Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՂ

Փետրվար 28,2006 00:00

ՀԱՄԵՂ ՊԱՏԱՌ Երկմասանի անավարտ պատմություն ՀԷՑ-ի մասին Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ անցած տարի ամռանը պարզ դարձավ, որ ՌԱՕ ԵԷՍ-ը պատրաստվում է գնել Հայաստանի էլեկտրացանցերը (ՀԷՑ) «Միդլենդ ռեսորսիզից»: Բնականաբար, ցանկացած գնորդ շահագրգռված է նախ՝ իմանալ, թե ինչ է անցնում իրեն որպես սեփականություն, եւ երկրորդ՝ հնարավորինս իջեցնել ապրանքի գինը: Ըստ ՌԱՕ ԵԷՍ-ի մեր աղբյուրների՝ ընկերությունը հենց այդպես էլ վարվեց: ՀԷՑ-ը ստուգելու համար Հայաստան էր գործուղվել ՌԱՕ ԵԷՍ-ի ներկայացուցիչ Միխայիլ Մանտրովը: Վերջինս, գուցե ղեկավարվելով գինը գցելու նպատակով կամ հաշվի չառնելով հայկական մենթալիտետը, կամ էլ՝ ունենալով սեփական հաշվարկները, այդ ստուգումը հանձնարարեց տեղացի մասնագետներին, որոնց թվում էին այս կամ այն պատճառով այդ պահին ՀԷՑ-ում չաշխատող մարդիկ: Կարճ ասած՝ «աբիժնիկներին», որոնց մեծ մասը կազմում է էներգետիկայի նախկին նախարար Մելս Հակոբյանի շրջապատը, մասնավորապես՝ ՀՀ-ում ABB ընկերության նախկին ներկայացուցիչ Ֆելիքս Թադեւոսյանը: Հենց վերջինս էլ անսպասելի մեծ դեր խաղաց այս պատմության մեջ: Ի դեպ, Մանտրովը այդ պատմությունից հետո ազատվեց աշխատանքից: Մարդկանց այդ խումբը, որոնց կարելի է պայմանականորեն կոչել «Մանտրովի հանձնաժողով», կատարեց իր առաքելությունը, գրանցեց որոշակի թերություններ եւ խախտումներ, որոնց մեծ մասն, ինչպես ավելի ուշ պարզվեց, իրական չէին: Իսկ մնացածը մանրուքներ էին, որոնք, ի վերջո, չազդեցին ՀԷՑ-ի գնի վրա: Աուդիտ՝ այդ բառի իրավական իմաստով, չի անցկացվել, սակայն «Մանտրովի հանձնաժողովի» կազմած թուղթը մնացել է, որը պետք է օգտագործվեր այլ հանգամանքներում եւ այլ նպատակներով: Այս տարվա փետրվարի կեսերին սկսվեց այդ պատմության երկրորդ մասը: Այն սկսվեց անսպասելի զուգադիպությունից. ՀԷՑ-ի հերթական ստուգման ժամանակ պարզվեց, որ Ֆելիքս Թադեւոսյանը չի վճարում իր տանն օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց կամ վճարում է սպառածից էականորեն ավելի քիչ: Իմանալով, որ ՀԷՑ-ը հայտնաբերել է իր «գաղտնիքը», պարոն Թադեւոսյանը, բնականաբար, ենթադրեց, որ ՀԷՑ-ն իրեն հետապնդում է, չնայած, ըստ պաշտոնական տվյալների, նման չվճարման ակտեր ՀԷՑ-ը կազմում է օրական միջին հաշվով 12 հատ, եւ այդ դեպքերի ճնշող մեծամասնությունը կարգավորվում է բանակցությունների միջոցով՝ առանց դատարան հասնելու: Բայց մտածելով, որ ինքը հետապնդման «զոհ է», պարոն Թադեւոսյանը որոշում է պաշտպանվել՝ մի քանի լրատվամիջոցների պատմելով «Մանտրովի հանձնաժողովի» բացահայտումների մասին: Պատմությունը կարող է ունենալ երկու «շարժիչ ուժ»՝ տնտեսական եւ քաղաքական: Առաջինն այն է, որ ՀԷՑ-ը հարուստ եւ եկամտաբեր հիմնարկություն է, եւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք կուզենային այդ հիմնարկում իշխանության գալ՝ օգտագործելով Մոսկվայում իրենց կապերը, այդ թվում՝ ՌԴ մայրաքաղաքի հայկական ազդեցիկ համայնքը: Իսկ քաղաքական բաղկացուցիչը կարող է լինել այն, որ առաջիկա ընտրություններում էլցանցերը այսպես թե այնպես օգտագործվելու են իշխանության կողմից: Հիշեցնենք, որ անցած ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին բազմաթիվ էլցանցերի պետեր, որոնք հավակնում եւ երբեմն էլ հաղթում էին համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցավազքում: Իսկ Մելս Հակոբյանի եւ քաղաքականությանը այս կամ այն կերպ մասնակցող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ընկերական հարաբերությունները հայտնի են: Այժմ դատախազությունը ստուգումներ է անցկացնում ՀԷՑ-ում: Ասել, որ այդ հիմնարկում խախտումներ կամ նույնիսկ՝ հանցագործություններ չեն կատարվում՝ միամտություն կլինի: Խնդիրն այն է, թե ինչ տեսակի հանցագործություններ են դրանք: Մի բան է, երբ «լույսի մարդը» համաձայնության է գալիս բնակչի կամ օբյեկտի տիրոջ հետ, երկուսը համատեղ էլեկտրականություն են գողանում: Մեկ այլ բան է, երբ, ասենք, ՀԷՑ-ի նման հզոր հիմնարկը թաքցնում է իր եկամուտները եւ հարկեր չի մուծում մեր պետությանը: Թե դատախազությունը, թե ՀԷՑ-ը առայժմ հրաժարվում են պարզաբանումներ տալ: Բայց հանգուցալուծումը կարծես թե մոտենում է: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել