«ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ
ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ» «Փոխզիջումը տարածաշրջանում ընկալվում է որպես
բացասական երեւույթ. որեւէ մեկն առայժմ չի համարձակվում բարձրաձայնել, որ այն անհրաժեշտ
է երկու կողմերին էլ: Ճիշտ հակառակը՝ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում
ռազմական բյուջեի վրա: Վերջին տարիների ընթացքում այն հնգապատկվել է եւ ձգտում է
հավասարվել Հայաստանի ընդհանուր բյուջեին: Այնպես որ, ադրբեջանցիները ոչ միայն ներքին
լսարանին ուղղված ռազմաշունչ հայտարարություններ են անում, այլեւ պատրաստվում են
հարկ եղած դեպքում պատերազմական գործողությունների դիմել»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին
ասել է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան բաժնի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նաեւ
հավելել է. «Սա մի հակամարտություն է, որ գլոբալ աղետի վերածվելու մեծ ներուժ ունի»:
«Ես կասեի՝ ոչ թե հակամարտությունն է սառել, այլ դրա լուծումը»,- ասում է էթնիկ հակամարտությունների
գծով մեկ այլ փորձագետ՝ «Էմնիսթի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ
Lոուրենս Բրոուզերսը: «Երկու երկրներում իշխող վարչակարգերը մենաշնորհել են բանակցային
գործընթացը եւ ծառայեցնում են այն ի շահ սեփական նպատակների, ինչը կարգավորման հիմնական
խոչընդոտներից մեկն է»,- ասում է բրիտանացի փորձագետը: «Քանի դեռ երկու երկրներում
իշխանությունները լեգիտիմության խնդիրներ ունեն, դժվար թե հնարավորություն ընձեռեն
այլ ուժերի ներգրավվել բանակցային գործընթացում: Քաղաքացիական հասարակությունը հակամարտող
կողմերից որեւէ մեկում առայժմ ակտիվ դեր չի խաղում, այնպես որ, խնդրի լուծման համար
անհրաժեշտ է առավել ժողովրդավար դարձնել հասարակությունները եւ ընդունելի՝ փոխզիջումների
գաղափարը»: «Լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այժմ կողմերը համաձայնության
են եկել խնդրի լուծման սկզբունքների շուրջ: Եթե նախկինում վիճարկում էին հակամարտության
փուլային ու փաթեթային տարբերակները, ապա այժմ ընդունում են, որ պետք է գործի դնել
երկուսը միաժամանակ, այսինքն՝ կարգավիճակի հարցը թողնել վաղվան, իսկ մինչ այդ՝ համաձայնություն
կնքել այդ կարգավիճակը որոշելու մեխանիզմների շուրջ»,- գտնում են փորձագետները: Ըստ
«Ազատություն» ռ/կ-ի