Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵՏԴԵՊԸ ՀՀ-ԻՑ ԴԺԳՈՀ Է ԲՈԼՈՐ «ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ»

Փետրվար 28,2006 00:00

ՊԵՏԴԵՊԸ ՀՀ-ԻՑ ԴԺԳՈՀ Է ԲՈԼՈՐ «ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ» «Մենք չափազանց հիասթափված ենք Ռամբույեի բանակցությունների արդյունքներից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բարնսը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված հարցազրույցում: Նրա ասելով, ԱՄՆ-ը ենթադրում էր, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն իրոք լավ հնարավորություն է հակամարտության կարգավորման գործընթացում բեկման հասնելու համար: «1991-1992 թթ. սկսած բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, եւ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը Ռամբույեում, կարծում եմ, դրանցից առավել հեռանկարայինն էր»,- նշել է Ն. Բարնսը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը դեռ հսկայական ցանկություն ունի շարունակելու աշխատանքը Մոսկվայի եւ Փարիզի հետ՝ վերջնական համաձայնության հասնելու գործում հայերին ու ադրբեջանցիներին օգնելու նպատակով: Անդրադառնալով Հյուսիսային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ փոխպետքարտուղարը նշել է, թե դա ՌԴ-ի ներքին գործն է, եւ օբյեկտիվորեն երկխոսությունն առավել բնական է ստացվում միջազգային բնույթի խնդիրների շուրջ, որոնց թվին նա, մասնավորաբար, դասել է Վրաստանն ու ԼՂ-ն: Միեւնույն ժամանակ, «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԼՂ կարգավորման վերաբերյալ դարձյալ իր որոշ նկատառումներն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Սթիվեն Մաննը: «ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ բազմաթիվ մարդիկ ապրում են անորոշության եւ սարսափի մեջ: Դա ծանրակշիռ պատճառ է կողմերի միավորման եւ իրավիճակի համատեղ կարգավորման համար: Ես կարծում եմ, որ 2006-ը այդ հակամարտության կարգավորման տարի է»,- ընդգծել է Մաննը: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին բանակցություններին՝ նա նշել է, որ դրանք, ընդհանուր առմամբ, ընթացել են չափազանց դրական մթնոլորտում: Սակայն «բանակցությունները շատ բարդ էին, եւ ես մտավախություն ունեմ, որ մենք այնքան էլ առաջ չգնացինք»,- վերապահում է արել դիվանագետը: Հայկական թեմային է անդրադարձել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության մեկ այլ պաշտոնական ներկայացուցիչ՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Քուրթ Ուոլքերը: Վաշինգթոնի Հովարդի համալսարանում «Տրանսատլանտիկ անվտանգություն. ՆԱՏՕ-ի կարեւորությունը» խորագրով դասախոսության մատուցման ժամանակ նա հայտարարել է, թե Հայաստանը դեռ շատ պետք է աշխատի ժողովրդավարական հաստատությունների եւ տնտեսական բարեփոխումների շարունակման ուղղությամբ: Քուրթ Ուոլքերը նշել է նաեւ, որ Սեւծովյան տարածաշրջանի արեւելքում տեղակայված է Վրաստանը, «որը «վարդերի հեղափոխությունից» հետո անցած երկու տարվա ընթացքում հսկայական առաջընթացի է հասել, սակայն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել