական լուրջ սխալ է»: Իսկ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայացնող Ոստանիկ Մարուխյանը եւս առաջարկեց հետաձգել նախագծի քվեարկությունը եւ համատեղ կրկին քննարկել այն: Այսօր կեզրափակվի օրինագծի քննարկումը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել