Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԻԺ՝ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ

Մարտ 01,2006 00:00

ՊԱՏԻԺ՝
ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ Երեկ առավոտյան ՕԵԿ խմբակցության պատգամավոր
Գագիկ Ավետյանի տուն են ներխուժել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները եւ
խուզարկել բնակարանը՝ փնտրելով պատգամավորի նախկին բիզնեսի հետքերը: Գագիկ Ավետյանը
նախկինում զբաղվել է ավտոպահեստամասերի ներկրմամբ: Երեկ ԱԺ ամբիոնից հայտարարելով
կատարվածի մասին՝ պրն Ավետյանը տեղեկացրեց, թե ոստիկաններն այցի մասին կազմել են
արձանագրություն. «Մինչ պատգամավոր դառնալը զբաղվել եմ անհատ ձեռներեցությամբ, փոքր
բիզնեսով, որը դադարեցրել եմ 2003-ին՝ պատգամավոր ընտրվելուց հետո: Իսկ հիմա 6-րդ
վարչությունը հետաքրքրվում է իմ նախկին առեւտրային գործունեությամբ»: Ըստ
նրա, նրանք որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել՝ ասելով, թե առաջադրանքը ստացել են
«վերեւից»: Հավելյալ հայտնեց, թե ստուգումներ են անցկացվել նաեւ իր հարեւանների եւ
ազգականների օբյեկտներում: Գագիկ Ավետյանի պնդմամբ, գաղտնալսվում է իր հեռախոսը,
որը «Սահմանադրության հերթական կոպիտ ոտնահարում է»: Պատգամավորի համոզմամբ,
այս ամենը պատասխան է իր վերջին հայտարարություններին ու մասնավորապես՝ պետական կարիքների
համար անշարժ գույքի օտարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների սահմանադրականությունը
վիճարկող դիմումի տակ դրված իր ստորագրությունը ետ չվերցնելուն: Գագիկ Ավետյանը
հայտարարությամբ պահանջեց կանխել իրավապահների կամայականությունները, այլապես ստիպված
կլինի ասուլիսներով եւ հայտարարություններով նշել կոնկրետ անուններ ու փաստեր, որոնցով
պետք է զբաղվի 6-րդ վարչությունը կամ «վերեւները»: Դիմեց գլխավոր դատախազին՝ ակնկալելով
պարզաբանում, թե ինչ իրավունքով է 6-րդ վարչությունը զբաղվում «օրենքով իրեն չվերապահված
գործառույթներով»: Ա. Ի.Հ. Գ. ՕԵԿ փոխնախագահ
Մհեր Շահգելդյանն «Առավոտին» ասաց, թե ՕԵԿ-ը դեպքի մանրամասները ճշտելուց հետո դիրքորոշում
կարտահայտի, իսկ մինչ այդ միայն նշեց. «Անընդունելի ենք համարում նման երեւույթը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել