Վստահեցնում
է ԱԺ եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը – Պարոն Թորոսյան, դատելով ՀՀԿ-ի
կողմից վերջերս սկսված «հրաձգությունից»՝ կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկրի» ուղղությամբ,
կարելի է ենթադրել, որ կոալիցիայի ներսում սկսվել է հերթական «պատերազմը»: «Խորհրդարանական
շաբաթի» վերջին հաղորդման մեջ ձեր խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը բավականին
կոշտ գնահատականներ հնչեցրեց ձեր գործընկերների հասցեին, դրանից առաջ ՀՀԿ խմբակցության
ղեկավարն էր նմանատիպ հայտարարություններ արել: Մի՞թե սա պատերազմի հայտարարում չէ:
– Նախ, ես ընդհանրապես քաղաքական հարաբերություններում երբեք պատերազմի կողմնակից
չեմ, առավել եւս այս դեպքում, կարծում եմ, կոալիցիոն հարաբերությունները համապատասխան
սահմաններ են ենթադրում, կան գուցե չգրված կանոններ: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցադրմանը`
կապված «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման հետ, ապա կարծում եմ, որ եթե «Հանրապետականից»
կամ այլ խմբակցություններից տարբեր պատգամավորներ նման խնդիրներ ունենում են, ապա
ամենաճիշտ առաջին քայլը ԱԺ խորհրդակցություններում այդ հարցը ներկայացնելն է, հիմնավորելն
ու փաստարկելը, եւ խնդիրների լուծումներն այդ շրջանակում գտնելն է: Իրականում,
այս դեպքում, ինչպես նախկին մի շարք այլ դեպքերում եւս, նման բան չկա, միջկուսակցական
լարված հարաբերություններ «Հանրապետականի» եւ «Օրինաց երկրի» միջեւ չկան։ –
Սակայն շատ կարճ ժամանակից դուք այլեւս գործընկերներ չեք լինելու եւ այսօրվանից զգալի
է, որ նման հարձակումները հող են նախապատրաստում «հետո»-ի համար, ի՞նչը չեք կիսել
համատեղ աշխատանքի երեք տարիների ընթացքում, որ այսօր այդքան ատում եք միմյանց: –
Չէ, կիսելու բան չկա եւ իրար ատելու խնդիր չկա, խորհրդարանական կյանքի կարգավորման
պակաս կա եւ, կարծում եմ, այստեղ պիտի քայլեր անել: Պատգամավորներից շատերը դժգոհում
են խորհրդարանի նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Սակայն նկատելի է նաեւ, որ
հենց պատգամավորներից շատերը խորհրդարանի ներքին կյանքի հետ կապված այնպիսի քայլեր
են անում, որոնք ինքնին արդեն հող են նախապատրաստում հասարակության նման վերաբերմունքի:
Այն հարցը, որ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից է բարձրացված, արագորեն կքննարկվի եւ
հարցը կփակվի: – Ըստ մեր տեղեկությունների, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
եւ գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վերջերս հանդիպել են եւ քննարկել խորհրդարանական
ընտրություններին միասին գնալու հարցերը, նույնիսկ համատեղ ցուցակի առաջին անունն
է հստակեցվել, ասում են, դա լինելու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Որքանո՞վ
են այս լուրերը հավաստի: – Խոսակցությունները բնական են, քանի որ մի կողմից
շոշափվում է խորհրդարանում ամենամեծ ներկայություն ունեցող կուսակցության անունը,
մյուս կողմից` այն կուսակցության, որը դեռ չի ստեղծվել, սակայն ստեղծման մասին հայտարարվել
է եւ այդ կուսակցության հետ կապվում է Գագիկ Ծառուկյանի անունը, որը հայտնի դեմք
է Հայաստանում: Խոսակցությունները շատ բնական են, բայց գուցե նաեւ բնական է, որ դրանց
մեծ մասը բամբասանքների մակարդակով է եւ սա մեր կյանքի իրողությունն է, քանի որ շատ
դեպքերում ոչ այնքան իրականության հետ գործ ունենք, քան բամբասանքների: Հանդիպումներ
տարբեր մարդկանց հետ Անդրանիկ Մարգարյանն ունենում է եւ որպես վարչապետ, եւ որպես
կուսակցության նախագահ: Եվ սրանում որեւէ արտառոց բան չկա: Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին,
ապա դրանք արդեն վառ երեւակայության հետեւանքներ են, քանի որ որեւէ կուսակցություն
իր ցուցակները դեռեւս չի կազմել, եւ ՀՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ եթե լինեն գաղափարական
եւ ծրագրային ընդհանրություններ տարբեր կուսակցությունների հետ, պատրաստ է համագործակցության:
– Նոր ստեղծվող կուսակցությունների իսկական մարաթոն է սկսվել, քաղաքական այն
գործիչները կամ պատգամավորները, ովքեր մինչ այժմ որեւէ կուսակցության մեջ չկային,
հիմա մի տեսակ ձեռուոտ են ընկել եւ ուզում են կամ մտնել, կամ՝ ստեղծել կուսակցություն:
Ինչո՞վ եք սա բացատրում: – Որովհետեւ, ի վերջո, եթե երկիրը բռնատիրական երկիր
չէ, կամ ավտորիտար ընդգծված հատկանիշներ ունեցող երկիր չէ, ապա այդ երկրում պետք
է քաղաքական ասպարեզում վճռորոշ դերակատարություն ունենան քաղաքական ուժերը: Կան
դրսեւորումներ, որոնք ցույց են տալիս, որ մենք գնում ենք հենց այդ ճանապարհով: Այս
ամենն է պատճառը, որ մարդիկ, ովքեր այս կամ այն առնչությունն ունեն քաղաքականությանը,
տեսնում են, որ քաղաքական կյանքի կառույցներն իսկապես կուսակցություններն են եւ եթե
ուզում են մնալ քաղաքական ասպարեզում, ուրեմն դա պիտի անեն կուսակցական կառույցների
շրջանակում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ