Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵ՛Ք

Մարտ 01,2006 00:00

ՉԵ՛Ք ՎԵՐԸՆՏՐՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԴ դիմումի ներքո իրենց ստորագրություններից հրաժարված 6 պատգամավորներին խոստանում է ՀԺԿ վարչության անդամ, Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Ռուզան Խաչատրյանը: – Ստորագրություններից հրաժարված պատգամավորները պնդում են, թե իրենց դեմ բողոքի ցույցերը կազմակերպում են ինչ-որ շահագրգիռ անձինք, ու ՍԴ-ին ուղղված ստորագրություններն էլ ոչ թե իրենց տներից վտարված Կենտրոնի բնակիչների խնդիրների լուծման համար են, այլ ինչ-որ անձի դեմ: Քանի որ ստորագրահավաքի հիմնական կազմակերպիչը ՀԺԿ-ն է՝ գուցե բացահայտե՞ք, թե ում պատվերն է: Ոմանք այս ամենի մեջ տեսնում են Երվանդ Զախարյանին թիրախ դարձնելու միտում: – Եթե ընդունենք, որ կազմակերպիչը ՀԺԿ-ն է՝ ուրեմն, դա արվում է ժողովրդի պատվերով, որի մի ստվար հատվածի իրավունքները շատ կոպտորեն ոտնահարվել են: Իրականում ավելի շատ նրա՛նք են առաջնորդել, իսկ մենք սատարում ենք նրանց այդ պայքարում: Բացառվում է, որ բնակիչներն ինչ-որ մեկի դեմ պատվեր կատարեն, բայց թե հակառակ կողմը՝ իշխանությունն այս խաղերում ինչն ում դեմ է օգտագործում՝ իրենց գործն է: Այդ 6 պատգամավորներից յուրաքանչյուրի բացատրությունը, թե ինչու է ետ վերցրել ստորագրությունը՝ բացարձակ խղճուկ թոթովանք է, որ կարող է միայն ծիծաղ առաջացնել ու չի կարող համոզել որեւէ մեկին: Ակնհայտ է, որ եթե պատգամավոր ես ու քաղաքական գործիչ՝ չես կարող անտեղյակ լինել այդ գործընթացներին: Մինչդեռ պատգամավորներից մեկը պատճառաբանում է, թե չգիտեր՝ այդ հարցերն անցած ամիսներին լուծվե՞լ են, քանի որ Կենտրոնն իր ընտրատարածքը չէ: Յուրաքանչյուր պատգամավոր, եթե անգամ ընտրված է մեծամասնականով՝ պատասխանատու է ոչ միայն իր ընտրատարածքի, այլեւ ամբողջ պետությա՛ն համար: Եվ թող չնեղացնեն իրենց լիազորությունների շրջանակները՝ երբ իրենց հարմար է, դրանք լայնացնում են ընդհուպ մինչեւ երկրի անունից հայտարարություններ անելու մակարդակի: Պարզապես պարտավո՛ր էին տեղյակ լինել, որ որեւէ բան չի փոխվել անցած ամիսներին: Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ նրանք նաեւ պարտավոր էին մասնակցել կառավարության՝ այս կապակցությամբ ընդունած որոշումների սահմանադրականության պարզաբանմանը: – Կենտրոնից ընտրված պատգամավոր Վլադիմիր Բադալյանը պնդում է, թե «որեւէ բան ետ բերել հնարավոր չէ, եւ ստորագրությունների հետեւանքը լինելու էր այն, որ հերթական անգամ, բացարձակ իզուր տեղը մարդկանց հույզերն ու կրքերն էին բորբոքվելու»: – Ոչ մի հարց էլ փակված չէ: Խախտվել են օրենքներն ու Սահմանադրությունը, եւ այս խնդիրը պիտի ստանա համապատասխան լուծում: Ապօրինության պատժման համար չկա վաղեմության ժամկետ: Եվ որեւէ մեկը թող իրեն իրավունք չվերապահի որոշելու՝ արդյոք այդ հարցի արծարծմամբ հուզմո՞ւնք է պատճառվելու Կենտրոնի բնակիչներին: – Պատգամավորները կտրուկ հերքում են, թե ճնշումների հետեւանքով են հրաժարվել, եւ պատճառը նշում միայն այն, որ ամիսներ առաջ տրված ստորագրությունները ՍԴ հանձնելու վերաբերյալ իրենց նախապես չի տեղեկացվել: Ձեր տեղեկությունները հաստատո՞ւմ են, որ իրոք չի եղել հրաժարվելու հրահանգ: – Նախ՝ եթե եղել է էթիկետի ինչ-որ խախտում եւ պետք է վերահաստատման համար դիմեին իրենց՝ դրա համար վրեժխնդիր եղան ժողովրդից: Մե՜ծ հարցական է՝ որքանո՞վ է բարոյական սեփական «վիրավորված արժանապատվությունը» պաշտպանելու համար հաշվեհարդար տեսնել ժողովրդի հետ: Երկրորդը՝ անձամբ ինձ համար բացարձա՜կ միեւնույն է, թե այդ պատգամավորների «ականջները» քաշե՞լ են, թե՞ չեն քաշել: Կամովին են հրաժարվել ստորագրությունից, թե պարտադրված՝ որեւէ կերպ չի արդարացնում իրենց: Եվ երրորդը՝ ցավոք, Հայաստանը փոքր երկիր է, եւ բոլորը հրաշալի գիտեն, թե ինչ է կատարվել: Ակնհայտ է, որ եղել են ճնշումներ: Դրանք կարող են արվել տարբեր ձեւերով՝ նաեւ խնդրանքներով են հարկադրում կատարել սեփական կամքին հակառակ գործողություն: Դա արել է ե՛ւ վարչապետը, ե՛ւ Երեւանի քաղաքապետը: Երկուսն էլ անձնապես շահագրգռված են Կենտրոնի հողահատկացումների առումով: – Կոալիցիոն ուժերը տարբեր կերպ դրսեւորվեցին այս հարցում: ՀՅԴ-ն ի սկզբանե չմիացավ ստորագրահավաքին, ՀՀԿ-ից 2-ը ստորագրեցին, հետո հրաժարվեցին, ինչը չարեցին ՕԵԿ-ի 2 պատգամավորները: – Ցավոք, Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ այդ բնականոն ու ազնիվ պահվածքը, որ դրսեւորել են ՕԵԿ-ականները, հիմա ընկալվում է իբրեւ հերոսական ինչ-որ բան: Իհարկե, թեպետ գտնում եմ, որ դա նրանց պարտականությունն էր՝ որպես Բուզանդի նախկին բնակիչ շնորհակալ եմ այդ պատգամավորներից, որ տեր կանգնեցին իրենց խոսքին: Եվ դա հաջորդ ընտրություններում պիտի հաշվի առնեն ընտրողները: Նրանք պիտի հաշվի առնեն նաեւ այդ 6 պատգամավորների պահվածքը: Եվ իմ կողմից խոսք եմ տալիս, որ նրանք չե՛ն վերընտրվելու: Կազմակերպելու ենք միջոցառումներ, ցույցեր ու պիկետներ նրանց ընտրատարածքներում ու բնակության վայրերում: Թող նրանց հարեւաններն էլ իմանան, թե բարոյական ինչ կերպար ունեցող է ապրում իրենց կողքին: Կենտրոնի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը շա՜տ ժամանակին նախաձեռնեց հուղարկավորությունների մասին օրինագիծը: Իրենց իսկ ընդունած օրենքով կարվի, որպես պատգամավոր ու քաղաքական գործիչ, նրանց բարոյական հուղարկավորությունը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել