Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արուս Աճեմյանը՝ հոր հոբելյանին

Փետրվար 28,2006 00:00

Հայաստանի
պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մարտի 31-ին կայանալիք համերգը նվիրվում է կոմպոզիտոր
Վարդան Աճեմյանի ծննդյան 50-ամյակին: Կհնչի դաշնակահարուհի, միջազգային մրցույթների
դափնեկիր Արուս Աճեմյանի խնդրանքով անցյալ տարի գրված դաշնամուրի երկրորդ կոնցերտը:
Հայտնի է, որ երիտասարդ դաշնակահարուհին բեմ է բարձրացել ու ստիպել իր մասին
խոսել՝ դեռեւս ուսանելով Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: Հայտնի
է նաեւ, որ նա 16 տարեկանում մերժել է միանգամից աշխարհում հայտնի երկու՝ ԱՄՆ-ի բարձրագույն
երաժշտական դպրոցում ու Անգլիայի թագավորական երաժշտական ակադեմիայում սովորելու
հրավերները: Ու քանի որ դաշնակահարուհին ավելի հաճախ ելույթներ է ունենում արտերկրում,
օգտվելով երեւանյան համերգի առիթից, զրույցի հրավիրեցինք նրան: Ինչպե՞ս է
ստացվում, որ չունենալով իմպրեսարիո, երիտասարդ տարիքում հասցրել է ելույթներ ունենալ
«Մոսկվայի վիրտուոզներ» ու պետական ակադեմիական կամերային, Նեշվիլի ֆիլհարմոնիկի
(ԱՄՆ), Լոս Անջելեսի սիմֆոնիկի եւ այլ նվագախմբերի հետ: Այս հարցին Ա. Աճեմյանը պատասխանեց,
որ, իհարկե, ցանկացած կատարողի համար մեծ է իմպրեսարիոյի դերը, ինչը հայ իրականությունում
իսպառ բացակայում է: «Կոնկրետ ինձ նկատել են արտերկրում միջազգային մրցույթներին
ու համերգներիս ներկա գտնվող երաժիշտներն ու իմպրեսարիոները, եւ այդպես, մեկը մյուսին
ներկայացնելով, ստացել եմ բազում հրավերներ»,- պատասխանեց երիտասարդ արվեստագետը:
Հետաքրքրությանը, թե ինչու է ժամանակին մերժել արտերկրում ուսումը շարունակելու
առաջարկները, դաշնակահարուհին տեղեկացրեց. «Դեռ 6 տարեկանից՝ Չայկովսկու անվան երաժշտական
դպրոցում, այնուհետեւ կոնսերվատորիայում ու ասպիրանտուրայում ուսանել եմ պրոֆեսոր
Ռոզա Թանդիլյանի դասարանում ու կապվել նրա հետ: Մինչ օրս էլ նա իմ խորհրդատուն է:
Ներկայումս էլ պրոֆեսորիս ասիստենտն եմ կոնսերվատորիայում՝ մասնագիտական դաշնամուրի
ամբիոնում, թեեւ մասնակցել եմ աշխարհահռչակ Պրեսլերի, Սվետլանովայի, Վոսկրեսենսկու,
Յաբլոնսկայայի վարպետության դասընթացներին»: Մեր զրուցակիցը չհամաձայնեց այն
մտքին, թե գուցե իրեն «առաջ է տարել» հայտնի Աճեմյան ազգանունը, ժպիտով ասելով, որ
«ահավոր է կրողը լինել այդ ազգանվան», սերել այդպիսի հայտնի գերդաստանից. «Ինձ «առաջ
է տարել» ժառանգականությունը»: Շարունակելով այս թեման, Ա. Աճեմյանը նշեց, որ իրենց
ընտանիքում, որպես կանոն, արգելված է բարեխոսելը, իսկ հայրը չափից ավելի համեստ անձնավորություն
է «եւ ես հպարտանում եմ նրա բնավորության այդ գծով: Միեւնույն է, վաղ թե ուշ գնահատվում
են մարդու արժանիքները»: Հաստատելով ասվածը, նշենք, որ ժամանակին Արուսի հարցազրույցի
մեր առաջարկները քանիցս մերժել է դաշնակահարուհու հայրը՝ Վարդան Աճեմյանը, անընդհատ
հիշեցնելով, որ իր դուստրը դեռ շատ երիտասարդ է: Թեեւ այդ երիտասարդն արդեն հասցրել
է ելույթներ ունենալ Ռուսաստանում, Կիպրոսում, Հունաստանում, Իտալիայում, Անգլիայում,
Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ անգամ Մոսկվայի պետական ակադեմիական կամերային նվագախմբի
հետ երկարաժամկետ հյուրախաղերի է մեկնել Ուրուգվայ ու Բրազիլիա, Մոսկվայում էլ ձայնագրել
ձայներիզ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել