Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Մարտ 01,2006 00:00

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ Երեկվա հանրահավաքի ժամանակ մեծ ոգեւորությամբ այրվեց Ադրբեջանի դրոշը, իսկ Զորի Բալայանը խոսեց անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի համար: Սումգայիթի զոհերի հիշատակի համար երեկ հրավիրված հանրահավաքը ոչ ոք չխոչընդոտեց, ամեն ինչ անցավ բարձր մակարդակով եւ հարյուր-հազարավոր մասնակիցներով, քանի որ իշխանությունը հենց ինքն էր այդ հանրահավաքի կազմակերպիչը: Երեկ ամբողջ օրվա ընթացքում կաթվածահար էր եղել բուհերի եւ դպրոցների կյանքը, դասեր չկային, ուսանողները եւ աշակերտները՝ ուսուցիչների եւ դասախոսների գլխավորությամբ կամ ինքնագլուխ, խումբ -խումբ գալիս էին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին: Ըստ էության դա ոչ այնքան հանրահավաք էր, որքան պետականորեն կազմակերպված միջոցառում, որին մասնակցում էին ամենաբարձր մակարդակի պետական պաշտոնյաները, այդ թվում՝ համակարգող նախարարը, Երեւանի քաղաքապետը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, Վահան Հովհաննիսյանը, Գրողների միության քարտուղարը, Զորի Բալայանը, հոգեւորականները, Արարատի մարզպետն իր արարատցիներով, կրթության վարչությունների պետեր, դաշնակցականներ, առաջադիմականներ, նախկին կոմունիստներ եւ հազարավոր ուսանողներ ու աշակերտներ: Ընդհանրապես, հանրահավաքի կազմակերպիչները բավականին հետաքրքիր լուծում էին գտել. միջոցառումը ոչ թե լալկան եւ արցունքախառն էր, այլ փորձել էին հզոր եւ հուժկու տպավորություն ստեղծել: Առավոտից Հանրապետության հրապարակում թեւածում էր հերոսական պայքարի եւ ազատատենչության թեմաներով երաժշտությունը, որը սովորաբար Դաշնակցությունն է երգում իր հավաքներում կամ հանդիպումներում: Երիտասարդները բավականին կարգապահ էին եւ հիմնականում գիտեին, թե ուր են եկել եւ ինչու: Իսկ երբ վառեցին ադրբեջանական դրոշն ի նշան բողոքի, հրապարակը բառացիորեն ոգեւորությունից ցնծում էր: Հանրապետության հրապարակը լեցուն էր բազմալեզու ցուցապաստառներով, որոնց վրա հետեւյալ մակագրություններն էին. «Ադրբեջանի համար կացինը նույն յաթաղանն է», «Թուրքը մնում է թուրք», «Սումգայիթը՝ ցեղասպանության դրսեւորում պետական մակարդակով», «Ոչ՝ թուրքական ֆաշիզմին», «Չկա վաղեմության ժամկետ Սումգայիթի համար», եւ մնացածը, նույն ոգով: Հրապարակը լիքն էր նաեւ Հայաստանի, Ղարաբաղի եւ դաշնակցական դրոշներով: ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց. «Այս տարի մենք ավելի պինդ ենք լինելու: Նրանք փորձում են հաղթել հիստերիայով եւ ստով, մենք պետք է հաղթենք ճշմարտությամբ»: Վահան Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ լեգենդներ են, թե մեզ առաջ գնալու համար այսօր խանգարում են ադրբեջանցիները կամ թուրքերը, «Նրանք ընդամենը խոչընդոտ են մեր ճանապարհին, խանգարող հիմնական դժվարությունները մեր հասարակության մեջ են»: Նա կոչ արեց հասկանալ մի բան. «նա, ով խոչընդոտ է ազգային միասնությանը, ծառայում է թուրքերին, նա՝ով փորձում է «զոռբայությամբ», կաշառքով հարցեր լուծել, պետք է իմանա, որ ծառայում է ադրբեջանցիների հաջողությանը, այն խոշոր մեծահարուստը, որը փորձում է խուսափել հարկերը վճարելուց, մեզ վնաս է տալիս ոչ պակաս, քան տալիս են թուրքերը կամ ադրբեջանցիները»: Եվ եթե ոմանք իրենք իրենց չեն կարողանում հարց տալ՝ դժվար պահին ով է պաշտպանելու այս երկիրը. «Ե՞ս եւ իմ հաստավիզ թիկնապահնե՞րը, թե՞ այն խեղճ ժողովուրդը, որին ճնշելով հոգնեցրին, մաշեցրին եւ հիասթափեցրին», Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախ հիասթափության թույնը պետք է հանել մեր միջից եւ հասարակությանը պետք է միավորել. «Իսկ միավորված հայությանը ոչ մի ուժ չի կարող կոտրել»: Եզրակացությունը սա էր՝ «Սա սգո օր չէ, սա հաղթանակի օր է»: Նախիջեւանագետ Արգամ Այվազյանը հայտարարեց, որ Հայաստանին պետք են գրչի եւ մտքի զինվորներ: Հիշեցրեց, որ այսօր եւ միշտ Նախիջեւանի տարածքում ոչ միայն կործանվում են Ջուղայի հուշարձանները, այլեւ ցանկացած հայաստեղծ մշակույթ: Դրանց թիվը անցնում է 27 հազարից: Արգամ Այվազյանը նաեւ կոչ էր անում մեծահարուստներին հայկական քարոզչության համար միլիոններ տրամադրել: Զորի Բալայանը իր խոսքի մի մասը հնչեցրեց ռուսերեն, որպեսզի նաեւ Վլ. Պուտինը լսի եւ հասկանա, ի պատասխան օրերս Բաքվում արտահայտած այն մտքի, որ եթե չլիներ Ղարաբաղի խնդիրը, ապա Ադրբեջան-Ռուսաստան համատեղ եկամուտը ավելի մեծ կլիներ: Պատասխանը սա էր. «Չի կարելի զբաղվել խղճուկ մաթեմատիկայով, երբ խոսքը մի ամբողջ ժողովրդի ճակատագրի մասին է»: Հավաքի մասնակիցները ընդունեցին բազմալեզու մի դիմում, որը տարածեցին Հայաստանում գործող բոլոր դեսպանատներում: Դիմումն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի համանախագահներին, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին եւ աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին: Այդ դիմումով հանրահավաքի մասնակիցները համաշխարհային հանրությունից պահանջում են Սումգայիթում եւ Բաքվում իրականացված հայկական ջարդերի կազմակերպիչների ու իրականացնողների դեմ դատական գործերի վերաբացում, ադրբեջանցի մարդասպանի հերոսացման անպատկառ փաստի դատապարտում, ադրբեջանական կանոնավոր բանակի կողմից Ջուղայի հայկական գերեզմանատանը եւ Նախիջեւանի այլ տարածքներում ծավալվող մշակութային վանդալիզմի անհապաղ դադարեցում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031