Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձեւով՝ արդարադատական, բովանդակությամբ՝ ԿԳԲ-ական

Փետրվար 28,2006 00:00

Ձեւով՝ արդարադատական, բովանդակությամբ՝ ԿԳԲ-ական ԱԱԾ մեկուսարանում դատախազության նախկին աշխատակիցը՝ քրեականների հետ Փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելուց հետո, նրան տեղափոխեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր պահվում են ուժային, իրավապահ կառույցների ներկայացուցիչները: Սակայն հետագայում Գրիգորյանը հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող արդարադատության նախարարության «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես ԱԱԾ-ի (ԿԳԲ-ի) մեկուսարան: Երեկ տեղի ունեցավ Վահե Գրիգորյանի եւ նրա պաշտպանների մամուլի ասուլիսը: Փետրվարի 15-ից կալանքից ազատված Վ. Գրիգորյանից փորձեցինք ճշտել, թե ԱԱԾ մեկուսարանում ո՞ւմ հետ էր պահվում, ի՞նչ խոչընդոտներ էին ստեղծված ՔԿՀ-ում եւ ինչպե՞ս էր իր իրավունքներից օգտվում: Ըստ փաստաբանի, «Վարդաշենում» միակ խախտումը կապված է եղել նյութեր փոխանցելու արգելքի հետ: «Ինչ վերաբերում է ԱԱԾ տարածքում գտնվող մեկուսարանին, բովանդակությունը շարունակում է մնալ ԿԳԲ-ական: Ամենակոպիտ խախտումը, ըստ իս, հեռահաղորդակցության իրավունքի անհիմն սահմանափակումն էր»,- ասաց նա: Արտաքին աշխարհի հետ կապը պահպանվել է իր փաստաբանների միջոցով հաղորդակցմամբ, «սպայի հայացքի ներքո»: Փաստաբանին թույլատրել էին ստանալ «Հայոց աշխարհ» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերը: «Առավոտը», օրինակ, չի թույլատրվել Վահեին»,- հավելեց նրա պաշտպանությունը իրականացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հարցրեց. «Արդյոք չկայի՞ն խափանման այլ միջոցներ: Իսկ եթե քննիչներն ու դատախազներն են օրենքը խախտում, ինչո՞ւ խափանման միջոց չի կիրառվում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախաքննության մարմինը մերժել էր Վահեին անձնական երաշխավորությամբ կամ գրավոր ազատել: «Ո՞ւմ համար են կիրառվում այդ երաշխավորությունը կամ գրավը»,- շարունակեց նա: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ գտնում էր, որ «կոտրելու համար են ընտրել խափանման միջոցը: Գաղութներում պայմաններն ավելի լավ են, քան մեկուսարաններում: Մեկուսարաններում կասկածյալներն ու մեղադրյալներն են, որոնք դեռ մեղավոր չեն ճանաչված: Այս տրամաբանությամբ պայմաններն առանձնապես չպիտի տարբերվեին, սակայն մեկուսարանում պայմանները ստիպում են, որ մարդը կոտրվի, ասի՝ ընդունում եմ մեղքս, որպեսզի գնա գաղութ»: Վ. Գրիգորյանը պահվել է 5 հոգանոց խցում, ուր գտնվել են առանձնապես վտանգավոր հանցագործ, օտարերկրացի, քրեական գործով մեղադրյալ: Նախկին դատախազության աշխատակցին առանձնապես վտանգավոր հանցագործի հետ մի խցում պահելը ռեժիմային կոպիտ խախտում է՝ իր բոլոր հնարավոր հետեւանքներով: Ասուլիսի ժամանակ նաեւ նշվեց, որ Բուզանդի փողոցի բնակիչները ակամայից դարձել էին իրավապաշտպաններ: Բուզանդցիների պաշտպանն էլ՝ Վ. Գրիգորյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խոսքով էլ ավարտեց իր խոսքը. «Եթե խախտվում են իրավապաշտպանների իրավունքները, ապա ո՞վ կկարողանա պաշտպանել մեր իրավունքները: Իրավապաշտպանների նկատմամբ հալածանքների մոլուցքը իմ գործով չի սկսվել: Այն տրամաբանական շարունակությունն է Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի դեմ ոտնձգությունների»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել