Թե՞ երեք ամսից
«ՀայՌուսգազարդը» օրերս հանրությանը ծանուցել էր, որ պատրաստվում է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բնական գազի ներկայիս սակագնի կրկնակի բարձրացման հայտով: Երեկ հանձնաժողովից տեղեկացանք, որ ստացել են հայցը: Ըստ հայտի, 1000 խմ գազի դիմաց ներկայիս 59 հազար դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 108 հազար դրամ:
Սա նշանակում է, որ «ՀայՌուսգազարդն» արդեն ունի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի կրկնակի բարձրացման վերաբերյալ ռուսական կողմնորոշումը, ինչի շուրջ առայժմ նշվում էր, թե «բանակցություններ են ընթանում»: Սակայն ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «փարատեց» «Առավոտի» այս կասկածը. «Մենք ներկայացրել ենք մինչեւ բանակցությունների ավարտը, որպեսզի օրենքով սահմանված ընթացակարգի ժամկետներից հետ չընկնենք, իսկ եթե ավելի ցածր գնի պայմանավորվածություն ձեռք բերվի՝ հայտը կվերանայենք»:
«ՀայՌուսգազարդը» առաջարկում է կրկնակիից ավելի բարձրացնել նաեւ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման, համակարգի բաշխման գործունեության եւ փոխադրման սակագները, որոնցից առաջին երկուսը մատուցում է միայն ընկերությունը, իսկ փոխադրումն իրականացնում է նաեւ «Տրանսգազը»: Շ. Սարդարյանը տեղեկացրեց, որ դա «տեխնիկական խնդիր է, եւ բաժանորդներին մատուցվող ծառայություններին որեւէ կերպ չի անդրադառնում»:
Ըստ գործող կարգի՝ հանձնաժողովը հայտի վերաբերյալ որոշումը պետք է ընդունի 90 օրվա ընթացքում: Սակայն եթե Հայաստանին տրված ժամկետը մինչեւ ապրիլի 1-ն է, ուրեմն պետք է ենթադրել, որ սակագնի փոփոխման մասին որոշումը կկայանա մեկամսյա ժամկետից էլ շուտ՝ պե՞տք է սպառողը մինչեւ մարտի վերջ ծանուցվի ապրիլմեկյան փոփոխությանը, թե՞ ոչ:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ