Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ

Փետրվար 28,2006 00:00

Այն
Երեւանում ներկայացրել են Դորթմունդյան խորհրդաժողովի աշխատանքային խմբի համանախագահները
Երեկ երկօրյա այցով Երեւան են ժամանել տարածաշրջանային հակամարտությունների
Դորթմունդյան խորհրդաժողովի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահներ Վիտալի
Նաումկինը եւ Հարոլդ Սոնդերսը: Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության հարցով զբաղվող այս
կառույցն, ըստ էության, ոչ պաշտոնական, բայցեւ այլընտրանք է համարվում ԼՂ հիմնախնդրի
կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ-ին՝ այն տարբերությամբ, որ իր ստեղծումից ի վեր՝ 2001թ.
հոկտեմբերից, արդեն 5 տարի շարունակ այս խումբը բանակցություններ է նախաձեռնել հակամարտող
երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ոչ թե պաշտոնական ներկայացուցիչների,
այլ՝ ոչ կառավարական հասարակական ու քաղաքական կազմակերպությունների միջեւ: Ընդ որում,
սա միակ ձեւաչափն է, որի շրջանակներում տեղի ունեցող բանակցություններին լիիրավ մասնակցում
են նաեւ ԼՂ ներկայացուցիչները: ՀՀ կողմից խմբի աշխատանքներին մասնակցում են ՍԻՄ-ից`
Հայկ Բաբուխանյանը, ՀԴԿ-ից՝ Արամ Գ. Սարգսյանը, «Ազգային վերածնունդից»՝ Վաղարշակ
Հարությունյանը: Երեւանում երեկ խմբի համանախագահները հանդիպեցին հայաստանյան
քաղաքական շրջանակների, այդ թվում՝ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների
հետ: Խմբի գործունեության ընթացքում 5 տարի տեւած ապարդյուն բանակցություններն, ի
վերջո, հաջողություն էին գրանցել 2005թ. դեկտեմբերի 8-11-ը՝ ՌԴ Սնեգիրի քաղաքում,
որտեղ կողմերը ստորագրել էին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի
նախագիծ: Հենց այդ փաստաթուղթը ներկայացնելու նպատակով էլ խմբի համանախագահներն այցելել
էին տարածաշրջան: Նրանք նախ եղել էին Ադրբեջանում, իսկ Հայաստանից հետո մտադիր են
այցելել նաեւ ԼՂ: Դորթմունդյան խմբի՝ ՀՀ քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած
երեկվա հանդիպումից հետո դրան մասնակցած ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը
մեզ հետ զրույցում նկատեց, որ իրենց ներկայացված փաստաթուղթն ընդհանուր առմամբ նորմալ
փաստաթուղթ է, ու դրան իրենց համաձայնությունն են տվել բանակցող բոլոր երեք կողմերի
ներկայացուցիչները, այդուհանդերձ՝ այն «ցանկությունների փաստաթուղթ է»: «Այնտեղ
մասնավորապես նշվում է, որ զինված հակամարտության բոլոր կողմերը հաստատում են իրենց
հավատարմությունը հրադադարի գործող ռեժիմի պահպանմանը, բոլոր կողմերը հայտարարում
են իրենց պարտավորության մասին՝ ուժի կիրառման ու սպառնալիքներից հրաժարվելու վերաբերյալ
եւ այլն: Բայց արդեն իսկ որոշակի հակասություններ կան այդ փաստաթղթի ու Իլհամ
Ալիեւի հայտարարությունների միջեւ: Համաձայնագրի` մասնավորապես 5-րդ կետում ասվում
է՝ բոլոր կողմերը համաձայն են, որ փոխադարձ վստահության հաստատումը խաղաղ կարգավորման
մասնակիցների միջեւ պահանջում է թշնամական գործունեության եւ հատկապես քարոզչության
դադարեցում: Սա այն դեպքում, երբ Ալիեւը ամբողջ օրն Ադրբեջանով մեկ ռազմատենչ քարոզչություն
է անում: Ես այդ առնչությամբ իմ մտահոգությունը հարցադրման տեսքով հայտնեցի: Պատասխանն
այս էր՝ իրոք, այդպիսի դեպքեր կան, բայց դրանց պետք է ուշադրություն չդարձնել»,-
ասաց ՀԺԿ ներկայացուցիչը: Հանդիպմանը մասնակցած «Ազգային վերածնունդ» կուսակցության
նախագահ Ալբերտ Բազեյանը դժվարացավ ասել, թե արդյոք Դորթմունդյան խորհրդաժողովի աշխատանքային
խմբի մշակած այդ համաձայնագիրն իրականում կարո՞ղ է հայտնվել արդեն պաշտոնական բանակցությունների
սեղանին, թե՞ ոչ. «Եթե դա հնարավոր լինի իրագործել, եթե ստացվի՝ մենք դա դրական կգնահատենք»:
Ինչ վերաբերում է համաձայնագրի բովանդակությանը, որի հիմնարար սկզբունքների
շուրջ պայմանավորվել են կողմերը, ապա ըստ այդմ` նախատեսվում է խաղաղության գործընթացն
իրականացնել փուլերով, թեեւ ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, «փուլային» ու
«փաթեթային» տարբերակներում եղած սկզբունքների միջեւ որոշակի փոխզիջման արդյունք
է: Նախ, նախատեսվում է համաձայնության գալ միջանկյալ խնդիրների շուրջ՝ «հաշտություն
ու միջանկյալ կարգավիճակ տարածքների դիմաց»: Սա ենթադրում է մի շարք «միջանկյալ համաձայնագրերի»
կնքում, որոնք վերաբերելու են նաեւ՝ վստահության միջոցների ու կողմերի համարժեք զիջումներին՝
զորքերի համաժամանակյա դուրսբերում, տարածքների ապառազմականացում, փախստականների
վերադարձ, հաղորդակցության ուղիների վերականգնում, նաեւ` տնտեսական ու մշակութային
համագործակցություն: Դրանով միաժամանակ նախատեսվում է «միջանկյալ կարգավիճակ» տրամադրել
Լեռնային Ղարաբաղին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գծով պարտավորությունները
կատարելու նպատակով, ու բացի այդ, նախատեսվում է, որ ԼՂ-ն լիիրավ մասնակցություն
է ունենալու բանակցություններին՝ որպես համաձայնագրի իրականացնող եւ դրանք երաշխավորող
կողմ: Համաձայնագրի նախագծում մասնավորապես ասվում է նաեւ, թե՝ «Հայաստանի, Ադրբեջանի
եւ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչները՝ համապատասխան ՄԽ ձեւաչափին, համաձայնագրեր
են կնքում մի շարք հարցերի շուրջ: Բանակցություններին մասնակցում են նրանք, ովքեր
ստանձնելու են դրանց իրականացման պարտավորությունը»: Այս նախագծի սկզբունքային
մոտեցումն ու դրա իրագործման միակ նպատակը, ինչպես հասկացվեց Հարոլդ Սոնդերսի՝ Երեւանում
արած հայտարարություններից, հակամարտող կողմերի միջեւ նախեւառաջ փոխադարձ վստահության
մթնոլորտի ստեղծումն է, որը կարող է դրական հիմք լինել հետագա բանակցությունների
համար, որտեղ կորոշվեն արդեն կարգավորման երկրորդ փուլին վերաբերող ավելի բարդ խնդիրներ՝
տարածքների ու ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման ու համաձայնագրի մշակման շուրջ
բանակցություններ, հաշտության պայմանագրի կնքում, դիվանագիտական հարաբերությունների
հաստատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ի դեպ, ըստ «Թրենդ» գործակալության,
ավելի վաղ այս նախագիծը ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ եւ ՌԴ համանախագահներին,
ովքեր այն ընդհանուր առմամբ դրական են գնահատել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել